четверг, 10 мая 2012 г.

Օձը հրդեհել է պոմպակայանը

 
Վեց տարի առաջ հրդեհվել էր Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղի պոմպակայանը: Երեկ` մայիսի 9-ի վաղ առավոտյան` ժամը 07.30-ի սահմաններում դարձյալ հրդեհ է բռնկվել պոմպակայանում: “Երկու դեպքում էլ հրդեհի պատճառը օձն է եղել: Սողունը բարձրանում է տրանսֆորմատորի վրա, առաջանում է կարճ միացում եւ հրդեհ է բռնկվում”, - համոզված է գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը, ով առաջին հրդեհի ժամանակ իր աչքով տեսել է օձին: Հրդեհի հետեւանքով այրվել է պոմպակայանի երկու բաժիններից մեկն ամբողջովին` էլեկտրական վահանակներ, տրանսֆորմատոր եւ 20 գծամետր մալուխ: Հրդեհից մեկ օր հետո պոմպակայանի նորոգման աշխատանքները սկսվել են, որն իրականացնում է Մեղրիի ջրօգտագործողների ընկերությունը: “Անհրաժեշտ կլինի ամենաքիչը 6 մլն դրամ: Գյուղապետարանը նման միջոցներ չունի, այն կտրամադրի ՋՕԸ-ը, որին անդամակցում են գյուղացիները: Աշխատանքները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետում` մեկ շաբաթում, քանի որ այլ ելք չունենք` մնալով առանց ջրի կչորանան գյուղի ավելի քան 45 հա ցանքսեր”, - ասում է գյուղապետը: Նռնաձորը, նախկին Նյուավդի գյուղը, հանրապետության ամենահարավային բնակավայրն է, որտեղ ամռանը օդի ջերմաստիճանը հասնում է մինչեւ 44 աստիճանի: Այստեղ հաճախ են հանդիպում երեք տեսակի թունավոր օձեր, իսկ վերջերս գյուղի մոտակայքում հայտնաբերվել է նոր տեսակի` կարմիր գույնի օձ, որը բնակիչներն առաջին անգամ են նկատել: “Անգամ չգիտենք` դրանք թունավոր օձեր են, թե չէ: Դրանցից մեկին ուղարկել ենք Սանկտ-Պետերբուրգ` հետազոտության նպատակով, առայժմ պատասխան չկա”, - պատմում է գյուղապետը: Ամռան ամիսներին օձերը մեծ վտանգ են ներկայացնում նռնաձորցիների համար: Տարեկան գյուղում պարտադիր գրանցվում է օձի խայթոցի 1-2 դեպք: “Շոգերը սկսվեցին, էլի օձերի ձեռը կրակն ենք ընկնելու”, - մտահոգվում է գյուղապետը:

Գոհար Իսախանյան, Կապան

Քաջարան գյուղում դեռ հավատում են իշխանություններին

 
Չնայած Քաջարան գյուղի վարչական հողերը գերակա շահ ճանաչելու եւ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ը տրամադրելու մասին կառավարության որոշումը վերջին շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել քաջարանցիների շրջանում, սակայն Աժ ընտրությունները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ, գյուղում իշխանություններին դեռ հավատացողներ կան:

Քաջարան գյուղի 171 ընտրողից մայիսի 6-ին քվեարկությանը մասնակցել է 140-ը: Նրանցից 60- նն իր ձայնը տվել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, իսկ 59-ը` ԲՀԿ-ին, 7-ը` Ժառանգությանը, 6-ը` ՀՅԴ-ին, 4-ը` ՀԱԿ-ին:

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից դարձյալ առավել շատ ձայներ` 83 ձայն, գյուղում հավաքել է ՀՀԿ թեկնածու Վահե Հակոբյանը, ով, ի դեպ, “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: ՀՅԴ թեկնածու Գագիկ Գեւորգյանը Քաջարան գյուղում հավաքել է 50 ձայն, ՀԱԿ-ի կողմից սատարվող Դավիթ Մաթեւոսյանը` 1 ձայն, իսկ անկուսակցական Նարինե Մովսիսյանը 0 ձայն:

Փաստորեն. գյուղապետ Ռաֆիկ Աթայանը չի կատարել նախագահին տված իր խոստումը: Երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել էր մարզ եւ իրեն մոտեցած գյուղապետին խոստացել էր ընդունել եւ քննարկել գյուղի հարցը, Ռաֆիկ Աթայանը նախագահին վստահեցրել էր, որ ողջ Քաջարան գյուղը նրա հետ է: Սակայն ընտրություններից պարզ դարձավ, որ գյուղի ուղիղ կեսն արդեն չի վստահում երկրի ներկայիս ղեկավարներին:

Գոհար Իսախանյան, Կապան

вторник, 24 апреля 2012 г.

Քարոզարշավը կմնա մանկության հուշ

 
Մասսայական միջոցառումների, մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիների համերգների կարոտ կապանցի երեխաների համար այս օրերին անցկացվող նախընտրական քարոզարշավն իսկական տոն է դարձել: Կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրանք պարտադիր առաջին շարքերում են` ոմանք ձեռքերում ամուր բռնած փուչիկներ, դրոշակներ, պաստառներ… Ամենաբարձր ծափահարողներն ու վանկարկողներն էլի նրանք են:

Շատ ծնողներ, տատիկներ ու պապիկներ խոստովանում են, որ հենց երեխաների պատճառով են մասնակցում հանդիպումներին: «Չէի ուզում գալ, երեխան ստիպեց, իսկ նրան մենակ թողնել չէի կարող», - ասում են նրանք:

Կուսակցությունների նախընտրական ծրագրերի բրոշյուրներ տարածողները Կապանում եւս երեխաներն են: Դռնեդուռ ընկած, քափ ու քրտինքի մեջ կորած շրջում են շենքից-շենք, հարկից-հարկ, բախում բնակարանների դռներն ու բնակիչների ձեռքերում խցկելով բրոշյուրները, արագ հեռանում են: Իսկ հետեւներից լսվող`«Ի՞նչ է սա. հարցին պատասխանում են կարճ ու կոնկրետ` “Ես շատ գիտեմ”:

10-ամյա Անին ասում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցել է իր երկու ընկերուհիների հետ: “Մեզ ոչ ոք չի պարտադրում, ուղղակի հետաքրքիր է, համերգ ենք լսում, երգիչներին ենք տեսնում, մի քանի օր առաջ էլ պրեզիդենտին ենք տեսել, տելեւիզրով չէ, է, աչքերով ենք տեսել”, - ոգեւորված ասում է աղջնակն ու փորձում համոզել, թե ինչ ասում են հարթակից, ինքը հասկանում է:

9-ամյա Հայկն էլ գալիս է հանդիպումների, քանի որ ուզում է իրականում տեսնել այն մարդկանց, որոնց շատ հաճախ հեռուստացույցով է տեսնում: Իսկ թե ինչ են ասում նրանք` իրեն չի հետաքրքրում:

Ցավալի է, սակայն ստացվում է այնպես, որ այսօրվա կապանցի երեխաների համար տարիներ հետո որպես մանկության անմոռանալի հուշեր մնալու են նախընտրական քարոզարշավները…

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 13 апреля 2012 г.

Գեներալը հրամայեց ընտրել ՀՅԴ-ին

Արդեն երրորդ անգամ մարզերում իր նախընտրական քարոզարշավը ՀՅԴ-ն սկսում է Սյունիքից` Կապանից, ինչը Դավիթ Լոքյանի խոսքով`Աստծո կամոք մեծ հաջողություն է բերում իրենց: Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում կայացած հանդիպմանը ելույթ ունեցողների թվում էր նաեւ Աժ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը:

“Ես վստահ եմ, որ այսօր այստեղ հավաքվածները չեն եկել, որպեսզի լսեն մեր ելույթներն ու կողմնորոշվեն: Մեծ մասն այստեղ է եկել, որովհետեւ արդեն կողմնորոշված է, արդեն ունի որոշում, որ պետք է ոչ միայն իր ձայնը տա Դաշնակցությանը, այլ եկել է այստեղ, որպեսզի լսի մեզ, որպեսզի վաղն առավոտյան Ղափան քաղաքում, հարակից գյուղերում ու քաղաքներում շարունակի քարոզել եւ բոլորին ասի` ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը: Իսկ եթե չունեք այդպիսի որոշում, ապա, իրականում, հրամայում եմ ձեզ` առավոտյան արթնացեք եւ քարոզեք ձեր հարեւանին ու ասեք` այլընտրաք չունես, փրկություն չունես, ձայնդ տուր ՀՅԴ-ին”, - ասաց գեներալը:

Ա.Աղաբեկյանը Կապանում հանդիպեց իր կապանցի մարտական ընկերներին, այդ թվում` հատուկ դասակի հրամանատար, 70-ամյա Լազր դայուն, որի բարձրացրած խնդիրները սակայն ինքը չի կարող լուծել, քանի որ իշխանություն չունի: “Կլինեմ իշխանություն, կլուծեմ ոչ միայն Լազր դայու, այլեւ բոլորի խնդիրները: Հավատացնում եմ ձեզ` եթե հաղթի Դաշնակցությունը, ապա այլեւս չի լինելու օրվա խնդիր, անգամ ապագայի խնդիրներն արդեն լուծած եք տեսնելու: Դրա համար, իսկականից, սրտանց հրամայում եմ ձեզ` գնացեք եւ ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը”, - կապանցիներին հորդորեց գեներալը:

Գոհար Իսախանյան, Կապան

среда, 11 апреля 2012 г.

Դու եւս ընտրելու իրավունք ունես

Գուցե շատ կապանցիներ համաձայն են, որ Աժ ընտրությունները կարեւոր իրադարձություն են պետության, ժողովրդի համար, սակայն սոցիալական դժվար պայմաններում ապրող նրանցից շատերն անտարբեր են անգամ դրանց նկատմամբ: Դա են վկայում տարիներ շարունակ նախընտրական հանդիպումների սակավաթիվ մարդկանց բազմությունները, ընտրացուցակների ճշտման գործընթացով չհետաքրքրվելը: Իսկ քվերակության մասնակցելը շատերի համար պարտականության նման մի բան է, որի պատճառները տարբեր են, օրինակ` դա կարող է լինել, ասենք, աշխատանք չկորցնելը:

Ընտրությունների նկատմամբ անտարբերությունն առավել նկատելի է հատուկ կարիքներ ունեցող կապանցիների շրջանում: Հաշմանդամը չի ուզում մասնակցել ընտրություններին, որովհետեւ պատճառներ ունի` սկսած հասարակությանն ինտեգրումից մինչեւ տեղաշարժման համար անհրաժեշտ պայմանների բացակայություն` չաշխատող վերելակ, ընտրատեղամասերում թեքահարթակների բացակայություն եւ այլն:

23-ամյա Մարինեն մանկուց հաշմանդամ է, դժվար է տեղաշարժվում անգամ տան մեջ: Նրան խնամող մոր մտքով անգամ չի անցնում, որ աղջիկը պետք է մասնակցի քվեարկությանը: “Ամեն անգամ ընտրացուցակում երբ կարդում եմ աղջկաս անունը, բողոքում եմ, ասում եմ, որ էլ չգրեն, բայց հաջորդ ընտրություններին էլի լինում է: Ես էլ ջղայնանում եմ”, - ասում է Մարինեի մայրը, եւ լսել անգամ չի ուզում, որ իր աղջկա անունը ոչ ոք ընտրացուցակից հանելու իրավունք չունի, որ իր աղջիկը եւս բոլորի պես ընտրելու իրավունք ունի: Ինքը` Մարինեն, այս մասին չի խոսում, լռում է եւ թեթեւակի ժպտում:

“Այս ընտրություններին մեր կազմակերպության կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի քվեարկությանը մասնակցել ցանկացող հաշմանդամը կարողանա հասնի ընտրատեղամաս եւ կատարի իր քաղաքացիական պարտքը”, - ասում է “Ողջի” ՀԿ նախագահ Կամո Դավթյանը: Կազմակերպությունն արդեն սկսել է հատուկ կարիքներ ունեցող անձանց անունների ընտրացուցակներում ընդգրկվածության ճշտման աշխատանքները:

Միաժամանակ իրականացնում են բացատրական աշխատանք, որպեսզի հաշմանդամը մասնակցի քվեարկությանը: Իսկ ընտրության օրը ընտրատեղամաս հասցնելու համար մարզպետարանը խոստացել է հաշմանդամներին աջակցել տրանսպորտային միջոցներով, ինչը արվել է նաեւ նախորդ տարիներին:

Գոհար Իսախանյան, Կապան

вторник, 10 апреля 2012 г.

Կապանում անասնագլխաքանակն աճում է, անասնաբույժների թիվը` նվազում

Այս տարի միայն Կապանի տարածաշրջանում անասնաբույժների թիվը կրճատվել է 8-ով: Նախկին 23-ի փոխարեն, այժմ տարածաշրջանի 37 համայնքներին սպասարկում է 15 անասնաբույժ: Նրանց ուսերին է դրված նաեւ Կապանի վարչական տարածքից դուրս պահվող անասունների բուժսպասարկումը: Մինչդեռ տարածաշրջանում նկատվում է անասնագլխաքանակի որոշակի աճ:

“Անասնաբույժների թվի կրճատումը ֆինանսական միջոցների սղության հետ է կապված: Ճիշտ է, աշխատավարձի բարձրացում չի կատարվել, սակայն այժմ դրանք ժամանակին են վճարվում”, - ասում է գյուղնախարարության “Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ-ի Կապանի տարածաշրջանի գլխավոր անասնաբույժ Անդրուշ Գրիգորյանը:

Տարածաշրջանում անասնագլխաքանակի աճը գրանցվել է շնորհիվ ժամանակին իրականցվող կանխարգելիչ պատվաստումների արդյունքում նաեւ: Այս տարի ընտանի կենդանիների անկման դեպքեր չեն եղել, եղել է միայն հարկադիր մորթի մի քանի դեպք, որի պատճառը սովորականից երկար մսուրային շրջանն էր եւ անասանկերի պակասը: Կապանի տարածաշրջանում հողագործության խնդիրներն ավել շատ են: Գարնան գյուղատնտեսական աշխատանքներն այս տարի մեկնարկել են 20 օր ուշացումով: Կառավարության շնորհիվ գյուղացին կարծես քիչ թե շատ ապահովված է սերմացուով, դիզվառելիքով եւ պարարտանյութով, ինչը չի կարելի ասել գյուղտեխնիկայի մասին:

“Սա ցավոտ խնդիր է: Մեր գյուղացիական տնտեսությունները այսօր օգտագործում են խորհրդային ժամանակների գյուղտեխնիկան”, - ասում է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Իսկ դրանց օգտագործման ժամկետները վաղուց անցել են, մաշվել են եւ ֆիզիկապես, եւ բարոյապես: Նորոգման համար անգամ պահեստամասեր հնարավոր չէ ձեռք բերել: Իսկ Կապանի տարածաշրջանի փոքր գյուղերի համար նոր, ժամանակակից գյուղտեխնիկա ձեռք բերելը շատ թանկ հաճույք է

Տարածաշրջանը կարիք ունի նաեւ հակակարկտային կայանների: “Մարզում հակակարկտայի կայաններ չկան: Գոնե Կապանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում մեկական պետք է տեղադրել, ինչը մեծ օգնությւոն կլինի գյուղատնտեսությանը”, - հավաստիացնում է Ս.Թանգյանը: Իսկ ոլորտի ամենացավոտ հարցը գյուղատնտեսական վարկերն են, որոնցից միշտ դժգոհում են գյուղացիները, սակայան ստիպված շարունակում են օգտվել դրանցից:

Գոհար Իսախանյան, Կապան

вторник, 3 апреля 2012 г.

Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի-ն մտադիր է կազմակերպել Բաց դռների օր բնապահպանների համար


 
“Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ՓԲԸ, այնուամենայնիվ, պատասխանել է Կապանում գործող թվով վեց ՀԿ-ների նամակին` ուղղված տնօրեն Իլյա Գարկովին: Մարտի 16-ին ուղարկված նամակով ՀԿ նախագահները տնօրենից թույլտվություն էին խնդրել` շրջայց կատարելու կոմբինատի արտադրամասերում` նպատակ ունենալով ծանոթանալ ձեռնարկության արտադրական գործընթացներին, բնապահպանական խնդիրներին, աշխատակիցների, մասնավորապես` հանքագործների աշխատանքային պայմաններին:

Պատասխան նամակում, որի տակ ստորագրել է ձեռնարկության վարչական եւ հանրության հետ կապերի մենեջեր Գայանե Թադեւոսյանը, մասնավորապես նշված է` “Վստահեցնում ենք, որ մեր ընկերության համար առաջնային են համարվում մեր աշխատակիցների անվտանգ աշխատանքը: Շրջակա միջավայրի եւ աշխատանքային պայմանների անվտանգությունը մեր ընկերության համար առաջնահերթ դիրք են զբաղեցնում, եւ մենք ձգտում ենք ապահովել շարունակական զարգացում բոլոր ոլորտներում”:

Նամակով տեղեկացվում է, որ գալիք ամռանը կոմբինատը ծրագրում է կազմակերպել “Բաց դռների օր” միջոցառումը, որին նախատեսել են հրավիրել նաեւ Կապանի ՀԿ-ներին:

“Պատասխանը գոհացուցիչ չէ, այն անորոշ է, մենք ակնկալում էինք ավելի կոնկրետ պատասխան: Ինչեւէ, մի քիչ էլ կսպասենք եւ կմասնակցենք ձեռնարկության կողմից ամռանը կազմակերպվելիք “Բաց դռների օր” միջոցառմանը” - ասում է “Կայուն զարգացում” ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը

Նախաձեռնությունն աննախադեպ է կոմբինատում եւ ՀԿ-ների համար պարզ չէ, թե կոմբինատի տնօրինությունը նման միջոցառում նախատեսել էր նախօրեք, թե դա արվել է նամակից դրդված: Իլյա Գարկովին ուղղված նամակի տակ ստորագրել էին “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի, “Ազատամարտ” կոմիտեի, Կապանի Օրհուս կենտրոնի, “Կայուն զարգացում”,”ՙԿապանի կանանց ռեսուրս կենտրոն”, “Իրավական հասարակություն” ՀԿ-ները եւ նրանց նախաձեռնությանը միացած ԶԼՄ ներկայացուցիչները:

Գոհար Իսախանյան, Կապան