пятница, 9 декабря 2011 г.

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Կապանի ավագանին կունենա գոնե մեկ կին թեկնածու

Տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա պատմության ընթացքում Կապանի քաղաքապետի նույնիսկ թեկնածուների մեջ կին չի եղել: Իսկ ավագանու անդամի համար տարբեր ժամանակներում առաջադրված 2-3 կանանցից հաջողվել է ընտրվել միայն մեկին` Ռիտա Դավթյանին: Կապանի ներկայիս ավագանու 11 անդամներն էլ տղամարդիկ են:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ երկու տարի առաջ հիմնադրված եւ գործող “Կապանի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ն որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում իրենց շարքերից ունենալ կին թեկնածու եւ սատարել նրան: Թե որ կուսակցությունից կլինի թեկնածուն, կամ թե կլինի անկուսակցական, առայժմ հայտնի չէ: Սա կազմակերպության եկող տարվա գլխավոր խնդիրներից մեկն է, քանի որ նրանց հիմնական նպատակը տարածաշրջանում կանանց դերի բարձրացումն է, նրանց մասնակցության ակտիվացումը գործարարության, զբոսաշրջության եւ քաղաքականության ոլորտներում:

2012-ին “Կապանի կանանց ռեսուրս կենտրոն”-ը “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ հետ համատեղ դպրոցականների համար կկազմակերպի նաեւ դասընթացներ՝ տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Նաեւ փորձ կարվի ստեղծել բանավեճի ակումբ, որի ակտիվ մասնակիցները կլինեն Կապանում գործող բուհերի ուսանողները:

Ամփոփելով երկու տարվա աշխատանքը, կազմակերպության նորընտիր նախագահ Քրիստինե Սաղաթելյանն իրենց գործունեության արդյունքում ամենակարեւոր ձեռքբերումը համարում է տարածաշրջանի 25 կանանց աշխատանքով ապահովելը:

Անցած ժամանակահատվածում 895 շահառու ունեցող կազմակերպությունն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց նպատակը եղել է կանանց իրազեկման մակարդակի բարձրացումը, աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը, ունեցած հմտությունների զարգացումը ձեռագործի ոլորտում եւ օժանդակումը նոր սպառման շուկա գտնելու գործում:

Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հյուպատոսարանների հետ կազմակերպության ունեցած փոխշահավետ համագործակցության արդյունքում վաճառվել են կազմակերպության շահառու 115 կանանց ձեռքի աշխատանքներ:

Սյունիքում բացի մարզկենտրոնից, կանանց ռեսուրս կենտրոններ գործում են նաեւ Մեղրի եւ Գորիս քաղաքներում:

Գոհար Իսախանյան, Կապան

четверг, 3 ноября 2011 г.

Իսկ ե՞րբ է լուծվելու Շաքիի ջրվեժի խնդիրը


Բոլորի պես սյունեցիները եւս ուրախությամբ ընդունեցին Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի ռեժիմ տալու մասին կառավարության այսօրվա որոշումը: Սակայն միաժամանակ նրանցից յուրաքանչյուրի մեջ կրկին գլուխ բարձրացրեց ցավոտ հարցը` իսկ ե՞րբ է լուծվելու Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը:

Ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր կարելի է ասել չկա: Շաքիի ջրերը միշտ էլ օգտագործվել եւ օգտագործվում են թե հիդրոէներգետիկ, թե գյուղատնտեսական, թե’ կենցաղային եւ այլ նպատակներով: Սակայն վերջին տարիներին ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը եւ այն որպես այդպիսին չի գործում:

Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ցանկապատված է ամբողջովին, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը ջրվեժի մոտ: Խնդրի լուծման իր յուրօրինակ տարբերակն ունի ջրվեժի ճակատագիրը տնօրինող “Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ”-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

“Հավաստիացնում եմ, որ չի լինի մեկը, որ ուզենա տեսնի Շաքիի ջրվեժը, որեւէ դժվարարություն առաջանա: Այցելուները կարող են զանգահարել ինձ եւ խնդիրը կլուծվի: 15-30 րոպեով մասնակիորեն կդադարեցվի ՀԷԿ-ի աշխատանքը, կփակվի փականներից մեկը, ջրերը բաց կթողնվեն եւ ջրվեժը կստանա իր տեսքը”, - ասում է նա եւ հավելում, որ ինքը ջրվեժի շուրջօրյա գործելու իմաստը չի տեսնում, որ այդ դեպքում ջուրն անիմաստ է թափվում…

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 28 октября 2011 г.

Ճոպանուղին կմնա առանց ջրի

Տաթեւի բնակիչների սպասելիքներն աշխարհի ամենաերկար ճոպանուղուց ավելին էին, քան ունեցել են մեկ տարվա ընթացքում: “Գյուղից մի քանի ընտանիքներ ամռան ամիսներին հյուրընկալելով զբոսաշրջիկների` որոշակի եկամուտներ ունեցել են, սակայն դա դեռեւս շոշափելի արդյունք չի կարելի համարել համայնքի համար”,- ասում է գյուղապետ Մուրադ Սիմոնյանը: Բայց գյուղացիները լավատես են եւ հույս ունեն, որ առաջիկա տարիներին գյուղն իրոք կդառնա զբոսաշրջության կենտրոն:

Ներկայում Տաթեւում լուծվում են այնպիսի խնդիրներ, որոնք խիստ անհրաժեշտ են զբոսաշրջության զարգացման համար: Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում գյուղի շուրջօրյա ջրամատակարարման ապահովման համար, ինչին խանգարում է 45-50 տարվա վաղեմություն ունեցող, արդեն մաշված ջրագծի ներքին ցանցը, որտեղ ջրի կորուստները մեծ չափերի են հասնում: Հարկավոր է փոխել մոտ 600 գծամետր երկարության խողովակաշար, եւ խնդիրը կլուծվի:

Քանի որ նույն ջրագծից օգտվում է նաեւ ճոպանուղին, գյուղապետը դիմել է նրանց` աջակցելու խնդրի լուծմանը` տրամադրելու պոլիէթիլենային խողովակներ: Սակայն խնդրանքը մերժվել է: Նման վերաբերմունքից հետո գյուղապետը որոշել է այլեւս ջուր չտալ նրանց: Իսկ գյուղի շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը, գյուղապետի հավաստմամբ, անպայման կլուծվի, որին կաջակցի մարզպետը:

Առաջիկայում Տաթեւում նախատեսել են ավարտին հասցնել նաեւ գյուղի կոյուղատարի կառուցման աշխատանքները, որի արդյունքում գյուղի բոլոր 250 տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվելու կոյուղագծից:

Գոհար Իսախանյան, Կապան

среда, 19 октября 2011 г.

Կապանում դարձյալ ուրան են որոնում

Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր, Փուխրուտ եւ Կաթնառատ գյուղերից ոչ հեռու, հենց այս սարերում, մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո արդեն մի քանի օր է վերսկսվել են ուրանի որոնողական աշխատանքները:

“Իրականացնում ենք երկրաբանահետախուզական աշխատանքներ, ինչը ոչ մի տեսակի էկոլոգիական խնդիրներ չի առաջացնում: Սա շարունակությունն է նախորդ տարվա կիսատ մնացած նախագծի, որը կտեւի մեկ ամիս: Աշխատանքները կատարվում են հին տարածքներում, նոր տարածքներում դրանք նախատեսված չեն”, - ասաց աշխատանքներն իրականացնող “ԱԲՎԱՆ” ՍՊԸ-ի նախագահ Յուրա Գեւորգյանը:

Առայժմ ամեն ինչ կատարվում է ձեռքով, սակայն ընկերության նախագահի հավաստմամբ, առաջիկայում այստեղ կբերվի նաեւ համապատասխան տեխնիկա` հորատման աշխատանքների համար: Աշխատողների թիվը կավելացվի` ներկայիս երեքի փոխարեն կհասցվի տասի: Աշխատանքների ավարտից հետո ընկերությունը հաշվետվություն կներկայացնի համապատասխան մարմիններին եւ սրանով այս տարվա ծրագիրը կավարտվի:

Իսկ թե ինչ կլինի հետագայում, առայժմ պարզ չէ: Սակայն հայտնի է, որ “Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն” ՓԲԸ-ի ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչեւ 2014 թ. է: Այդ կազմակերպության բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ “Ռոսատոմը”:

Ուրանի որոնողական աշխատանքների վերսկսումը դարձյալ մտահոգել է տարածաշրջանի բնակչությանը: Ինչպես հայտնի է, անցած տարի բնակիչները կազմակերպել են ստորագրահավաք` ուրանի ծրագրի դեմ, որին մասնակցել է 13 հազար 850 մարդ, անցկացվել է բազմամարդ ցույց: Իսկ տարեվերջին “Կապանի տարածաշրջանի զարգացման” հիմնադրամի եւ “Ազատամարտ” կոմիտեի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակին ի պատասխան ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կազմակերպություններին հասցեագրած նամակում մասնավորապես նշել էր. «2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Այդտեղ ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել: Քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել հանքավայրի շահագործման ծրագիր»:

Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 17 октября 2011 г.

Հրաչյա Ավանեսյանի համերգը Կապանում

Վերջին անգամ 2001-ին Կապան այցելած ճանաչված ջութակահար Հրաչյա Ավանեսյանը երեկ կրկին հարազատ քաղաքում էր: Միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, Բելգիայում բնակվող հայազգի ջութակահարը ծնվել է Գյումրիում, իսկ նրա հայրը` Սամվել Ավանեսյանը ծնվել եւ մեծացել է Կապանում, սովորել քաղաքի երաժշտական ուսումնարանում:

“Ութ տարվա ընդմիջումից հետո եկել եմ Երեւան համերգների, իսկ Կապան գալս պլանավորված չէր, պարզապես այսօր ազատ էի, որոշեցի այցելել հարազատներիս, բարեկամներիս, հանդիպել կապանցիների հետ եւ երկարատեւ ընդմիջումից հետո նորից տեսնել Կապանը: Հիշում եմ, երբ փոքր էի, ամեն տարի գալիս էի”, - Կապանի արվեստի քոլեջի դահլիճում կապանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Ավանեսյանը:

Նախքան համերգը ջութակահարը պատասխանեց կապանցի հանդիսատեսի հարցերին: Պատմեց հետաքրքիր դեպք իր կյանքից, ասաց, որ ազատ ժամերին շատ է սիրում հոր հետ շախմատ խաղալ, հետաքրքվում է նաեւ ոչ դասական երաժշտությամբ, տիրապետում է 5 լեզուների եւ այլն: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նա ասաց, որ մինչեւ տարեվերջ համերգներով հանդես կգա Դանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում:

Հ. Ավանեսյանի խոսքով, մոտ ժամանակներս ինքը կստանա Բելգիայի քաղաքացիություն, սակայն չի պատրաստվում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Հարց ու պատասխանից հետո կապանցիները բախտ ունեցան ունկնդրելու ճանաչված ջութակահարի մի քանի կատարումներ` Ստրադիվարիուսի պատրաստած Piatti ջութակով, որով մի ժամանակ նվագել է լեգենդար Նիկոլո Պագանինին, իսկ Ֆրից Կրեյսլերը մի նշանավոր ձայնագրության ժամանակ նվագել է այդ ջութակով:

Կապանում կայացած փոքրիկ համերգի ժամանակ Հ. Ավանեսյանին նվագակցել են չորս տարբեր դաշնակահարներ` Կապանի արվեստի քոլեջի ուսուցիչներ ու շրջանավարտներ, որոնց համար դա իրոք մեծ պատիվ էր: Ի դեպ` Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճը, որտեղ կազմակերպված էր հանդիպումը, հենց այն նույն դահլիճն է, որտեղ առաջին անգամ 9 տարեկան հասակում կայացել է Հրաչյա Ավանեսյանի առաջին մենահամերգը: Հանդիպման ավարտին Հրաչյան խոստացավ, որ այսուհետ հաճախակի կլինի Կապանում:

Գոհար Իսախանյան, Կապան

суббота, 17 сентября 2011 г.

Հիշում են զոհված գործընկերներին


Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի (ներկայիս “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ) 100-ից ավելի աշխատակիցներ մասնակցել են Արցախյան պատերազմին: Նրանցից 5-ը` Ալեքսան Փարսյանը, Լյուդվիգ Ստեփանյանը, Հարություն Բալայանը, Արմեն Վարդանյանն ու Գառնիկ Սահակյանն իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին: Զոհված գործընկերներին չեն մոռանում ընկերությունում` նրանց նկարներն այսօր էլ փակցված են ձեռնարկության մուտքի պատին: Զոհված ազատամարտիկների հիշատակին, անկախության 20-ամյակի առիթով կոմբինատի կոլեկտիվն առաջին անգամ կազմակերպել է ֆուտբոլային հուշամրցաշար, որը կդառնա ավանդական` շրջանցիկ գավաթով: Հուշամրցաշարի 10 օրերին Նորաշենիկ գյուղի մարզադաշտում իրենց ուժերը կչափեն ձեռնարկության առանձին բաժինները ներկայացնող 7 թիմեր, որոնք կրում են զոհված հինգ ազատամարտիկների, նաեւ Մովսես Գորգիսյանի ու Մոնթե Մելքոնյանի անունները: Հուշամրցաշարի հաղթող թիմի եւ լավագույն ճանաչված խաղացողի համար սահմանված են մրցանակներ: Հուշամրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա էին “Դինո գոլդ մայնինգ քամփնի”-ի ղեկավարությունը, հրավիրված էին զոհված ազատամարտիկների այրիները, հարազատները, որոնց խոսքերով կոմբինատը միշտ էլ ուշադիր է եղել իրենց նկատմամբ, աջակցել եւ աջակցում է նյութապես:

Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 5 сентября 2011 г.

Հատիկը ծլել է հասկի մեջ

Դեռեւս մեկ ամիս առաջ շինուհայրցիները վստահ էին, որ այս տարի լավ բերք են ունենալու: Ինչ-ինչ, սակայն հացահատիկի լավ բերքի մասին կասկածներ անգամ չունեին: Բայց օգոստոսի կեսերից մարզում սկսված անընդմեջ անձրեւները թույլ չտվեցին գյուղացուն ժամանակին հավաքելու բերքը եւ գերխոնավության պատճառով հատիկը ծլեց հասկի մեջ` դառնալով ոչ պիտանի եւ որպես սերմացու, եւ որպես ալյուրի հումք:

“Այս տարի գյուղում կատարվել էր հացահատիկի 520 հա ցանքս: Գյուղացին հասցրել էր հնձել միայն 50 հա-ը, մնացածը փչացել է: Անասնակերից բացի, ուրիշ այլ նպատակով բերքը օգտագործել չի լինի”, - ասում է Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը:

Նույն վիճակում են հայտնվել նաեւ Սիսիանի եւ Գորիսի բարձրադիր գոտիների որոշ համայնքների մոտ 700 հա ցանքսեր: Հատկապես մեծ կորուստներ են կրել մարզի Հարժիս, Հալիձոր, Տաթեւ, Դավիթբեկ համայնքները:

Մասնագետների կարծիքով, այս համայնքներում բերքի կորուստը կազմել է 20-30 տոկոս: Բացի դրանից, կախված հատիկի որակից 15-20 դրամով էլ կընկնի բերքի ապրանքային գինը: Մինչդեռ տուժած ցանքսից 30 հա-ը կատարվել է կառավարության կողմից տրամադրված էլիտար սերմացուով, որի դիմաց գյուղացին, ըստ կնքած պայմանագրի, պետք է ետ վերադարձնի յուրաքանչյուր կլիգրամի դիմաց կրկնակի չափով:

“Բարեբախտաբար, մարզի որոշ ֆերմերների հաջողվել է լավ բերք ստանալ եւ ունեն առաջին վերարտադրության սերմացուի ավելցուկ: Տուժած ֆերմերները կարող են պետությանը hետ վերադարձվելիք սերմացուն ձեռք բերել նրանցից”, - ասում է մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը:

Գոհար Իսախանյան, Կապան

четверг, 1 сентября 2011 г.

Օրանժ Արմենիան Քաջարանում

Քաջարանի նման փոքր քաղաքում ամեն մի իրադարձություն վեր է ածվում տոնի: Բացառություն չեղավ Օրանժ Արմենիա բջջային օպերատորի սպասարկման հանրապետությունում թվով 76-րդ կետի բացումը քաղաքում, որին ներկա էր ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը մեծ թիվ էին կազմում քաջարանցի երեխաները, որոնց համար անցկացվեց խաղ-մրցույթ:
Քաջարանի Օրանժ Արմենիա-ի նորաբաց խանութում, որտեղ կաշխատեն երկու հոգի, քաջարանցիները հնարավորություն են ունենալու օգտվելու օպերատորի մատուցած ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետային բոլոր ծառայություններից, նաեւ ձեռք բերելու հեռախոսներ եւ այլ պարագաներ:
“Մեր նպատակն է այստեղ մատուցել տեխնիկական եւ սպասարկման նույն բարձր որակի ծառայություններ, ինչպես հանրապետության մյուս տարածքներում”, - ասաց Բ.Դյութուան:
Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրենը գոհ է օպերատորի բաժանորդների թվից, հանրապետությունում այն արդեն 600 հազար է, ինչը համապատասխանում է իրենց ծրագրերին: Իսկ այս ամռանը մեծ թվով բաժանորդներ օգտվել են օպերատորի մատուցած ռոմինգ ծառայությունից թե հարեւան երկրներում, եւ թե Եվրոպայում: Այս տարի Օրանժ Արմենիա-ն մեծ ներդրումներ է կատարել Սյունիքում, ինչի շնորհիվ կապը հասանելի է անգամ մարզի ճանապարհների ամենաբարդ հատվածներում:
Բայց, ինչպես հավաստիացնում է գլխավոր տնօրենը, դրանով չեն սահմանապակվելու, ծառայության որակի բարձրացմանն ուղղված ներդրումները շարունակվելու են:
Գոհար Իսախանյան, Կապան

Սյունիքում ավելացել է մանկապարտեզի սաների թիվը

Սյունիքի մարզում աճել է նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների թիվը: Մասնավորապես Կապանում այն ավելացել է մոտ 100-ով: “Նոր ուսումնական տարում երեխաների թվի ավելացման պատճառով նոր խումբ է ձեւավորվել քաղաքի թիվ 7 մանկապարտեզում: Երեխաների թվի զգալի աճ կա նաեւ թիվ 4 ու 6 մանկապարտեզներում, որտեղ եւս հնարավոր է նոր խմբեր բացվեն: Իսկ մյուս մանկապարտեզներում խմբերը հագեցած են”, - ասում է քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը:
Նախակրթարաններում նոր խմբերի բացվելուց առաջ Կապանի քաղաքապետարանի կողմից նորոգվում, ժամանակակից տեսքի է բերվում խմբասենյակը, այն հագեցվում է նոր գույքով: Մինչեւ տարեվերջ Կապանում մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների կողմից վճարվող գումարներն առայժմ կմնան անփոփոխ` 4 հազար դրամ մեկ երեխայի համար: Սակայն գործում են զեղչեր զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:
“Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ խոստացել է դրամական աջակցություն քաղաքի բոլոր 13 մանկապարտեզներին: Այս տարի ընկերությունը կաջակցի նաեւ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի լոկալ ջեռուցման ցանցի կառուցման աշխատանքներին` տրամադրելով 2 մլն դրամ: Եվս 6 մլն դրամ կտրամադրի քաղաքապետարանը:
Արդյունքում քաղաքի 13 մանկապարտեզներից 12-ը կունենա ջեռուցման համակարգ: Իսկ թիվ 2 մանկապարտեզի ջեռուցման խնդիրը կլուծվի հաջորդ տարի: Իսկ մինչ այդ մանկապարտեզին քաղաքապետարանը կապահովվի վառելափայտով եւ այն այս տարի եւս նախորդ տարիների պես կջեռուցվի ավանադական եղանակով` վառարաններով:
Այս ուսումնական տարում Սյունիքում կավելանա նաեւ նախակրթարանների թիվը: Նախատեսվում է Սյունիքի 7 գյուղական համայնքների դպրոցներին կից բացել մանկապարտեզի ավագ խմբեր:
Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 29 августа 2011 г.

Կապանում կուսանեն մայրաքաղաքի երեխաները

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ գալիք ուսումնական տարվանից Կապանում կգործի ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա: Այս մասին դեռեւս հունիսի 29-ին Սյունիք կատարած այցի ժամանակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստորագրել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ու Սյունիքի մարզպետարանի միջեւ համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն:
Նորաբաց գիմնազիայի 1-4-րդ դասարաններում սովորող աշակերտները ռուսաց լեզուն կուսումնասիրեն խորացված ուսուցմամբ, իսկ 5-րդ դասարանից ռուսախոս աշակերտների համար, օրենքով սահմանված կարգով, կբացվեն համապատասխան դասարաններ:
Կապանի ռուսական գիմնազիայի համար տրամադրվել է քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը, որտեղ ներկայում ընթանում են նորոգման աշխատանքներ: Այդ պատճառով էլ հնարավոր է գիմնազիայում դասերը մեկնարկեն ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ մի փոքր ուշացումով` սեպտեմբերի 15-ից:
Ինչպես շինաշխատանքները, այնպես էլ դպրոցի կահավորումը գույքով, համակարգչային տեխնիկայով եւ մնացած այլ պարագաներով կատարվելու է դեսպանատան տրամադրած միջոցներով:
Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը հավաստաիցնում է, որ կադրերի խնդիր չկա, դրանք կհամալրվեն տեղացի մասնագետներով: Իսկ ռուսական գիմնազիայում, որը նորություն է ոչ միայն Սյունիքում, այլեւ հանրապետությունում, սովորելու համար արդեն ստացվել է 25 դիմում հանրապետության տարբեր վայրերից` այդ թվում նաեւ մայրաքաղաքից:
Գոհար Իսախանյան, Կապան

воскресенье, 21 августа 2011 г.

Վերաբացվեց Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Մեծ հանդիսավորությամբ այսօր վերաբացվեց Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի' 1700թ. կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վերականգնվել է Ֆրանսիական «Երկիր մշակույթ» կազմակերպության կողմից: Սուրբ Աստվածածինը երրորդ եկեղեցին է, որ Հայաստանում վերականգնում է «Երկիր մշակույթ» կազմակերպությունը: Առաջինը Սպիտակի Գոգարան գյուղի եկեղեցին էր, որը վերաբացվել է 1996թ-ին, դրանից մեկ տարի անց ավարտվել է Տաթեւի Սուրբ Մինաս եկեղեցու վերականգնումը:
«Վերականգնելու նպատակով չորս տարի առաջ ընտրվեց նաեւ Եղվարդի եկեղեցին, քանի որ գյուղացիները դա շատ էին ցանկանում: Բացի դրանից, այստեղ է գտնվում Թորոս իշխանի գերեզմանը, ով մեր պատմության համար անհայտ մարդ չէ: Այսօր մենք շատ գոհ ենք», - «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երկիր մշակույթ» կազմակերպության նախագահ Գեղամ Գեւոնյանը:
Նորաբաց եկեղեցում Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գալուստ վարդապետ Դարբինյանը կատարեց անդաստանի օրհնություն: Եկեղեցու բակում կազմակերպվեց ծառատունկ' տնկվեցին խորհրդանշական նռնենիներ: Փոքրիկ համերգով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի երգի, պարի խմբերը, իսկ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ներկայացրեց մի հատված Նարեկացու եւ Կոմիտասի մոտիվներով բեմադրված «Ծիրանի ծառ» ներկայացումից: Համերգի ավարտից հետո գյուղում սկսվեց տոնախմբություն: Այսօր նախատեսված էր նաեւ նորաբաց Սբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը, ինչը, սակայն, հետաձգվեց բարձրաստիճան հոգեւորականների բացակայության պատճառով, քանի որ միայն նրանց է վերապահված այդ սուրբ պարտականությունը: Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնող ճարտարապետներն են Լեւոն Վասիլյանն ու Ստեփան Նալբանդյանը: Վերականգնողական աշխատանքների ընթացքում շինարարներին աջակցել են համագյուղացիներն ու սփյուռքահայ կամավորներ' աշխարհի տարբեր երկրներից:

суббота, 20 августа 2011 г.

Հովանավորների աջակցությանը սպասելով

Վերջապես այս տարի կառավարությունը պետբյուջեի պահուստային ֆոնդից 105 մլն դրամ է տրամադրել Կապանի Ռաֆայել Մինասյան փողոցի հիմնանորոգման ու ասֆալտապատման համար, ինչը չի արվել տասնյակ տարիներ ի վեր: Այդ փողոցը քաղաքի ծայրամասային Կավարտ թաղամաս տանող 2,5 կմ-ոց ճանապարհի մի հատվածն է, որն առավել դժվարանցանելի էր դարձել մեքենաների համար:
Շինաշխատանքների կատարման նպատակով մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Կապանի ճանշին ձեռնարկությունը եւ պարտավորվել 99 մլն 600 հազ. դրամով իրականացնել ծրագիրը: Ճանապարհի նորոգումը սկսվել է հուլիսի 1-ից եւ նախատեսված է ավարտել սեպտեմբերին:
Սակայն կատարելով աշխատանքների զգալի մասը` ասֆալտապատելով 700 մ ճանապարհահատված եւ ծախսելով 75 մլն դրամ, շինարարներն արդեն մեկ ամիս է հայտնվել են հարկադիր պարապուրդի մեջ: “Աշխատանքները դադարեցվել են, քանի որ մասնագիտական խնդիրներ են առաջացել”, - ասում է մարզպետարանի քաղաքաշինության եւ տրանսպորտի վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը:
Բանն այն է, որ 8-9 մ լայնություն ունեցող ճանապարհը, քաղաքապետարանի առաջարկությամբ, որոշվել է նորոգել 7 մ լայնքով` նախատեսվածից ավելի երկար ճանապարհահատված ասֆալտապատելու համար: Սակայն ճանապարհի որոշակի թեքությունների վրա միայն շինարարներին պարզ է դարձել, որ հորդառատ անձրեւների ժամանակ այդ կերպ ասֆալտը պաշտպանել հեղեղումներից հնարավոր չէ, ու այն երկար կյանք ունենալ չի կարող: Որոշվել է աշխատանքները դադարեցնել եւ ասֆալտապատել ճանապարհի եզրերը եւս: Սակայն ասֆալտը վերջնական տեսքի բերելու եւ որակյալ աշխատանքի համար, ըստ քաղաքաշինության վարչության պետի, անհրաժեշտ է եւս 16 մլն դրամ, ինչը ակնկալում են հովանավորներից:
Առայժմ անհրաժեշտ գումարը չկա, չեն աշխատում ճանապարհաշինարարները: Իսկ թե երբ հավանավորները կցանկանան գումարներ տրամադրել, արդյոք կտրամադրեն թե ոչ, հայտնի չէ: Սակայն Կավարտ թաղամասի բնակիչները հույսները չեն կտրում, չնայած նրանց միակ հավատ ներշնչողը շինհրապարակից չտեղափոխված ասֆալտապատող տեխնիկան է, որը սակայն համառորեն շարունակում է լռել` հարկադիր պարապուրդի պատճառով:


Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 8 августа 2011 г.

Դարձյալ տուժողները բնակիչներն են

Երբ Կապան քաղաքի ծայրամասային, անհատական տներ ունեցող Բարաբաթում թաղամասի բնակիչներն իմացան, որ Ասիական զարգաման բանկի դրամաշնորհով փոխվելու է նաեւ իրենց խմելու ջրի ներքին ցանցը, անսահման ուրախացան, քանի որ ոչ թե օրերով, այլ ամռան ամիսներին պատահում էր նաեւ շաբաթներով, ջուր չէին ունենում: Պատճառը, ըստ պատասխանատուների, ջրատարի ներքին ցանցի մաշվածությունն էր, որտեղ ջրի կորուստները կազմում էին ավելի քան 95 տոկոս:
Սակայն թաղամասի որոշ բնակիչների ուրախությունը երկար չտեւեց: Պարզվեց, որ խողովակների անցկացման համար քանդելով ասֆալտը, աշխատանքներն իրականացնող “Արարատ-Տրեստ”-ը չի պատրաստվում վերականգնել այն` պատճառաբանելով, որ նախագծով նախատեսված է վերականգնել միայն պետության կողմից ասֆալտապատված ճանապարհահատվածները, իսկ թաղամասի բնակիչների սուղ միջոցներով տարիներ առաջա կատարված ասֆալտը քանդելուց հետո այդպես էլ կմնա:
Դեռ բնակիչների ու աշխատանքներն իրականացնողների միջեւ հակասությունը չէր հարթվել, երբ տեղաց անձրեւը եւ բառիս բուն իմաստով անհնար դարձրեց թաղամասում եւ մարդկանց, եւ մեքենաների տեղաշարժը:
“Էս ինչ վիճակ է, անհրաժեշտության դեպքում անգամ շտապ օգնության մեքենան չի կարող հասնել հիվանդին: Չոր եղանակներին էլ մեքենաների տեղաշարժից փոշու ձեռն ենք կրակն ընկնելու”, - ասում է տիկին Մարիետան:
“Ջուրը կարեւոր է, բայց ճանապարհը հո երկրորդակա՞ն չէ: Հիմա ոնց ենք ապրելու: Իբրեւ խնդիրները քիչ էին, հիմա էլ սա: Գոնե ուրախ էինք, որ լավ ճանապարհ ունենք, թե չէ էսքան տարի է էդպես էլ չիմացանք քաղաքի թաղամաս ենք, թե գյուղ: Եթե քաղաքի կարգավիճակում ենք, բա ինչի կոյուղի, փողոցային լուսավորություն չունենք, աղբահանություն չի իրականացվում: Ամբողջ թաղամասում մի խանութ էլ չկա, նման մի բան կա, օրվա մեջ մի անգամ հաց է ստանում, ուրիշ ոչինչ: Տրանսպորտի մասին խոսելն ավելորդ է: Շաբաթական հինգ օր օրական մեկ անգամ ավտոբուսը մեկ չվերթ է կատարում թաղամաս, փախադրավարձն էլ կրկնակի է` քաղաքի հասարակական տրանսպորտի համեմատ… Է~, էնքան ասելու բան կա”, - բողոքում է 75-ամյա մի քաղաքացի, ով ներկայանալ չցանկացավ:
Անելանելի վիճակում հայտնված բարաբաթումցիները դիմել են քաղաքապետարան` հուսալով, որ գոնե այս հարցում կօգնեն իրենց: Հավելենք, որ Բարաբաթում թաղամասն ունի 265 մշտական բնակիչ, իսկ ամռանն այդ թիվը զգալիորեն աճում է:
Գոհար Իսախանյան, Կապան

суббота, 6 августа 2011 г.

Քրիստոնեական ճամբար երեխաների համար


 
“Վորլդ Վիժն” - Հայաստան բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակի շնորհիվ ամեն տարի այս օրերին տարածաշրջանի 21 գյուղական համայնքների եւ Կապան քաղաքի ծայրամասային թաղամասերի 10-12 տարեկան 160 երեխա հնարավորություն ունի 11 օր շարունակ հնագստանալու Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կազմակերպվող “Ծիածան” ամառային քրիստոնեական ճամբարում:

Երեխաներն այստեղ սնվում են օրական 4 անգամ: “Վորլդ Վիժնը” նրանց ապահովել է հագուստով, գլխարկներով ու կոշիկներով: “Կազմակերպելով երեխաների հանգիստը, մենք շատ ենք կարեւորում նրանց քրիստոնեական դաստիարակությունը եւ ամեն օր անցկացնում ենք հոգեւոր դաս` ճեմարանի երկու ուսանողների աջակցությամբ: Սա շատ կարեւոր է երեխաների հոգեւոր ճիշտ դաստիարակության, կրթության եւ մտածելակերպի համար: Անցկացնում ենք նաեւ ձեռքի աշխատանքի ժամեր, որոնց ընթացքում հոգեւոր դասաժամերին ստացած գիտելիքները երեխաները փոխանցում են թղթին` նկարում են, աշխատում են պլաստիլինով եւ այլն: Ուշադրություն ենք դարձնում նաեւ երեխաների ուրախ ժամանցի կազմակերպմանը: Անցկացնում ենք մրցույթներ, խաղեր, վիկտորինաներ, կազմակերպում էքսկուրսիաներ, երեխաները լողանում են լողավազանում,  իսկ օրը եզրափակում ենք երեկոյան դիսկոտեկով”, - ասում է ճամբարի պատասխանատու Անուշ Մեժլումյանը:

11-ամյա Օլգա Եվանգուլյանը Եղեգ գյուղից է: Նա երկրորդ տարին է հաճախում է այս ճամբար: “Այստեղ օրերը շատ հետաքրքիր են անցնում, հատկապես հետաքրքիր են հոգեւր դասերը, որոնց ընթացքում սովորում ենք աղոթել ճաշից առաջ եւ հետո, սովորում ենք ճիշտ խաչակնքվել, լսում ենք պատմություններ Աստվածաշնչից: Գնալով տուն ես այս գիտելիքներս փոխանցում եմ ընկերներիս”, - ասում է Օլգան, ով արդեն որոշել է, որ եկող տարի նույնպես գալու է ճամբար:

Կապանի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակի ղեկավար Սերգեյ Արզումանյանի խոսքով սա “Վորլդ Վիժն” - Հայաստանի կողմից իրականացվող կարեւոր ծրագրերից է, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի շատ երեխաներ ընդգրկելու եւ բացի դրանից, ճամբարը մեծ դրական ազդեցություն է թողնում երեխայի կյանքում: Հաշվի առնելով դրանք, կազմակերպությունը որոշել է նման ծրագիր իրականացնել հանրապետության ողջ տարածքում եւ որպես հովանավորներ ներգրավելու նաեւ տեղացի գործարարներին:
Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 5 августа 2011 г.

Բացօթյա կինոփառատոնը մեկնարկել է

Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բացօթյա կինոդահլիճում մինչ այժմ կազմակերպվել են մանկական միջոցառումներ: Սակայն երեկ երեկոյան այստեղ երիտասարդների համար մեկնարկեց  4-օրյա բացօթյա կինոփառատոնը, որը Կապանում անցկացվում է առաջին անգամ: Փառատոնը նախաձեռնել է “Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը”` ամերիկյան “Խաղաղության կորպուսի” կամավորների, “Բազիլիո” ՍՊԸ-ի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի աջակցությամբ: “Կապանցի երիտասարդները հաճախ են բողոքում, որ մեր քաղաքում ժամանցի վայրեր չկան, արձակուրդները հետաքրքիր չեն անցնում: Դրա համար էլ որոշեցինք կազմակերպել այս փառատոնը: Եթե իրոք, այն հետաքրքրի երիտասարդներին, մենք ամեն ինչ կանենք, միջոցառումը ամենամյա դարձնելու համար”, - ասում է հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 4-7-ը, որի ընթացքում նախատեսված է հանդիսատեսին ներկայացնել  չորս ֆիլմ: Առաջին օրը ցուցադրվեց “Երեւակայողները” ֆիլմը: Իսկ այսօր եւ հետագա օրերին հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու “Փարիզ, ես քեզ սիրում եմ”, “Կեր, աղոթիր, սիրիր” եւ “Հիտլեր կապուտ” ֆիլմերը: “Բացօթյա կինոփառատոնի մտահղացումը ինձ շատ դուր եկավ, այս միջոցառումն արդեն իսկ մյուսների նման չէ: Որոշել եմ դիտել բոլոր ֆիլմերը, իսկ վերջում արդեն կունենամ իմ կարծիքը: Հուսով եմ, այն դրական կլինի”, - ասում է պետհամալսարանի կապանցի ուսանող Աշոտը, ով փառատոն էր եկել իր ընկերուհու հետ: Իսկ ընկերուհիների հետ փառատոնի եկած Կապանի արվեստի քոլեջի ուսանողուհի Անահիտն ասում է. “Ցերեկվա շոգից հետո շատ հաճելի է այսպես` բացօթյա ֆիլմ դիտելը: Նախ հով է, եւ երկրոդ, կարծում եմ ֆիլմը հետաքրքիր կլինի”: Չնայած կազմակերպիչներն ամեն ինչ արել էին հավուր պատշաճի անցկացնելու փառատոնը, բայց այնուամենայնիվ որոշ տեխնիկական թերություններ եղան: Կարճ ժամանակում դրանք վեացվեցին եւ տրվեց Կապանում աննախադեպ փառատոնի մեկնարկը:

Գոհար Իսախանյան, Կապան