Տղաները չեն ամուսնանում, աղջիկներն էլ հարեւան գյուղեր են հարս գնում
|
«Մեր գյուղում լուրջ խնդիր կա` տղաները չեն ամուսնանում: Շատ ունենք 30-ն անց, անգամ 40-ն անց տարիքի տղաներ: Չեն ամուսնանում, որովհետեւ տուն չունեն, քնելու տեղ չունեն: Մի տան մեջ երեք, չորս եղբայրներից մեկը կամ երկուսն ամուսնանում են, մյուսները՝ չէ: Անընդհատ կանչում եմ, խոսում, ասում եմ` քավոր կկանգնեմ, բայց բան չի ստացվում, ազնիվ խոսք: Իսկ աղջիկների հաշվով խնդիր չկա: Նրանք հարս են գնում հարեւան գյուղեր», - ասում է Աղիտուի գյուղապետ Հրաչիկ Հայրապետյանը:
Գյուղապետին շատ է անհանգստացնում այս խնդիրը, հատկապես այն, որ գյուղում երեխաներ քիչ են ծնվում: Այդ պատճառով էլ գյուղացիները կատակով ասում են. «Գյուղում ով հղի կին է տեսնում, շտապում է առաջինը ինքը գյուղապետից մաղարիչ ուզել»:
Փոխարենն Աղիտուում շատ են միայնակ ծերերը` 20 հոգի, որոնց մեջ գերակշռում են կանայք: Նրանց կենսական խնդիրները, անգամ թաղման հոգսը, հոգում է գյուղապետարանը:
Աղիտուն Որոտան գետի ձախ ափին է, Սիսիան քաղաքից ընդամենը յոթ կմ հեռու: Այն հնագույն բնակավայրերից է, որտեղ գտնվում է Հայաստանի նշանավոր պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ 5-7 դդ. մահարձանը։ Գյուղի տարածքում կան մ.թ.ա. 2-1 հազ. դամբարանադաշտեր։ 18-դարում աստիճանաբար դուրս մղելով հայերին, գյուղում բնակություն են հաստատել թուրքերը:
1988թ. ադրբեջանցիների արտագաղթից հետո գյուղը վերաբնակեցվել է հիմնականում Ադրբեջանի քաղաքներից բռնագաղթած հայերով: Աղիտուի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, մեղվաբուծությամբ: «Նրանց համար հեշտ չէր: Հինգերորդ հարկից իջնել, գալ ու զբաղվել անասնապահությամբ: Երբ դեռ նոր էին եկել, մեկի կովը ծնեց, մեծ ճաշկերույթ կազմակերպեց: Մենք նույնիսկ երեխա ունենալուց էդպիսի խնջույքներ չենք անում», - ծիծաղելով պատմում է գյուղապետը:
Աղիտուի բնակիչների մի մասն աշխատում է գյուղում տեղակայված զինվորական հոսպիտալում, դպրոցում, մանկապարտեզում, գյուղապետարանում: Գյուղն ունի իր հովանավորը` ամերիկուհի Քերին, ով Խաղաղության կորպուսի կամավորներից է, սրտով ու հոգով կապվել է գյուղի հետ եւ բարեգործություններ է անում: Վերջին տարիներին Աղիտու համայնքում շատ խնդիրեր են լուծվել:
2001-ին կառուցվել է դպրոցի նոր շենքը, անցկացվել է ոռոգման ջրատար, գյուղը գազիֆիկացվել է, գործում է դպրոց, մանկապարտեզ: «Աստիճանաբար Աղիտուն նմանվում է հին ժամանակների ծաղկուն շրջանի հայկական գյուղի: Երեւի թե հանրապետությունում փախստականներով բնակեցված նման բարեկեցիկ գյուղ չկա», - ասում է գյուղապետը:
Աղիտուի բնակիչ, երկու երեխաների մայր, 30-ամյա Քրիստինեի կարծիքով եւս գյուղում վատ չէ, դժգոհելու պատճառ չունի, ամուսինն աշխատում է, իսկ ինքը զբաղված է մանկահասակ երեխաների խնամքով: Սակայն նա իր տղաների ապագան գյուղում չի տեսնում: «Մի քիչ, որ մեծանան, պետք է տեղափոխվենք, գյուղում ապագա լինել չի կարող», - համոզված ասում է երիտասարդ կինը: