четверг, 3 ноября 2011 г.

Իսկ ե՞րբ է լուծվելու Շաքիի ջրվեժի խնդիրը


Բոլորի պես սյունեցիները եւս ուրախությամբ ընդունեցին Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի ռեժիմ տալու մասին կառավարության այսօրվա որոշումը: Սակայն միաժամանակ նրանցից յուրաքանչյուրի մեջ կրկին գլուխ բարձրացրեց ցավոտ հարցը` իսկ ե՞րբ է լուծվելու Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը:

Ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր կարելի է ասել չկա: Շաքիի ջրերը միշտ էլ օգտագործվել եւ օգտագործվում են թե հիդրոէներգետիկ, թե գյուղատնտեսական, թե’ կենցաղային եւ այլ նպատակներով: Սակայն վերջին տարիներին ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը եւ այն որպես այդպիսին չի գործում:

Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ցանկապատված է ամբողջովին, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը ջրվեժի մոտ: Խնդրի լուծման իր յուրօրինակ տարբերակն ունի ջրվեժի ճակատագիրը տնօրինող “Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ”-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

“Հավաստիացնում եմ, որ չի լինի մեկը, որ ուզենա տեսնի Շաքիի ջրվեժը, որեւէ դժվարարություն առաջանա: Այցելուները կարող են զանգահարել ինձ եւ խնդիրը կլուծվի: 15-30 րոպեով մասնակիորեն կդադարեցվի ՀԷԿ-ի աշխատանքը, կփակվի փականներից մեկը, ջրերը բաց կթողնվեն եւ ջրվեժը կստանա իր տեսքը”, - ասում է նա եւ հավելում, որ ինքը ջրվեժի շուրջօրյա գործելու իմաստը չի տեսնում, որ այդ դեպքում ջուրն անիմաստ է թափվում…

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 28 октября 2011 г.

Ճոպանուղին կմնա առանց ջրի

Տաթեւի բնակիչների սպասելիքներն աշխարհի ամենաերկար ճոպանուղուց ավելին էին, քան ունեցել են մեկ տարվա ընթացքում: “Գյուղից մի քանի ընտանիքներ ամռան ամիսներին հյուրընկալելով զբոսաշրջիկների` որոշակի եկամուտներ ունեցել են, սակայն դա դեռեւս շոշափելի արդյունք չի կարելի համարել համայնքի համար”,- ասում է գյուղապետ Մուրադ Սիմոնյանը: Բայց գյուղացիները լավատես են եւ հույս ունեն, որ առաջիկա տարիներին գյուղն իրոք կդառնա զբոսաշրջության կենտրոն:

Ներկայում Տաթեւում լուծվում են այնպիսի խնդիրներ, որոնք խիստ անհրաժեշտ են զբոսաշրջության զարգացման համար: Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում գյուղի շուրջօրյա ջրամատակարարման ապահովման համար, ինչին խանգարում է 45-50 տարվա վաղեմություն ունեցող, արդեն մաշված ջրագծի ներքին ցանցը, որտեղ ջրի կորուստները մեծ չափերի են հասնում: Հարկավոր է փոխել մոտ 600 գծամետր երկարության խողովակաշար, եւ խնդիրը կլուծվի:

Քանի որ նույն ջրագծից օգտվում է նաեւ ճոպանուղին, գյուղապետը դիմել է նրանց` աջակցելու խնդրի լուծմանը` տրամադրելու պոլիէթիլենային խողովակներ: Սակայն խնդրանքը մերժվել է: Նման վերաբերմունքից հետո գյուղապետը որոշել է այլեւս ջուր չտալ նրանց: Իսկ գյուղի շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը, գյուղապետի հավաստմամբ, անպայման կլուծվի, որին կաջակցի մարզպետը:

Առաջիկայում Տաթեւում նախատեսել են ավարտին հասցնել նաեւ գյուղի կոյուղատարի կառուցման աշխատանքները, որի արդյունքում գյուղի բոլոր 250 տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվելու կոյուղագծից:

Գոհար Իսախանյան, Կապան

среда, 19 октября 2011 г.

Կապանում դարձյալ ուրան են որոնում

Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր, Փուխրուտ եւ Կաթնառատ գյուղերից ոչ հեռու, հենց այս սարերում, մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո արդեն մի քանի օր է վերսկսվել են ուրանի որոնողական աշխատանքները:

“Իրականացնում ենք երկրաբանահետախուզական աշխատանքներ, ինչը ոչ մի տեսակի էկոլոգիական խնդիրներ չի առաջացնում: Սա շարունակությունն է նախորդ տարվա կիսատ մնացած նախագծի, որը կտեւի մեկ ամիս: Աշխատանքները կատարվում են հին տարածքներում, նոր տարածքներում դրանք նախատեսված չեն”, - ասաց աշխատանքներն իրականացնող “ԱԲՎԱՆ” ՍՊԸ-ի նախագահ Յուրա Գեւորգյանը:

Առայժմ ամեն ինչ կատարվում է ձեռքով, սակայն ընկերության նախագահի հավաստմամբ, առաջիկայում այստեղ կբերվի նաեւ համապատասխան տեխնիկա` հորատման աշխատանքների համար: Աշխատողների թիվը կավելացվի` ներկայիս երեքի փոխարեն կհասցվի տասի: Աշխատանքների ավարտից հետո ընկերությունը հաշվետվություն կներկայացնի համապատասխան մարմիններին եւ սրանով այս տարվա ծրագիրը կավարտվի:

Իսկ թե ինչ կլինի հետագայում, առայժմ պարզ չէ: Սակայն հայտնի է, որ “Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն” ՓԲԸ-ի ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչեւ 2014 թ. է: Այդ կազմակերպության բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ “Ռոսատոմը”:

Ուրանի որոնողական աշխատանքների վերսկսումը դարձյալ մտահոգել է տարածաշրջանի բնակչությանը: Ինչպես հայտնի է, անցած տարի բնակիչները կազմակերպել են ստորագրահավաք` ուրանի ծրագրի դեմ, որին մասնակցել է 13 հազար 850 մարդ, անցկացվել է բազմամարդ ցույց: Իսկ տարեվերջին “Կապանի տարածաշրջանի զարգացման” հիմնադրամի եւ “Ազատամարտ” կոմիտեի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակին ի պատասխան ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կազմակերպություններին հասցեագրած նամակում մասնավորապես նշել էր. «2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Այդտեղ ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել: Քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել հանքավայրի շահագործման ծրագիր»:

Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 17 октября 2011 г.

Հրաչյա Ավանեսյանի համերգը Կապանում

Վերջին անգամ 2001-ին Կապան այցելած ճանաչված ջութակահար Հրաչյա Ավանեսյանը երեկ կրկին հարազատ քաղաքում էր: Միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, Բելգիայում բնակվող հայազգի ջութակահարը ծնվել է Գյումրիում, իսկ նրա հայրը` Սամվել Ավանեսյանը ծնվել եւ մեծացել է Կապանում, սովորել քաղաքի երաժշտական ուսումնարանում:

“Ութ տարվա ընդմիջումից հետո եկել եմ Երեւան համերգների, իսկ Կապան գալս պլանավորված չէր, պարզապես այսօր ազատ էի, որոշեցի այցելել հարազատներիս, բարեկամներիս, հանդիպել կապանցիների հետ եւ երկարատեւ ընդմիջումից հետո նորից տեսնել Կապանը: Հիշում եմ, երբ փոքր էի, ամեն տարի գալիս էի”, - Կապանի արվեստի քոլեջի դահլիճում կապանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Ավանեսյանը:

Նախքան համերգը ջութակահարը պատասխանեց կապանցի հանդիսատեսի հարցերին: Պատմեց հետաքրքիր դեպք իր կյանքից, ասաց, որ ազատ ժամերին շատ է սիրում հոր հետ շախմատ խաղալ, հետաքրքվում է նաեւ ոչ դասական երաժշտությամբ, տիրապետում է 5 լեզուների եւ այլն: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նա ասաց, որ մինչեւ տարեվերջ համերգներով հանդես կգա Դանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում:

Հ. Ավանեսյանի խոսքով, մոտ ժամանակներս ինքը կստանա Բելգիայի քաղաքացիություն, սակայն չի պատրաստվում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Հարց ու պատասխանից հետո կապանցիները բախտ ունեցան ունկնդրելու ճանաչված ջութակահարի մի քանի կատարումներ` Ստրադիվարիուսի պատրաստած Piatti ջութակով, որով մի ժամանակ նվագել է լեգենդար Նիկոլո Պագանինին, իսկ Ֆրից Կրեյսլերը մի նշանավոր ձայնագրության ժամանակ նվագել է այդ ջութակով:

Կապանում կայացած փոքրիկ համերգի ժամանակ Հ. Ավանեսյանին նվագակցել են չորս տարբեր դաշնակահարներ` Կապանի արվեստի քոլեջի ուսուցիչներ ու շրջանավարտներ, որոնց համար դա իրոք մեծ պատիվ էր: Ի դեպ` Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճը, որտեղ կազմակերպված էր հանդիպումը, հենց այն նույն դահլիճն է, որտեղ առաջին անգամ 9 տարեկան հասակում կայացել է Հրաչյա Ավանեսյանի առաջին մենահամերգը: Հանդիպման ավարտին Հրաչյան խոստացավ, որ այսուհետ հաճախակի կլինի Կապանում:

Գոհար Իսախանյան, Կապան

суббота, 17 сентября 2011 г.

Հիշում են զոհված գործընկերներին


Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի (ներկայիս “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ) 100-ից ավելի աշխատակիցներ մասնակցել են Արցախյան պատերազմին: Նրանցից 5-ը` Ալեքսան Փարսյանը, Լյուդվիգ Ստեփանյանը, Հարություն Բալայանը, Արմեն Վարդանյանն ու Գառնիկ Սահակյանն իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին: Զոհված գործընկերներին չեն մոռանում ընկերությունում` նրանց նկարներն այսօր էլ փակցված են ձեռնարկության մուտքի պատին: Զոհված ազատամարտիկների հիշատակին, անկախության 20-ամյակի առիթով կոմբինատի կոլեկտիվն առաջին անգամ կազմակերպել է ֆուտբոլային հուշամրցաշար, որը կդառնա ավանդական` շրջանցիկ գավաթով: Հուշամրցաշարի 10 օրերին Նորաշենիկ գյուղի մարզադաշտում իրենց ուժերը կչափեն ձեռնարկության առանձին բաժինները ներկայացնող 7 թիմեր, որոնք կրում են զոհված հինգ ազատամարտիկների, նաեւ Մովսես Գորգիսյանի ու Մոնթե Մելքոնյանի անունները: Հուշամրցաշարի հաղթող թիմի եւ լավագույն ճանաչված խաղացողի համար սահմանված են մրցանակներ: Հուշամրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա էին “Դինո գոլդ մայնինգ քամփնի”-ի ղեկավարությունը, հրավիրված էին զոհված ազատամարտիկների այրիները, հարազատները, որոնց խոսքերով կոմբինատը միշտ էլ ուշադիր է եղել իրենց նկատմամբ, աջակցել եւ աջակցում է նյութապես:

Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 5 сентября 2011 г.

Հատիկը ծլել է հասկի մեջ

Դեռեւս մեկ ամիս առաջ շինուհայրցիները վստահ էին, որ այս տարի լավ բերք են ունենալու: Ինչ-ինչ, սակայն հացահատիկի լավ բերքի մասին կասկածներ անգամ չունեին: Բայց օգոստոսի կեսերից մարզում սկսված անընդմեջ անձրեւները թույլ չտվեցին գյուղացուն ժամանակին հավաքելու բերքը եւ գերխոնավության պատճառով հատիկը ծլեց հասկի մեջ` դառնալով ոչ պիտանի եւ որպես սերմացու, եւ որպես ալյուրի հումք:

“Այս տարի գյուղում կատարվել էր հացահատիկի 520 հա ցանքս: Գյուղացին հասցրել էր հնձել միայն 50 հա-ը, մնացածը փչացել է: Անասնակերից բացի, ուրիշ այլ նպատակով բերքը օգտագործել չի լինի”, - ասում է Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը:

Նույն վիճակում են հայտնվել նաեւ Սիսիանի եւ Գորիսի բարձրադիր գոտիների որոշ համայնքների մոտ 700 հա ցանքսեր: Հատկապես մեծ կորուստներ են կրել մարզի Հարժիս, Հալիձոր, Տաթեւ, Դավիթբեկ համայնքները:

Մասնագետների կարծիքով, այս համայնքներում բերքի կորուստը կազմել է 20-30 տոկոս: Բացի դրանից, կախված հատիկի որակից 15-20 դրամով էլ կընկնի բերքի ապրանքային գինը: Մինչդեռ տուժած ցանքսից 30 հա-ը կատարվել է կառավարության կողմից տրամադրված էլիտար սերմացուով, որի դիմաց գյուղացին, ըստ կնքած պայմանագրի, պետք է ետ վերադարձնի յուրաքանչյուր կլիգրամի դիմաց կրկնակի չափով:

“Բարեբախտաբար, մարզի որոշ ֆերմերների հաջողվել է լավ բերք ստանալ եւ ունեն առաջին վերարտադրության սերմացուի ավելցուկ: Տուժած ֆերմերները կարող են պետությանը hետ վերադարձվելիք սերմացուն ձեռք բերել նրանցից”, - ասում է մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը:

Գոհար Իսախանյան, Կապան

четверг, 1 сентября 2011 г.

Օրանժ Արմենիան Քաջարանում

Քաջարանի նման փոքր քաղաքում ամեն մի իրադարձություն վեր է ածվում տոնի: Բացառություն չեղավ Օրանժ Արմենիա բջջային օպերատորի սպասարկման հանրապետությունում թվով 76-րդ կետի բացումը քաղաքում, որին ներկա էր ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը մեծ թիվ էին կազմում քաջարանցի երեխաները, որոնց համար անցկացվեց խաղ-մրցույթ:
Քաջարանի Օրանժ Արմենիա-ի նորաբաց խանութում, որտեղ կաշխատեն երկու հոգի, քաջարանցիները հնարավորություն են ունենալու օգտվելու օպերատորի մատուցած ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետային բոլոր ծառայություններից, նաեւ ձեռք բերելու հեռախոսներ եւ այլ պարագաներ:
“Մեր նպատակն է այստեղ մատուցել տեխնիկական եւ սպասարկման նույն բարձր որակի ծառայություններ, ինչպես հանրապետության մյուս տարածքներում”, - ասաց Բ.Դյութուան:
Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրենը գոհ է օպերատորի բաժանորդների թվից, հանրապետությունում այն արդեն 600 հազար է, ինչը համապատասխանում է իրենց ծրագրերին: Իսկ այս ամռանը մեծ թվով բաժանորդներ օգտվել են օպերատորի մատուցած ռոմինգ ծառայությունից թե հարեւան երկրներում, եւ թե Եվրոպայում: Այս տարի Օրանժ Արմենիա-ն մեծ ներդրումներ է կատարել Սյունիքում, ինչի շնորհիվ կապը հասանելի է անգամ մարզի ճանապարհների ամենաբարդ հատվածներում:
Բայց, ինչպես հավաստիացնում է գլխավոր տնօրենը, դրանով չեն սահմանապակվելու, ծառայության որակի բարձրացմանն ուղղված ներդրումները շարունակվելու են:
Գոհար Իսախանյան, Կապան