четверг, 29 марта 2012 г.

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ճակատագիրը որոշված է

1949 թվականին կառուցված Ագարակում, որը Իրանին սահմանակից Հայաստանի առաջին բնակավայրն է, մինչ այսօր չկա եկեղեցի:

“Ագարակցիները եկեղեցու կարիք ունեն: Եվ հիմա փորձում ենք լրացնել այդ բացը մշակույթի նախարարության եւ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի նախաձեռնությամբ”, - ասում է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Օրերս համայնքի ավագանու արտահերթ նիստում որոշում է կայացվել քաղաքի մուտքի մոտ 0,5 հա հողատարածք տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` եկեղեցի կառուցելու նպատակով, որի համար անհրաժեշտ գումար խոստացել է տրամադրել “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ”ՓԲԸ-ը:

Նախագծանախահաշվային աշխատանքները, որոնք արդեն ընթացքի մեջ են, կատարվում են պետբյուջեի միջոցներով: Եկեղեցու շինարարության համար կօգտագործվեն Ագարակից 7 կմ հեռավորության վրա, կոմբինատի բաց հանքի տարածքում` նախկին Հիգերակ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու քարերը: 17-րդ դարում կառուցված, միանավ եկեղեցին կանգուն է, սակայն վթարային է դարձել բաց հանքում կատարվող ամենօրյա պայթեցումների արդյունքում:

Քաղաքապետի խոսքով, փաստացի կատարվում է եկեղեցու տեղափոխություն, որի պատճառով էլ Ագարակի նորակառույց եկեղեցին եւս կկրի Սուրբ Ամենափրկիչ անունը: Մոտ ժամանակներս կսկսվի եկեղեցու շինարարությունը: Ագարակցիները վերջապես կունենան իրենց հոգեւոր տունը, իսկ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կփրկվի կործանումից:

Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий