Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բացօթյա կինոդահլիճում մինչ այժմ կազմակերպվել են մանկական միջոցառումներ: Սակայն երեկ երեկոյան այստեղ երիտասարդների համար մեկնարկեց 4-օրյա բացօթյա կինոփառատոնը, որը Կապանում անցկացվում է առաջին անգամ: Փառատոնը նախաձեռնել է “Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը”` ամերիկյան “Խաղաղության կորպուսի” կամավորների, “Բազիլիո” ՍՊԸ-ի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի աջակցությամբ: “Կապանցի երիտասարդները հաճախ են բողոքում, որ մեր քաղաքում ժամանցի վայրեր չկան, արձակուրդները հետաքրքիր չեն անցնում: Դրա համար էլ որոշեցինք կազմակերպել այս փառատոնը: Եթե իրոք, այն հետաքրքրի երիտասարդներին, մենք ամեն ինչ կանենք, միջոցառումը ամենամյա դարձնելու համար”, - ասում է հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 4-7-ը, որի ընթացքում նախատեսված է հանդիսատեսին ներկայացնել չորս ֆիլմ: Առաջին օրը ցուցադրվեց “Երեւակայողները” ֆիլմը: Իսկ այսօր եւ հետագա օրերին հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու “Փարիզ, ես քեզ սիրում եմ”, “Կեր, աղոթիր, սիրիր” եւ “Հիտլեր կապուտ” ֆիլմերը: “Բացօթյա կինոփառատոնի մտահղացումը ինձ շատ դուր եկավ, այս միջոցառումն արդեն իսկ մյուսների նման չէ: Որոշել եմ դիտել բոլոր ֆիլմերը, իսկ վերջում արդեն կունենամ իմ կարծիքը: Հուսով եմ, այն դրական կլինի”, - ասում է պետհամալսարանի կապանցի ուսանող Աշոտը, ով փառատոն էր եկել իր ընկերուհու հետ: Իսկ ընկերուհիների հետ փառատոնի եկած Կապանի արվեստի քոլեջի ուսանողուհի Անահիտն ասում է. “Ցերեկվա շոգից հետո շատ հաճելի է այսպես` բացօթյա ֆիլմ դիտելը: Նախ հով է, եւ երկրոդ, կարծում եմ ֆիլմը հետաքրքիր կլինի”: Չնայած կազմակերպիչներն ամեն ինչ արել էին հավուր պատշաճի անցկացնելու փառատոնը, բայց այնուամենայնիվ որոշ տեխնիկական թերություններ եղան: Կարճ ժամանակում դրանք վեացվեցին եւ տրվեց Կապանում աննախադեպ փառատոնի մեկնարկը:
Գոհար Իսախանյան, Կապան
Комментариев нет:
Отправить комментарий