четверг, 29 марта 2012 г.

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ճակատագիրը որոշված է

1949 թվականին կառուցված Ագարակում, որը Իրանին սահմանակից Հայաստանի առաջին բնակավայրն է, մինչ այսօր չկա եկեղեցի:

“Ագարակցիները եկեղեցու կարիք ունեն: Եվ հիմա փորձում ենք լրացնել այդ բացը մշակույթի նախարարության եւ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի նախաձեռնությամբ”, - ասում է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Օրերս համայնքի ավագանու արտահերթ նիստում որոշում է կայացվել քաղաքի մուտքի մոտ 0,5 հա հողատարածք տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` եկեղեցի կառուցելու նպատակով, որի համար անհրաժեշտ գումար խոստացել է տրամադրել “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ”ՓԲԸ-ը:

Նախագծանախահաշվային աշխատանքները, որոնք արդեն ընթացքի մեջ են, կատարվում են պետբյուջեի միջոցներով: Եկեղեցու շինարարության համար կօգտագործվեն Ագարակից 7 կմ հեռավորության վրա, կոմբինատի բաց հանքի տարածքում` նախկին Հիգերակ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու քարերը: 17-րդ դարում կառուցված, միանավ եկեղեցին կանգուն է, սակայն վթարային է դարձել բաց հանքում կատարվող ամենօրյա պայթեցումների արդյունքում:

Քաղաքապետի խոսքով, փաստացի կատարվում է եկեղեցու տեղափոխություն, որի պատճառով էլ Ագարակի նորակառույց եկեղեցին եւս կկրի Սուրբ Ամենափրկիչ անունը: Մոտ ժամանակներս կսկսվի եկեղեցու շինարարությունը: Ագարակցիները վերջապես կունենան իրենց հոգեւոր տունը, իսկ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կփրկվի կործանումից:

Գոհար Իսախանյան, Կապան

четверг, 22 марта 2012 г.

Ինքնառաջադրում առանց 1 մլն դրամ ընտրական գրավի անդորրագրի

Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում այսօր առավոտյան ժամը 10.30-ին, որպես ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրեն, անկուսակցական Նարինե Մովսիսյանը:

Ի տարբերություն ընտրատարածքում ավելի վաղ առաջադրված երկու թեկնածուների, Նարինե Մովսիսյանը ի թիվս այլ փաստաթղթերի հանձնաժողովին չի ներկայացրել ընտրական գրավի` 1 մլն դրամի, մուծման անդորրագիրը: Թիվ 38 ԸԸՀ-ի նախագահ Սերգեյ Սարգսյանի խոսքով, փաստաթղթերն ընդունվել են, քանի որ դա օրենքի սահմաններում է:

“Ըստ օրենքի, թերի փաստաթղթերը լրացնելու համար մենք Նարինե Մովսիսյանին տվել ենք 48 ժամ: Եթե այդ ժամանակահատվածում գրավի անդորրագիրը չներկայացվի, թեկնածուի գրանցումը կմերժվի”, - ասաց նա:

Այսօր թեկնածուների առաջադրման վերջին օրն է եւ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Նարինե Մովսիսյանից բացի առաջադրվել են եւս երկու թեկնածու` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին առաջադրել է ՀՀԿ-ն, իսկ անկուսակցական, ՍՊԸ տնօրեն Դավիթ Մաթեւոսյանն ինքառաջադրվել է:

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 16 марта 2012 г.

Սյունիքում առաջինն առաջադրվել են ՀՀԿ-ականները

Սյունիքի մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում Աժ առաջիկա ընտրությունների թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր այսօր առաջինը ներկայացրել է ՀՀԿ-ն:

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում կուսակցությունն առաջադրել է Հայկ Հովհաննեսի Գրիգորյանի, իսկ Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում` Վահե Մաքսիմի Հակոբյանի թեկնածությունները:

Թիվ 37 ընտրատարածքում այսօր ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Սամվել Վաղարշակի Հարությունյանը: ԸԸՀ-ների նախագահների հավաստմամբ, առաջադրման համար եղել են հետաքրքվողներ այլ կուսակցություններից եւս, որոնցից մի քանիսին տրամադրվել են համապատասխան փաստաթղթեր, սակայն նրանք առայժմ չեն ներկայացել:

Գոհար Իսախանյան, Կապան

ՀՀԿ-ն Սյունիքի երկու ընտրատարածքներում կունենա իր թեկնածուները

ԱԺ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն Սյունիքի երկու ընտրատարածքներում էլ` թիվ 37-ում եւ 38-ում, կառաջադրի իր թեկնածուները: Թիվ 37 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները, ՀՀԿ-ն առաջադրելու է Հայկ Գրիգորյանին, ով այս ոլորտում նոր մարդ է: 28-ամյա Հայկ Գրիգորյանի մասին հայտնի է միայն, որ ավարտել է Գորիսի պետական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը, սակայն քաղաքի թիվ 4 դպրոցում մինչեւ 2012 թ. աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ: Այս ընտրատարածքի գործող պատգամավորը Ալեքսանդր Սարգսյանն է՝ Սերժ Սարգսյանի եղբայրը: Մարզի մյուս` Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով կառաջադրի գործող պատգամավոր Վահե Հակոբյանին: Եթե Այս ոլորտում Հայկ Գրիգորյանը նոր մարդ է, ապա Վահե Հակոբյանը, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, արդեն 8 տարի է օրենսդիր մարմնում է:

Պատգամավորի թեկնածուների առաջադրման մեկնարկից երեք օր անց սակայն մարզի ԸԸՀ-ները դեռեւս դիմումներ չեն ստացել: Թե քանի հոգի են պայքարելու Սյունիքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու համար, առայժմ պարզ չէ: Սակայն, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների վիճակագրությունը, Սյունիքում թե ՏԻՄ, եւ թե համապետական ընտրություններին հանրապետականները գրեթե միշտ հաղթում են:

Գոհար Իսախանյան, Կապան

среда, 14 марта 2012 г.

Գորիսը շահում է Վիեննի քույր-քաղաք լինելուց

Հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու արդեն 20 տարի է բարեկամություն են անում Սյունիքի մարզի Գորիս ու Ֆրանսիայի Վիենն քաղաքները: Ամփոփելով քույր-քաղաքների համագործակցության շրջանակներում Գորիսում ֆրանսիացիների կողմից կատարված ծրագրերը, դժվար չէ կռահել, թե այդ բարեկամությունից որ կողմն է ավելի շատ շահում:

Նախադպրոցական տարիքի գորիսեցիներն անգամ գիտեն իրենց լավ բարեկամների մասին: Քաղաքի թիվ 5 մանկապարտեզը գործում է Վիեննի ֆինանսավորմամբ: Իսկ փոքրիկներն այստեղ կարողանում են արտասանել ու երգել ֆրանսերեն լեզվով: Գորիսի բոլոր հանրակրթական դպրոցներում, որպես օտար լեզու, ուսուցանվում է ֆրանսերենը: Այդ պատճառով էլ գորիսցի երեխաներն ամեն տարի անհամբեր սպասում են մարտի 15-ից ապրիլի 15-ն անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերին, որի ընթացքում, ի թիվս աշխարհի շատ քաղաքների, տոնական միջոցառումներ են կազմակերպվում նաեւ Գորիսում:

“Քաղաքապետարանը “Գորիսի ֆրանսախոսության կենտրոն” ՀԿ-ի հետ համատեղ ֆրանկոֆոնիայի օրերին նախատեսում է քաղաքում անցկացնել մշակութային, գեղարվեստական եւ կրթական բազամաթիվ միջոցառումներ: Արդեն դպրոցներում հայտարարվել է “Հայ-ֆրանսիական բարեկամություն” թեմայով շարադրությունների եւ գեղանկարչական աշխատանքների մրցույթ: Տոնին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գորիսի պետական համալսարանում ու քաղաքի թիվ 5 նախակրթարանում”, - տեղեկացնում է Գորիսի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դավթյանը:

Տոնական միջոցառումները Գորիսում կեզրափակվեն համաքաղաքային մեծ համերգով, որի ժամանակ տոնին ակտիվ մասնակցած դպրոցականներին ու ուսանողներին քաղաքապետարանի կողմից կհանձնվեն մրցանակներ:

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով 3 ամիս ժամկետով Ֆրանսիայից Գորիս է ժամանել մի կամավոր, ով գորիսցիներին խոստացել է աջակցել նաեւ ամռանը Գորիս-Վիենն քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: Այդ օրերին նախատեսվում է նաեւ Վիեննի 25 հոգանոց պատվիրակության այցը Գորիս:

Ուղիղ 20 տարի առաջ սկիզբ առած հայի ու ֆրանսիացու այս բարեկամությունը գնալով խոր արմատներ է ձգում, ինչն ապացուցում է, որ այն դեռ երկար կշարունակվի:

Գոհար Իսախանյան, Կապան

воскресенье, 4 марта 2012 г.

Տաթեւում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ օդերեւութաբանական կայան

“Ցավալի է, երբ ինձ զանգում է Տաթեւի գյուղապետը եւ ասում, որ վաղը զբոսաշրջիկներ են գալու իրենց գյուղ եւ հետաքրքրվում է, թե գյուղում առաջիկա օրերին ինչ եղանակ է սպասվում, ես նրան պատասխանել չեմ կարողանում: Դրա պատճառն այն է, որ մենք համապատասխան սարքավարումներ եւ կայաններ չունենք այնտեղ: Մինչդեռ զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ ավելի է կարեւորվում այս խնդիրը: Գաղտնիք չէ, որ զբոասաշրջիկի համար շատ կարեւոր է եղանակի տեսության մասին իրազեկվածությունը”, - մտահոգված է ԱԻՆ Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության Սյունիքի մարզում տեղակայված ստորաբաժանման տնօրեն Ժորա Գեւորգյանը:

Նա պատրաստվում է առաջարկություն ներկայացնել նախարարությանը` մարզի գյուղական որոշ համայնքներում, այդ թվում Տաթեւում, նոր կայաններ տեղադրելու համար, որոնք, ի դեպ, նախկինում եղել են:

Ներկայում մարզի տարածքում գործող 5 կայանները շատ քիչ են, քանի որ Սյունիքի եւ բնակլիմայական պայմաններն են բարդ, եւ աշխարհագրական դիրքը: Կապանի, Քաջարանի, Գորիսի, Մեղրիի եւ Սիսիանի օդերեւութաբանական կայաններից բացի, մարզում գործում է նաեւ մեկ հիդրոլոգիական կայան` Որոտանի գետավազանում, այդ թվում 10 հիդրոլոգիական ջրաչափական դիտակետեր` տարբեր գետերի վրա: Այստեղ իրականացվում են հիդրոօդերեւութաբանական երեւույթների, մթնորոլրտի եւ մակերեւութային ջրերի քանակական ցուցանիշների դիտարկումներ: Խնդիր կա նաեւ կայանները համալրել նոր, ժամանակակից սարքավորումներով:

Անցած տարի Հայպետհիդրոմետը մարզին տրամադրել է ավտոմատ հողախորքային նոր սարք, որը հեռակառավարվում է վարչության կողմից եւ մինչեւ մեկ մետր խորության վրա որոշում հողի խորքային ջերմաստիճանը: Կապանի օդերեւութաբանական կայանն ընդգրկված է դիտարկումների պետական հենակետային ցանցում, ինչպես նաեւ ՀՕԿ-ի` համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության, եղանակային տեղեկատվության համակարգում, որտեղ 5 օրվա եղանակի կանխատեսում է ներկայացվում “Աշխարհի քաղաքների կանխատեսումներ” էջում, որից օգտվում են ՀՕԿ-ի անդամ աշխարհի 188 երկրներ:

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 2 марта 2012 г.

Փոքր քաղաքի մեծ հոգսերը

Հայաստանի թերեւս ամենափոքր քաղաքը`Դաստակերտը, 338 բնակիչ ունի, 125 ընտանիք, որի 70 տոկոսը փախստականներ են: Մինչդեռ քաղաքի կարգավիճակ ունեցող այս համայնքը զբաղեցնում է 4 հազ հա-ից ավելի տարածք:

Անցած տարի Դաստակերտում գրանցվել է ծնունդների թվի աճ: Ծնվել է 3 երեխա` մեկով ավել նախորդ տարվանից: Մինչեւ անցած դարի 90-ակաների սկիզբը Դաստակերտում ապրել է երեք հազար մարդ, որոնք աշխատում էին քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատում, որն իր վերջին արտադրանքը թողարկել է 1973-ին: Կոմբինատի փակվելուց հետո, որպեսզի կանխվի բնակչության արտագաղթը, քաղաքում բացվել է բժշկական տեխնիկայի գործարան, որը սակայն 1992 թ-ին սեփականաշնորհումից հետո դադարեց գործել:

Այսօր դաստակերտցիների հիմնական զբաղմունքը քաղաքին ոչ բնորոշ անասնապահությունն ու մեղվաբուծությունն է, իսկ հողագործության համար համայնքը վարելահողեր գրեթե չունի: Փոքր քաղաքի հոգսերը շատ են` քաղաքը արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Դաստակերտ-Սիսիան ճանապարհի ասֆալտապատում, թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքներրի նորոգում, համայնքային կենտրոնի հիմնում, խմելու ջրի ներքին ցանցի նորոգում եւ այլն:

Քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանը համոզված է, որ շուտով գալու է այն օրը, որ Դաստակերտը վերականգնելու է իր երբեմնի արդյունաբերական քաղաքի համբավը, որ լուծվելու են համայնքի բոլոր խնդիրները, որ դաստակերտցիներն ապահովվելու են աշխատանքով եւ ապրելու են բարեկեցիկ, որ համայնքի մանկապարտեզն այլեւս ֆիանանսների սղության պատճառով չի գործելու օրական երկու ժամ:

Քաղաքապետը նման հույսերը կապում է մոտ ապագայում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի կրկին շահագործման հետ: 2007-2011 թթ. “Մոլիբդենի աշխարհ”ՍՊԸ-ն այստեղ իրականացրել է հետախուզական աշխատանքներ եւ մոտ օրերս կանցկացնի հանրային լսումներ` “Դաստակերտի լեռնահարստացման կոմբինատի հիմնումը եւ նրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա” թեմայով: Լեռնահանքային նոր ձեռնարկության աշխատանքներում սկզբնական շրջանում կընդգրկվի 750 մարդ, ինչը կլուծի եւ Դաստակերտի, եւ Սիսիանի տարածաշրջանի բնակչության զբաղվածության խնդիրը: “Այս դեպքում անհամեմատ կավելանա Դաստակերտի բնակչության թիվը, եւ մեր համայնքը արժանի կդառնա քաղաքի իր կոչմանը”, - ասում է քաղաքապետը:

Գոհար Իսախանյան, Կապան