Օձը հրդեհել է պոմպակայանը
Վեց տարի առաջ հրդեհվել էր Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղի
պոմպակայանը: Երեկ` մայիսի 9-ի վաղ առավոտյան` ժամը 07.30-ի սահմաններում
դարձյալ հրդեհ է բռնկվել պոմպակայանում: “Երկու դեպքում էլ հրդեհի պատճառը
օձն է եղել: Սողունը բարձրանում է տրանսֆորմատորի վրա, առաջանում է կարճ
միացում եւ հրդեհ է բռնկվում”, - համոզված է գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը,
ով առաջին հրդեհի ժամանակ իր աչքով տեսել է օձին: Հրդեհի հետեւանքով այրվել
է պոմպակայանի երկու բաժիններից մեկն ամբողջովին` էլեկտրական վահանակներ,
տրանսֆորմատոր եւ 20 գծամետր մալուխ: Հրդեհից մեկ օր հետո պոմպակայանի
նորոգման աշխատանքները սկսվել են, որն իրականացնում է Մեղրիի
ջրօգտագործողների ընկերությունը: “Անհրաժեշտ կլինի ամենաքիչը 6 մլն դրամ:
Գյուղապետարանը նման միջոցներ չունի, այն կտրամադրի ՋՕԸ-ը, որին
անդամակցում են գյուղացիները: Աշխատանքները կկատարվեն հնարավորինս սեղմ
ժամկետում` մեկ շաբաթում, քանի որ այլ ելք չունենք` մնալով առանց ջրի
կչորանան գյուղի ավելի քան 45 հա ցանքսեր”, - ասում է գյուղապետը:
Նռնաձորը, նախկին Նյուավդի գյուղը, հանրապետության ամենահարավային
բնակավայրն է, որտեղ ամռանը օդի ջերմաստիճանը հասնում է մինչեւ 44
աստիճանի: Այստեղ հաճախ են հանդիպում երեք տեսակի թունավոր օձեր, իսկ
վերջերս գյուղի մոտակայքում հայտնաբերվել է նոր տեսակի` կարմիր գույնի օձ,
որը բնակիչներն առաջին անգամ են նկատել: “Անգամ չգիտենք` դրանք թունավոր
օձեր են, թե չէ: Դրանցից մեկին ուղարկել ենք Սանկտ-Պետերբուրգ`
հետազոտության նպատակով, առայժմ պատասխան չկա”, - պատմում է գյուղապետը:
Ամռան ամիսներին օձերը մեծ վտանգ են ներկայացնում նռնաձորցիների համար:
Տարեկան գյուղում պարտադիր գրանցվում է օձի խայթոցի 1-2 դեպք: “Շոգերը
սկսվեցին, էլի օձերի ձեռը կրակն ենք ընկնելու”, - մտահոգվում է գյուղապետը:
Գոհար Իսախանյան, Կապան
Комментариев нет:
Отправить комментарий