воскресенье, 4 марта 2012 г.

Տաթեւում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ օդերեւութաբանական կայան

“Ցավալի է, երբ ինձ զանգում է Տաթեւի գյուղապետը եւ ասում, որ վաղը զբոսաշրջիկներ են գալու իրենց գյուղ եւ հետաքրքրվում է, թե գյուղում առաջիկա օրերին ինչ եղանակ է սպասվում, ես նրան պատասխանել չեմ կարողանում: Դրա պատճառն այն է, որ մենք համապատասխան սարքավարումներ եւ կայաններ չունենք այնտեղ: Մինչդեռ զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ ավելի է կարեւորվում այս խնդիրը: Գաղտնիք չէ, որ զբոասաշրջիկի համար շատ կարեւոր է եղանակի տեսության մասին իրազեկվածությունը”, - մտահոգված է ԱԻՆ Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության Սյունիքի մարզում տեղակայված ստորաբաժանման տնօրեն Ժորա Գեւորգյանը:

Նա պատրաստվում է առաջարկություն ներկայացնել նախարարությանը` մարզի գյուղական որոշ համայնքներում, այդ թվում Տաթեւում, նոր կայաններ տեղադրելու համար, որոնք, ի դեպ, նախկինում եղել են:

Ներկայում մարզի տարածքում գործող 5 կայանները շատ քիչ են, քանի որ Սյունիքի եւ բնակլիմայական պայմաններն են բարդ, եւ աշխարհագրական դիրքը: Կապանի, Քաջարանի, Գորիսի, Մեղրիի եւ Սիսիանի օդերեւութաբանական կայաններից բացի, մարզում գործում է նաեւ մեկ հիդրոլոգիական կայան` Որոտանի գետավազանում, այդ թվում 10 հիդրոլոգիական ջրաչափական դիտակետեր` տարբեր գետերի վրա: Այստեղ իրականացվում են հիդրոօդերեւութաբանական երեւույթների, մթնորոլրտի եւ մակերեւութային ջրերի քանակական ցուցանիշների դիտարկումներ: Խնդիր կա նաեւ կայանները համալրել նոր, ժամանակակից սարքավորումներով:

Անցած տարի Հայպետհիդրոմետը մարզին տրամադրել է ավտոմատ հողախորքային նոր սարք, որը հեռակառավարվում է վարչության կողմից եւ մինչեւ մեկ մետր խորության վրա որոշում հողի խորքային ջերմաստիճանը: Կապանի օդերեւութաբանական կայանն ընդգրկված է դիտարկումների պետական հենակետային ցանցում, ինչպես նաեւ ՀՕԿ-ի` համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության, եղանակային տեղեկատվության համակարգում, որտեղ 5 օրվա եղանակի կանխատեսում է ներկայացվում “Աշխարհի քաղաքների կանխատեսումներ” էջում, որից օգտվում են ՀՕԿ-ի անդամ աշխարհի 188 երկրներ:

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 2 марта 2012 г.

Փոքր քաղաքի մեծ հոգսերը

Հայաստանի թերեւս ամենափոքր քաղաքը`Դաստակերտը, 338 բնակիչ ունի, 125 ընտանիք, որի 70 տոկոսը փախստականներ են: Մինչդեռ քաղաքի կարգավիճակ ունեցող այս համայնքը զբաղեցնում է 4 հազ հա-ից ավելի տարածք:

Անցած տարի Դաստակերտում գրանցվել է ծնունդների թվի աճ: Ծնվել է 3 երեխա` մեկով ավել նախորդ տարվանից: Մինչեւ անցած դարի 90-ակաների սկիզբը Դաստակերտում ապրել է երեք հազար մարդ, որոնք աշխատում էին քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատում, որն իր վերջին արտադրանքը թողարկել է 1973-ին: Կոմբինատի փակվելուց հետո, որպեսզի կանխվի բնակչության արտագաղթը, քաղաքում բացվել է բժշկական տեխնիկայի գործարան, որը սակայն 1992 թ-ին սեփականաշնորհումից հետո դադարեց գործել:

Այսօր դաստակերտցիների հիմնական զբաղմունքը քաղաքին ոչ բնորոշ անասնապահությունն ու մեղվաբուծությունն է, իսկ հողագործության համար համայնքը վարելահողեր գրեթե չունի: Փոքր քաղաքի հոգսերը շատ են` քաղաքը արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Դաստակերտ-Սիսիան ճանապարհի ասֆալտապատում, թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքներրի նորոգում, համայնքային կենտրոնի հիմնում, խմելու ջրի ներքին ցանցի նորոգում եւ այլն:

Քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանը համոզված է, որ շուտով գալու է այն օրը, որ Դաստակերտը վերականգնելու է իր երբեմնի արդյունաբերական քաղաքի համբավը, որ լուծվելու են համայնքի բոլոր խնդիրները, որ դաստակերտցիներն ապահովվելու են աշխատանքով եւ ապրելու են բարեկեցիկ, որ համայնքի մանկապարտեզն այլեւս ֆիանանսների սղության պատճառով չի գործելու օրական երկու ժամ:

Քաղաքապետը նման հույսերը կապում է մոտ ապագայում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի կրկին շահագործման հետ: 2007-2011 թթ. “Մոլիբդենի աշխարհ”ՍՊԸ-ն այստեղ իրականացրել է հետախուզական աշխատանքներ եւ մոտ օրերս կանցկացնի հանրային լսումներ` “Դաստակերտի լեռնահարստացման կոմբինատի հիմնումը եւ նրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա” թեմայով: Լեռնահանքային նոր ձեռնարկության աշխատանքներում սկզբնական շրջանում կընդգրկվի 750 մարդ, ինչը կլուծի եւ Դաստակերտի, եւ Սիսիանի տարածաշրջանի բնակչության զբաղվածության խնդիրը: “Այս դեպքում անհամեմատ կավելանա Դաստակերտի բնակչության թիվը, եւ մեր համայնքը արժանի կդառնա քաղաքի իր կոչմանը”, - ասում է քաղաքապետը:

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 9 декабря 2011 г.

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Կապանի ավագանին կունենա գոնե մեկ կին թեկնածու

Տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա պատմության ընթացքում Կապանի քաղաքապետի նույնիսկ թեկնածուների մեջ կին չի եղել: Իսկ ավագանու անդամի համար տարբեր ժամանակներում առաջադրված 2-3 կանանցից հաջողվել է ընտրվել միայն մեկին` Ռիտա Դավթյանին: Կապանի ներկայիս ավագանու 11 անդամներն էլ տղամարդիկ են:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ երկու տարի առաջ հիմնադրված եւ գործող “Կապանի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ն որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում իրենց շարքերից ունենալ կին թեկնածու եւ սատարել նրան: Թե որ կուսակցությունից կլինի թեկնածուն, կամ թե կլինի անկուսակցական, առայժմ հայտնի չէ: Սա կազմակերպության եկող տարվա գլխավոր խնդիրներից մեկն է, քանի որ նրանց հիմնական նպատակը տարածաշրջանում կանանց դերի բարձրացումն է, նրանց մասնակցության ակտիվացումը գործարարության, զբոսաշրջության եւ քաղաքականության ոլորտներում:

2012-ին “Կապանի կանանց ռեսուրս կենտրոն”-ը “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ հետ համատեղ դպրոցականների համար կկազմակերպի նաեւ դասընթացներ՝ տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Նաեւ փորձ կարվի ստեղծել բանավեճի ակումբ, որի ակտիվ մասնակիցները կլինեն Կապանում գործող բուհերի ուսանողները:

Ամփոփելով երկու տարվա աշխատանքը, կազմակերպության նորընտիր նախագահ Քրիստինե Սաղաթելյանն իրենց գործունեության արդյունքում ամենակարեւոր ձեռքբերումը համարում է տարածաշրջանի 25 կանանց աշխատանքով ապահովելը:

Անցած ժամանակահատվածում 895 շահառու ունեցող կազմակերպությունն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց նպատակը եղել է կանանց իրազեկման մակարդակի բարձրացումը, աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը, ունեցած հմտությունների զարգացումը ձեռագործի ոլորտում եւ օժանդակումը նոր սպառման շուկա գտնելու գործում:

Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հյուպատոսարանների հետ կազմակերպության ունեցած փոխշահավետ համագործակցության արդյունքում վաճառվել են կազմակերպության շահառու 115 կանանց ձեռքի աշխատանքներ:

Սյունիքում բացի մարզկենտրոնից, կանանց ռեսուրս կենտրոններ գործում են նաեւ Մեղրի եւ Գորիս քաղաքներում:

Գոհար Իսախանյան, Կապան

четверг, 3 ноября 2011 г.

Իսկ ե՞րբ է լուծվելու Շաքիի ջրվեժի խնդիրը


Բոլորի պես սյունեցիները եւս ուրախությամբ ընդունեցին Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի ռեժիմ տալու մասին կառավարության այսօրվա որոշումը: Սակայն միաժամանակ նրանցից յուրաքանչյուրի մեջ կրկին գլուխ բարձրացրեց ցավոտ հարցը` իսկ ե՞րբ է լուծվելու Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը:

Ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր կարելի է ասել չկա: Շաքիի ջրերը միշտ էլ օգտագործվել եւ օգտագործվում են թե հիդրոէներգետիկ, թե գյուղատնտեսական, թե’ կենցաղային եւ այլ նպատակներով: Սակայն վերջին տարիներին ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը եւ այն որպես այդպիսին չի գործում:

Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ցանկապատված է ամբողջովին, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը ջրվեժի մոտ: Խնդրի լուծման իր յուրօրինակ տարբերակն ունի ջրվեժի ճակատագիրը տնօրինող “Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ”-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

“Հավաստիացնում եմ, որ չի լինի մեկը, որ ուզենա տեսնի Շաքիի ջրվեժը, որեւէ դժվարարություն առաջանա: Այցելուները կարող են զանգահարել ինձ եւ խնդիրը կլուծվի: 15-30 րոպեով մասնակիորեն կդադարեցվի ՀԷԿ-ի աշխատանքը, կփակվի փականներից մեկը, ջրերը բաց կթողնվեն եւ ջրվեժը կստանա իր տեսքը”, - ասում է նա եւ հավելում, որ ինքը ջրվեժի շուրջօրյա գործելու իմաստը չի տեսնում, որ այդ դեպքում ջուրն անիմաստ է թափվում…

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 28 октября 2011 г.

Ճոպանուղին կմնա առանց ջրի

Տաթեւի բնակիչների սպասելիքներն աշխարհի ամենաերկար ճոպանուղուց ավելին էին, քան ունեցել են մեկ տարվա ընթացքում: “Գյուղից մի քանի ընտանիքներ ամռան ամիսներին հյուրընկալելով զբոսաշրջիկների` որոշակի եկամուտներ ունեցել են, սակայն դա դեռեւս շոշափելի արդյունք չի կարելի համարել համայնքի համար”,- ասում է գյուղապետ Մուրադ Սիմոնյանը: Բայց գյուղացիները լավատես են եւ հույս ունեն, որ առաջիկա տարիներին գյուղն իրոք կդառնա զբոսաշրջության կենտրոն:

Ներկայում Տաթեւում լուծվում են այնպիսի խնդիրներ, որոնք խիստ անհրաժեշտ են զբոսաշրջության զարգացման համար: Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում գյուղի շուրջօրյա ջրամատակարարման ապահովման համար, ինչին խանգարում է 45-50 տարվա վաղեմություն ունեցող, արդեն մաշված ջրագծի ներքին ցանցը, որտեղ ջրի կորուստները մեծ չափերի են հասնում: Հարկավոր է փոխել մոտ 600 գծամետր երկարության խողովակաշար, եւ խնդիրը կլուծվի:

Քանի որ նույն ջրագծից օգտվում է նաեւ ճոպանուղին, գյուղապետը դիմել է նրանց` աջակցելու խնդրի լուծմանը` տրամադրելու պոլիէթիլենային խողովակներ: Սակայն խնդրանքը մերժվել է: Նման վերաբերմունքից հետո գյուղապետը որոշել է այլեւս ջուր չտալ նրանց: Իսկ գյուղի շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը, գյուղապետի հավաստմամբ, անպայման կլուծվի, որին կաջակցի մարզպետը:

Առաջիկայում Տաթեւում նախատեսել են ավարտին հասցնել նաեւ գյուղի կոյուղատարի կառուցման աշխատանքները, որի արդյունքում գյուղի բոլոր 250 տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվելու կոյուղագծից:

Գոհար Իսախանյան, Կապան

среда, 19 октября 2011 г.

Կապանում դարձյալ ուրան են որոնում

Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր, Փուխրուտ եւ Կաթնառատ գյուղերից ոչ հեռու, հենց այս սարերում, մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո արդեն մի քանի օր է վերսկսվել են ուրանի որոնողական աշխատանքները:

“Իրականացնում ենք երկրաբանահետախուզական աշխատանքներ, ինչը ոչ մի տեսակի էկոլոգիական խնդիրներ չի առաջացնում: Սա շարունակությունն է նախորդ տարվա կիսատ մնացած նախագծի, որը կտեւի մեկ ամիս: Աշխատանքները կատարվում են հին տարածքներում, նոր տարածքներում դրանք նախատեսված չեն”, - ասաց աշխատանքներն իրականացնող “ԱԲՎԱՆ” ՍՊԸ-ի նախագահ Յուրա Գեւորգյանը:

Առայժմ ամեն ինչ կատարվում է ձեռքով, սակայն ընկերության նախագահի հավաստմամբ, առաջիկայում այստեղ կբերվի նաեւ համապատասխան տեխնիկա` հորատման աշխատանքների համար: Աշխատողների թիվը կավելացվի` ներկայիս երեքի փոխարեն կհասցվի տասի: Աշխատանքների ավարտից հետո ընկերությունը հաշվետվություն կներկայացնի համապատասխան մարմիններին եւ սրանով այս տարվա ծրագիրը կավարտվի:

Իսկ թե ինչ կլինի հետագայում, առայժմ պարզ չէ: Սակայն հայտնի է, որ “Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն” ՓԲԸ-ի ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչեւ 2014 թ. է: Այդ կազմակերպության բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ “Ռոսատոմը”:

Ուրանի որոնողական աշխատանքների վերսկսումը դարձյալ մտահոգել է տարածաշրջանի բնակչությանը: Ինչպես հայտնի է, անցած տարի բնակիչները կազմակերպել են ստորագրահավաք` ուրանի ծրագրի դեմ, որին մասնակցել է 13 հազար 850 մարդ, անցկացվել է բազմամարդ ցույց: Իսկ տարեվերջին “Կապանի տարածաշրջանի զարգացման” հիմնադրամի եւ “Ազատամարտ” կոմիտեի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակին ի պատասխան ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կազմակերպություններին հասցեագրած նամակում մասնավորապես նշել էր. «2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Այդտեղ ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել: Քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել հանքավայրի շահագործման ծրագիր»:

Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 17 октября 2011 г.

Հրաչյա Ավանեսյանի համերգը Կապանում

Վերջին անգամ 2001-ին Կապան այցելած ճանաչված ջութակահար Հրաչյա Ավանեսյանը երեկ կրկին հարազատ քաղաքում էր: Միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, Բելգիայում բնակվող հայազգի ջութակահարը ծնվել է Գյումրիում, իսկ նրա հայրը` Սամվել Ավանեսյանը ծնվել եւ մեծացել է Կապանում, սովորել քաղաքի երաժշտական ուսումնարանում:

“Ութ տարվա ընդմիջումից հետո եկել եմ Երեւան համերգների, իսկ Կապան գալս պլանավորված չէր, պարզապես այսօր ազատ էի, որոշեցի այցելել հարազատներիս, բարեկամներիս, հանդիպել կապանցիների հետ եւ երկարատեւ ընդմիջումից հետո նորից տեսնել Կապանը: Հիշում եմ, երբ փոքր էի, ամեն տարի գալիս էի”, - Կապանի արվեստի քոլեջի դահլիճում կապանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Ավանեսյանը:

Նախքան համերգը ջութակահարը պատասխանեց կապանցի հանդիսատեսի հարցերին: Պատմեց հետաքրքիր դեպք իր կյանքից, ասաց, որ ազատ ժամերին շատ է սիրում հոր հետ շախմատ խաղալ, հետաքրքվում է նաեւ ոչ դասական երաժշտությամբ, տիրապետում է 5 լեզուների եւ այլն: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նա ասաց, որ մինչեւ տարեվերջ համերգներով հանդես կգա Դանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում:

Հ. Ավանեսյանի խոսքով, մոտ ժամանակներս ինքը կստանա Բելգիայի քաղաքացիություն, սակայն չի պատրաստվում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Հարց ու պատասխանից հետո կապանցիները բախտ ունեցան ունկնդրելու ճանաչված ջութակահարի մի քանի կատարումներ` Ստրադիվարիուսի պատրաստած Piatti ջութակով, որով մի ժամանակ նվագել է լեգենդար Նիկոլո Պագանինին, իսկ Ֆրից Կրեյսլերը մի նշանավոր ձայնագրության ժամանակ նվագել է այդ ջութակով:

Կապանում կայացած փոքրիկ համերգի ժամանակ Հ. Ավանեսյանին նվագակցել են չորս տարբեր դաշնակահարներ` Կապանի արվեստի քոլեջի ուսուցիչներ ու շրջանավարտներ, որոնց համար դա իրոք մեծ պատիվ էր: Ի դեպ` Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճը, որտեղ կազմակերպված էր հանդիպումը, հենց այն նույն դահլիճն է, որտեղ առաջին անգամ 9 տարեկան հասակում կայացել է Հրաչյա Ավանեսյանի առաջին մենահամերգը: Հանդիպման ավարտին Հրաչյան խոստացավ, որ այսուհետ հաճախակի կլինի Կապանում:

Գոհար Իսախանյան, Կապան