пятница, 20 мая 2011 г.

Դինո գոլդ մայնինգ քամփնի-ն ընդլայնում է գործունեությունը

“Հանքավայրի շահագործումը պետք է լինի պետության մենաշնորհը”: Այսպիսի կարծիք է հնչել Կապանի քաղաքապետարանում անցկացված “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ  հերթական նախագծի հանրային քննարկման ընթացքում: Ի դեպ` ընկերությունը մարզում հանքարդյուանբերությամբ զբաղվող չորս ձեռնարկություններից միակն է, որ պահպանում է օրենքի պահանջը եւ իր նախագծերն իրականացնելուց առաջ կազմակերպում է հանրային լսումներ:

Քննարկվող նախագիծը վերաբերում էր կոմբինատի Շահումյանի հանքավայրի ընդլայնման ընթացքում շրջակա մրջավայրի վրա ազդեցության գնահատամանը: Փաստաթղթում ներկայացված են ընկերության արտադրական գործընթացները եւ հզորությունը մինչեւ ընդլայնումը, բերված են ելքային բնակլիմայական պայմանները, նախատեսվող ընդլայնման բնութագրերը եւ ցուցանիշները: Նշված տեղեկությունների եւ տվյալների հիման վրա հաշվարկվել են ընդլայնման արդյունքում շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցության ցուցանիշները:

Ներկայացնելով փաստաթուղթը ընկերության բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Մկրտումյանը նշեց, որ ֆաբրիկան այսօր աշխատում է իր հզորության ընդամենը 20-30 տոկոսով եւ որոշում է կայացվել ընդլայնել ձեռնարկության հզորությունները` տարեկան 300 հազար տ-ից անցնելով 600 հազար տոննա հանքաքարի արդյունահանման: Իր խոսքում կարեւորեց այն հանգամանքը, որ հանքաքարի արդյունահանումը կատարվելու է միայն փակ եղանակով: Իսկ հանքավայրից հանքաքարի արդյունահանման նախագիծը կներկայացվի որոշ ժամանակ հետո: Առայժմ այն ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությանը:

Փաստաթղթի քննարկումն ընթանում էր սուր բանավեճով: Մասնակիցների` բնապահպանների, ՀԿ ներկայացուցիչների,  լեռնահանքային արդյունաբերության նախկին աշխատողների, ավագանու անդամների, համայնքի ներկայացուցիչների առաջարկությունների հիմքում այն պահանջն էր, որ կոմբինատը պետք է գործի, սակայն նվազագույնս պետք է հասցվեն այն բնապահպանական խնդիրները, որ առաջանում են ձեռնարկության գործունեության ընթացքում: Նրանց մտահոգում էր նաեւ այն  սոցիալական ծրագրերն ու նոր աշխատատեղերի բացումը, որը հնարավոր է նախագծի իրականցումից հետո: Բնապահպաններն ահազանգեցին, որ պետք է ուշադրություն դարձնել հանքաքար տեղափոխող մեքենաների անվադողերի լվացմանը, նաեւ հանրապետությունում միայն կոմբինատի Թեջադինի հանքի շրջակայքում աճող վայրի քաջվարդի էնդեմիկ տեսակի պահպանմանը:

Պատասխանելով մասնակիցների հարցերին ընկերության հասարակայնության եւ կառավարության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանն ասաց, որ  մատնանշված բոլոր թերությունները, բացթողումները քննարկվելու են եւ հնարավորինս դրանք ներառվելու են նախագծի մեջ:

Նախագծի քննարկման վերջում մասնակիցները պահանջեցին արձանագրության մեջ անպայման նշել, որ Կապանի բնակչությունը դեմ է Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործմանը:
ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ, Կապան

среда, 18 мая 2011 г.

Ֆրանսիացիները վերականգնում են Սյունիքի պատմական հուշարձանները

Վերջին տարիներին Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների պահպանմամբ ու վերականգնմամբ մտահոգ է նաեւ ֆրանսիական “Երկիր-մշակույթ” կազմակերպությունը: Արդեն չորս տարի է  “Երկիր-մշակույթ” -ի ջանքերով վերականգնվում է Կապանի Եղվարդ գյուղի 18-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

 “Մնում է միայն բարեկարգել եկեղեցու շրջապատը եւ վերջ: Նախատեսված է եկող ամռանը` օգոստոսին, մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնել եւ միաժամանակ օծել լիովին վերականգնված եկեղեցին: Բացման հանդիսությանը միայն 30 հյուրեր կլինեն Ֆրանսիայից”, - ասում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը:

Մասնագետ-վարպետներից բացի Եղվարդի եկեղեցու վերականգնմանն իրենց լուման են ներդրել հարյուրավոր հայ երիտասարդ կամավորներ` աշխարհի տարբեր երկրներց: Անցած տարի եկեղեցու շինաշխատանքներին, իր ընկերների հետ միասին, մասնակցել է նաեւ հանրաճանաչ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի որդին` Արշիլը: Նրան Եղվարդում տեսակցելու են եկել ծնողները` Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը, որոնց այցը գյուղում վերածվել է իսկական տոնի եղվարդցիների համար:

Այս տարի “Երկիր-մշակույթ” կազմակերպության խորհրդի հավաքում հաստատվել են Սյունիքում իրականացվելիք նոր ծրագրեր: Դրանցից մեկը Հին Գորիս գյուղատեղիում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման ու նորոգման ծրագիրն է: Եկեղեցու շրջակայքում կազմակերպությունն արդեն պեղումներ կատարել է, իսկ ընթացիկ տարում նախատեսված են եկեղեցու վերականգնման նախագծային աշխատանքները, որից հետո հնարավոր է սկսվի նաեւ շինարարությունը:

Մյուս ծրագիրը Անգեղակոթի միջնադարյան գերեզմանատան տարածքում 5-րդ դարին թվագրվող կոթողի շրջակայքում պեղումներն են: “Կարծիքներ կան, որ հենց այստեղ է գտնվում Վարդան Մամիկոնյանի գերեզմանը, չնայած անգեղակոթցիների կարծիքով դա Վասակ Սյունու գերեզմանն է:

Ներկայում կոթողի որոշակի տարրեր, օրինակ խոյակը, դրված է Անգեղակոթի Վարդան Զորավոր եկեղեցու բակի գերեզմանոցում, հուշասյունը, որի վրա կա խաչքար, կանգնեցված է գերեզմանոցի այլ տարածքում: Այս ամենը հստակեցման կարիք ունի, որի համար էլ կիրականացվեն պեղումներ” - ասում է Ա.Հակոբյանը:

Կազմակերպության այս տարվա մյուս ծրագրերը ներառում են պահպանվող հուշարձանների տանիքների մաքրման աշխատանքներ: Տարիների ընթացքում եկեղեցիների տանիքներին բուսականությունից բացի ծառեր են աճել, ինչը հնարավոր է շինությունների փլուզման պատճառ դառնա:

Նախատեսվում է ամռանը մաքրել Բղենո Նորավանքի (10-11-րդ դարեր) տանիքը, որտեղ բուսականությունն արդեն սալիկների տակից է աճում: Եթե ֆինանսական միջոցները հնարավորություն տան, նման աշխատանքներ կկատարվեն նաեւ Բարձրավանի Քարինտակի Սուրբ Մինաս եկեղեցու (13-րդ դար) տանիքին:

Վերականգնման կարիք ունեցող եկեղեցիների տանիքներում պայքարը բուսականության դեմ ժամանակավոր բնույթ կկրի` մինչեւ շինության վերականգնումը: Իսկ, օրինակ, Բղենո Նորավանքի տանիքին աճած ծառերը կհատվեն, որից հետո դրանց արմատները կչորացվեն հատուկ նյութերի օգնությամբ:
Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 16 мая 2011 г.

Մեկնարկեց գարնանային զորակոչը

Այսօրվանից մեկնարկեց 2011թ. գարնանային զորակոչը, որը կավարտվի հունիսի 30-ին: Դեռեւս օրեր առաջ Սյունիքի մարզխորհրդի նիստում Գորիսի զինկոմ մայոր Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել է, որ մարզի զինվորական կոմիսարիատները պատրաստ են բարձր մակարդակով անցկացնելու այս զորակոչը եւ կատարելու առաջադրանքը:

Իսկ դա մարզի չորս զինկոմիսարիատների համար աննախադեպ չէ:  Անցած տարվա գարնանային եւ աշնանային զորակոչի ժամանակ ցուցաբերած բարձր առաջադիմության համար ՊՆ-ում տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ  Սյունիքը ճանաչվել է լավագույնը, եւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Գորիսի զինկոմը նախարարի կողմից պարգեւատրվել են թանկարժեք նվերներով, իսկ Մեղրիի զինկոմ մայոր Դավիթ Անանյանն արժանացել է պատվոգրի:

“Սյունիքում զորակոչից խուսափողների թիվը համեմատաբար քիչ է մյուս մարզերից: Սակայն պետք է համապատասխան աշխատանք իրականացվի` չհաշվառված զինակոչիկներին հայտնաբերելու եւ ներկայացնելու զորակոչային հանձնաժողովին”, - ասում է Մ. Պողոսյանը:

Ըստ նրա, կան որոշ դժվարություններ, որոնք փորձում են լուծել: Մարզի որոշ համայնքներում դեռեւս ձեւական բնույթ են կրում հաշվառված զինապարտ քաղաքացիների գրանցամատյանները եւ չեն ընդգրկում քաղաքացիների բոլոր տվյալները: Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են դա անել եւ պահանջվող տվյալները պարբերաբար ներկայացնել զինկոմիսարիատներ:

Զինակոչիկներին մարզից ստացիոնար հետազոտման նպատակով մայրաքաղաք ուղարկելիս տրվող ճանապարհածախսը չի համապատասխանում ներկա գներին: Հիվանդանոցում մասամբ է լուծվում սննդի հարցը, կամ դրա դիմաց տրվող դրամական փոխհատուցումը: Հիվանդանոցները գերծանրաբեռնված են եւ հետազոտման ուղարկված զինակոչիկները ժամանակին չեն կարողանում հետազոտվել եւ ներկայացնել եզրակացություններ:
Գոհար Իսախանյան, Կապան

среда, 11 мая 2011 г.

Ճաշակ ունեցողը փող չունի, փող ունեցողը արվեստի հետ կապ չունի

“Լոռվա ձոր” հայրենակցական միության եւ “Փյունիկ” հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ Սյունիքում անցկացվեց նկարիչների սիմպոզիում, որին մասնակցել են նաեւ կապանցի երեք նկարիչ` Հայաստանի նկարիչների միության անդամներ Լորիկ Մինասյանը, Վահրամ Խաչատրյանը, Հրանտ Էլչյանը: Անցած տարի Լորիկ Մինասյանը մասնակցել է նաեւ Լոռիում անցկացված սիմպոզիումին:

“Առաջին անգամն էի նկարում լոռվա բնաշխարհը, հրաշալի էր: Գնացինք նաեւ Արցախ, եղանք ազատարգված տարածքներում: Ուրախ եմ, որ հերթը հասավ Սյունիքին, եղանակն էլ բարեհաճ է”, - ասում է նա:

Յոթ օրվա ընթացքում նկարիչները, բաժանվելով խմբերի, մարզի տարբեր վայրերում` Կապանում, Քաջարանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում նկարեցին գարնանային էտյուդներ: Հետագայում այդ աշխատանքները տեղ կգտնեն Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսում: Նկարիչների մեկական աշխատանք էլ կտրվի սիմպոզիումի կազմակերպիչներին:

Նման նախաձեռնությունը հատկապես մարզի նկարիչների համար հարմար առիթ է ներկայացնելու իրենց աշխատանքները, նաեւ դրանք վաճառելու եւ գումար վաստակելու համար:

“Սիմպոզիումը լավ հնարավորություն է շփվելու գեղանկարիչների հետ, զարգացնելու նոր ճաշակ, նոր մոտեցումներ, ինչու չէ, նաեւ մանրամասն ծանոթանալու մեր բնաշխարհին, հավատացեք, մենք դրա կարիքն էլ ունենք”, - ասում է Լորիկ Մինասյանը, ով երկրորդ տարին է մայրաքաղաք է տեղափոխվել:

Նա կարծում է, որ նման միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ հատկապես Կապանում նկարիչները հնարավորություն չունեն լիարժեք նվիրվելու իրենց գործին: “Կար կորիզ Կապանում`  Նկարիչների միության յոթ անդամ ունենք, բայց երբ նկարիչը չի ստեղծագործում, ամեն ինչ քանդվում է”, - ասում է նա:

Վահրամ Խաչատրյանին սիմպոզիումը նոր եռանդ, նոր ոգեւորություն է հաղորդել: “Ոգեւորությունը շատ անհրաժեշտ է ստեղծագործող նկարչին: Եթե իմանաս, որ կա պահանջ, որ ինչ-որ մեկին պետք են քո նկարները, կաշխատես, կստեղծագործես: Ես 500-ից ավելի նկարներ ունեմ, որոնք հանդիսատեսի կարիք ունեն, ինչու չէ, նաեւ` գնորդի: Իսկ այսօր մեզ վրա ուշադրություն չեն դարձնում: Ճաշակ ունեցողը փող չունի, փող ունեցողը արվեստի հետ կապ չունի”, - ասում է նա:

Սիմպոզիումի ընթացքում Վ.Խաչատրյանը 10 աշխատանք է նկարել: Ուրախ կլինի, եթե դրանք վաճառվեն ցուցահանդեսի ժամանակ: Արվեստով զբաղվելու, արվեստին նվիրվելու համար ֆինանս է պետք: Իսկ ինքը ստիպված է աշխատել նաեւ թատրոնում, որպես նկարիչ-բեմադրող: Կարծում է, որ եթե չաշխատի, իր խոսքով` “սոված ու աղքատ կլինի”:

Հրանտ Էլչյանը եւս արվեստի համար քիչ ժամանակ է ունենում: Նա կենցաղային խնդիրները լուծելու համար ստիպված է մանկավարժություն անել, նաեւ զբաղվում է մեղվաբուծությամբ: “Սիմպոզիումը մեծ առաջընթաց է, քանի որ այստեղ մշակութային կյանքը մեռած է, այստեղ արվեստով հետաքրքրվողներ չկան, այստեղ մշակույթը մոռացվում է, արվեստը` մեռնում”: Համաձայնվելով ընկերների հետ Լ.Մինասյանն ասում է` “Այս ամենի միակ փրկությունը հավատն է: Եթե անունով քրիստոնյա ենք, ուրեմն պիտի քրիստոնիա լինենք նաեւ գործով: Ես այսպես եմ տեսնում այս ամենի փրկությունը”:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆԿապան

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան

суббота, 7 мая 2011 г.

Կապանին խոստացան մաքուր ջուր

Հորդառատ անձրեւներից հետո Կապանում այլեւս խմելու ջուրը պղտոր չի լինի: Սա դեռեւս խոստում է, որ “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տվել է մարզկենտրոնի բնակիչներին` Կապան կատարած այցի ժամանակ:

Իսկ նրա այցը մարզկենտրոն առաջին անգամը չէր, բայց շատ սպասված էր: “Արդեն 4-րդ անգամն է հանդիպում ենք, դուք խոսում եք ներդրվելիք միլիոնների մասին, սակայն Կապանի ջրամատակարարման ներքին ցանցում վթարները օրեցօր շատանում են ու մեծանում այն վնասները, որ առաջանում են վթարների հետեւանքով: Անցած տարի Հալիձոր թաղամասում գրանցված բարձր ճնշման խողովակի պայթյունից հրաշքով են փրկվել մոտակա մանկապարտեզի 20 երեխաները: Մինաս Պապյան փողոցն արդեն երկու տարի է քանդել եք, փակել ճանապարհը մեքենաների համար ու թողնելով այդպես քանդված` դադարեցրել աշխատանքները: Անցած օրը Հալիձոր թաղամասի կամրջի վրայով անցնող ջրատարում արձանագրված վթարի պատճառով տեղահան է եղել 60-70 քառ.մ ասֆալտ: Եթե պետք է, էլի կարող եմ թվարկել”, - ասաց քաղաքապետ Արթուր Աթայանը` Պ.Լորենի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետին հուզում էր նաեւ այն հարցը, թե ինչու քաղաքի մի շենքում տեղի ունեցած վթարի պատճառով ժամերով պետք է դադարեցվի մի ողջ թաղամասի ջրամատակարարում` վթարը վերացնելու համար: “Մենք պատրաստ ենք աջակցել: Ընդամենը 70-80 փականի տեղադրման խնդիր է: Համատեղ անենք այդ աշխատանքները, գոնե այս խնդիրը լուծվի”,- պատրաստակամություն է հայտնել քաղաքապետը:

Հանդիպման ժամանակ Պատրիկ Լորենը խոստովանել է, որ տեղյակ է բոլոր խնդիրների մասին եւ հույս հայտնել, որ նախատեսված ծրագրերի իրականացումից հետո, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն կբարելավվի ջրամատակարարումը Կապան քաղաքում:

Խոսքը ընկերության մշակած երկու ծրագրերի մասին է, որոնք կֆինանսավորվեն Ասիական (1,5 մլն դոլար) եւ Եվրոպական (2,7 մլն դոլար) զարգացման բանկերի կողմից: Առաջին ծրագրով նախատեսվում է Կապանի անհատական տներ ունեցող թաղամասերում, որտեղ կորուստները գերազանցում են մատակարարվող ջրի ավելի քան 80 տոկոսը, ջրատարի ներքին ցանցի 25 կմ երկարության հին խողովակները փոխարինել նորերով: Երկրորդ ծրագրով եւս նմանատիպ աշխատանքներ կկատարվեն ջրատարի այլ հատվածներում: Իսկ խմելու ջրի մաքրման կայանի համար արդեն իսկ ձեռք են բերվել նոր, ժամանակակից սարքավորումներ, որոնց տեղադրումից հետո էականորեն կլավանա ջրի որակը:

“Մոտ ժամանակներս սպասվում է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների այցը Հայաստան: Նրանք կառավարության հետ կքննարկեն 50 մլն դոլար վարկի տրամադրման հարցը: Նախատեսում ենք այդ գումարից եւս որոշակի մաս տրամադրել Կապանին”, - քաղաքապետի հետ հանդիպմանն ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Իսկ առաջիկա 5 տարիներին Կապանի կոյուղու եւ ջրահեռացման ցանցերում աշխատանքներ չեն նախատեսվում: Դրանք կարվեն միայն հավելյալ գումարների առկայության դեպքում:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ

понедельник, 2 мая 2011 г.

ՇԻԿԱՀՈՂԸ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է

Գեղեցիկ ու մաքուր, բարեկարգ ու լուսավոր, փարթամ բուսականությամբ, գազաֆիկացված, փողոցներ` ավտոբուսի կանգառներով, զբոսայգի` կարուսելներով… Իրենց նկարչական  աշխատանքներում հայրենի գյուղն այսպես են երազում տեսնել Կապանի տարածաշրջանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ եւ Ներքին Հանդ համայնքների երեխաները:

Սրանք այն հինգ գյուղերն են, որոնք ընդգրկված են Գերմանիայի վերակառուցման բանկի (KFW) եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվող ”Շիկահող” պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում” ծրագրում:

Նախագծի ընդհանուր արժեքը 4 մլն եվրո է, տեւողությունը` 5 տարի: Ծրագրի նախնական փուլ համարվող ”Մրցույթ/մրցանակ” միջոցառման շրջանակներում է կազմակերպվել “Իմ երազանքների գյուղը” թեմայով նկարչական աշխատանքների մրցույթը` նշված հինգ համայնքների դպրոցներում:

Մրցույթին մասնակցել է 110 երեխա, որոնցից 13-ի աշխատանքները ճանաչվել են լավագույնը եւ ծրագրի ղեկավարության կողմից արժանացել թանկարժեք նվերների` բջջային հեռախոսների եւ ուսապարկերի:

“Պատկերացնել անգամ չէինք կարող, որ հեռավոր գյուղերի երեխաներն այսքան վառ երեւակայություն ունեն: Մասնակիցներից մեկի աշխատանքում արջը գրկել էր ծառը եւ թույլ չէր տալիս մարդկանց կտրել այն: Սա խոսում է բնության նկատմամբ երեխայի ունեցած անսահման սիրո մասին: Նման հետաքրքիր աշխատանքները շատ էին եւ որոշել, թե որոնք են լավագույնները, իրոք դժվար էր”, - ասում է մրցույթի ժյուրիի անդամ Վլադիկ Ղուկասյանը:

Մրցույթին մասնակցած մյուս երեխաներին, նաեւ այդ գյուղերի դպրոցներին եւս բաժին են հասել նվերներ` գունավոր կավիճներ, նկարչական տետրեր, մատիտներ, ներկեր, վրձիններ, պատկերազարդ գրքեր, գնդակներ, սեղանի խաղեր, նաեւ` պահպանվող բուսական ու կենդանական աշխարհին նվիրված պլակատներ` կենսաբանության դասաժամերին օգտագործելու համար:

“Շիկահողի ենթաշրջանի բնությունը շատ եզակի է ու հիանալի: Այն միջազգային  նշանակություն ունի եւ հետաքրքրում է ողջ աշխարհին: Դա է պատճառը, որ ես ու ծրագրի մյուս պատասխանատուները հանձնարարական ենք ստացել հնարավորինս արդյունավետ իրականացնել այս նախագիծը, որի ավարտին տարածաշրջանում կունենանք բնության հետ ներդաշնակ ապրող մարդիկ ու բարեկեցիկ բնակչություն”, - ասում է ծրագրի ղեկավար Գյունտեր Լոյսքանդլին:

Բնապահպանական այս ծրագիրը, որը ենթադրում է, առաջինը Հայաստանում, “Շիկահող” պետարգելոցը որպես միջուկ օգտագործելով, ստեղծել կենսոլորտային պահպանվող տարածք, գումարներ է նախատեսում նաեւ հինգ գյուղական համայնքների անհատական տնտեսությունների եկամտի ավելացման, բնամթերքի իրացման եւ համայնքային եկամուտների մուտքերի մեծացման համար: Կլինեն ծրագրեր նաեւ Կապան քաղաքի համար:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան