Գյուղացին քաղաքում ապրել է ուզում |
|
“Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ-ն հանքերի մի մասը` 95,5 հա տարածք, գտնվում է Աճանանի վարչական տարածքում, որը ձեռնարկությունը շահագործում է վարձակալական հիմունքներով` գյուղապետարանին վճարելով տարեկան 12 մլն դրամ հարկ: Գյուղի տարածքով անցնում է նաեւ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ի թափուկատարը, նաեւ այստեղ կոմբինատն ունի պոչամբար: Գյուղապետարանի ու կոմբինատի միջեւ ընթացքի մեջ են պայմանագրի կնքման աշխատանքները, որից հետո ԶՊՄԿ-ն եւս հարկ կվճարի գյուղապետարանին: Մասնագետները հավաստիացնում են, որ գյուղում լուրջ բնապահպանական խնդիրներ չկան, քանի որ հանքարդյունաբերության նպատակով օգտագործվում են գյուղի ցածրադիր գոտու հողերը, իսկ մշակվող հողատեսքերն ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում: Գյուղը գազիֆիկացված է, ունի բուժկետ, կառուցվում է նոր համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված կլինի գյուղապետարանը, գրադարանը, 120 տեղանոց դահլիճը, նաեւ` կունենա խաղասենյակ: Գյուղապետ Վաչե Ավետիսյանը նախատեսել է առաջիկայում բացել մանկապարտեզ, հիմնել ժամանացի վայր, հանգստի գոտի եւ այլն: Սակայն այս ամենը գյուղի երիտասարդի համար բավարար չէ: 19-ամյա Արմեն Հայրիյանը, ով ընտանիքի միակ զավական է եւ ունի հաշվապահի միջին մասնագիտական կրթություն, գյուղի շատ երիտասարդների պես երազում է ապրել ու աշխատել քաղաքում: Նա միայն տեսնում է գյուղական կյանքի դժվար կողմերը, ասում է. “Գյուղում կյանքը դժվար է, հողից փող ստեղծել հնարավոր չէ, ինչ անում ես, ծախսերն ավելի շատ են լինում, քան եկամուտները: Բացի դրանից` գյուղում հետաքրքիր ոչինչ չկա, չնայած տանն ունեմ համակարգիչ, ինտերնետ կապ”: 19-ամյա Արմենն իր ապագան տեսնում է միայն քաղաքում, որտեղ, իր խոսքով, կարող է փող աշխատել ու լավ ապրել: Քաղաքի մասին ունեցած վառ երազների տպավորությամբ էլ երիտասարդը, շատերի պես, մի փոքր հնարավորության դեպքում պատրաստ է լքել հայրենի գյուղը: |
вторник, 15 мая 2012 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий