среда, 14 марта 2012 г.

Գորիսը շահում է Վիեննի քույր-քաղաք լինելուց

Հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու արդեն 20 տարի է բարեկամություն են անում Սյունիքի մարզի Գորիս ու Ֆրանսիայի Վիենն քաղաքները: Ամփոփելով քույր-քաղաքների համագործակցության շրջանակներում Գորիսում ֆրանսիացիների կողմից կատարված ծրագրերը, դժվար չէ կռահել, թե այդ բարեկամությունից որ կողմն է ավելի շատ շահում:

Նախադպրոցական տարիքի գորիսեցիներն անգամ գիտեն իրենց լավ բարեկամների մասին: Քաղաքի թիվ 5 մանկապարտեզը գործում է Վիեննի ֆինանսավորմամբ: Իսկ փոքրիկներն այստեղ կարողանում են արտասանել ու երգել ֆրանսերեն լեզվով: Գորիսի բոլոր հանրակրթական դպրոցներում, որպես օտար լեզու, ուսուցանվում է ֆրանսերենը: Այդ պատճառով էլ գորիսցի երեխաներն ամեն տարի անհամբեր սպասում են մարտի 15-ից ապրիլի 15-ն անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերին, որի ընթացքում, ի թիվս աշխարհի շատ քաղաքների, տոնական միջոցառումներ են կազմակերպվում նաեւ Գորիսում:

“Քաղաքապետարանը “Գորիսի ֆրանսախոսության կենտրոն” ՀԿ-ի հետ համատեղ ֆրանկոֆոնիայի օրերին նախատեսում է քաղաքում անցկացնել մշակութային, գեղարվեստական եւ կրթական բազամաթիվ միջոցառումներ: Արդեն դպրոցներում հայտարարվել է “Հայ-ֆրանսիական բարեկամություն” թեմայով շարադրությունների եւ գեղանկարչական աշխատանքների մրցույթ: Տոնին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գորիսի պետական համալսարանում ու քաղաքի թիվ 5 նախակրթարանում”, - տեղեկացնում է Գորիսի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դավթյանը:

Տոնական միջոցառումները Գորիսում կեզրափակվեն համաքաղաքային մեծ համերգով, որի ժամանակ տոնին ակտիվ մասնակցած դպրոցականներին ու ուսանողներին քաղաքապետարանի կողմից կհանձնվեն մրցանակներ:

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով 3 ամիս ժամկետով Ֆրանսիայից Գորիս է ժամանել մի կամավոր, ով գորիսցիներին խոստացել է աջակցել նաեւ ամռանը Գորիս-Վիենն քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: Այդ օրերին նախատեսվում է նաեւ Վիեննի 25 հոգանոց պատվիրակության այցը Գորիս:

Ուղիղ 20 տարի առաջ սկիզբ առած հայի ու ֆրանսիացու այս բարեկամությունը գնալով խոր արմատներ է ձգում, ինչն ապացուցում է, որ այն դեռ երկար կշարունակվի:

Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий