среда, 11 мая 2011 г.

Ճաշակ ունեցողը փող չունի, փող ունեցողը արվեստի հետ կապ չունի

“Լոռվա ձոր” հայրենակցական միության եւ “Փյունիկ” հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ Սյունիքում անցկացվեց նկարիչների սիմպոզիում, որին մասնակցել են նաեւ կապանցի երեք նկարիչ` Հայաստանի նկարիչների միության անդամներ Լորիկ Մինասյանը, Վահրամ Խաչատրյանը, Հրանտ Էլչյանը: Անցած տարի Լորիկ Մինասյանը մասնակցել է նաեւ Լոռիում անցկացված սիմպոզիումին:

“Առաջին անգամն էի նկարում լոռվա բնաշխարհը, հրաշալի էր: Գնացինք նաեւ Արցախ, եղանք ազատարգված տարածքներում: Ուրախ եմ, որ հերթը հասավ Սյունիքին, եղանակն էլ բարեհաճ է”, - ասում է նա:

Յոթ օրվա ընթացքում նկարիչները, բաժանվելով խմբերի, մարզի տարբեր վայրերում` Կապանում, Քաջարանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում նկարեցին գարնանային էտյուդներ: Հետագայում այդ աշխատանքները տեղ կգտնեն Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսում: Նկարիչների մեկական աշխատանք էլ կտրվի սիմպոզիումի կազմակերպիչներին:

Նման նախաձեռնությունը հատկապես մարզի նկարիչների համար հարմար առիթ է ներկայացնելու իրենց աշխատանքները, նաեւ դրանք վաճառելու եւ գումար վաստակելու համար:

“Սիմպոզիումը լավ հնարավորություն է շփվելու գեղանկարիչների հետ, զարգացնելու նոր ճաշակ, նոր մոտեցումներ, ինչու չէ, նաեւ մանրամասն ծանոթանալու մեր բնաշխարհին, հավատացեք, մենք դրա կարիքն էլ ունենք”, - ասում է Լորիկ Մինասյանը, ով երկրորդ տարին է մայրաքաղաք է տեղափոխվել:

Նա կարծում է, որ նման միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ հատկապես Կապանում նկարիչները հնարավորություն չունեն լիարժեք նվիրվելու իրենց գործին: “Կար կորիզ Կապանում`  Նկարիչների միության յոթ անդամ ունենք, բայց երբ նկարիչը չի ստեղծագործում, ամեն ինչ քանդվում է”, - ասում է նա:

Վահրամ Խաչատրյանին սիմպոզիումը նոր եռանդ, նոր ոգեւորություն է հաղորդել: “Ոգեւորությունը շատ անհրաժեշտ է ստեղծագործող նկարչին: Եթե իմանաս, որ կա պահանջ, որ ինչ-որ մեկին պետք են քո նկարները, կաշխատես, կստեղծագործես: Ես 500-ից ավելի նկարներ ունեմ, որոնք հանդիսատեսի կարիք ունեն, ինչու չէ, նաեւ` գնորդի: Իսկ այսօր մեզ վրա ուշադրություն չեն դարձնում: Ճաշակ ունեցողը փող չունի, փող ունեցողը արվեստի հետ կապ չունի”, - ասում է նա:

Սիմպոզիումի ընթացքում Վ.Խաչատրյանը 10 աշխատանք է նկարել: Ուրախ կլինի, եթե դրանք վաճառվեն ցուցահանդեսի ժամանակ: Արվեստով զբաղվելու, արվեստին նվիրվելու համար ֆինանս է պետք: Իսկ ինքը ստիպված է աշխատել նաեւ թատրոնում, որպես նկարիչ-բեմադրող: Կարծում է, որ եթե չաշխատի, իր խոսքով` “սոված ու աղքատ կլինի”:

Հրանտ Էլչյանը եւս արվեստի համար քիչ ժամանակ է ունենում: Նա կենցաղային խնդիրները լուծելու համար ստիպված է մանկավարժություն անել, նաեւ զբաղվում է մեղվաբուծությամբ: “Սիմպոզիումը մեծ առաջընթաց է, քանի որ այստեղ մշակութային կյանքը մեռած է, այստեղ արվեստով հետաքրքրվողներ չկան, այստեղ մշակույթը մոռացվում է, արվեստը` մեռնում”: Համաձայնվելով ընկերների հետ Լ.Մինասյանն ասում է` “Այս ամենի միակ փրկությունը հավատն է: Եթե անունով քրիստոնյա ենք, ուրեմն պիտի քրիստոնիա լինենք նաեւ գործով: Ես այսպես եմ տեսնում այս ամենի փրկությունը”:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան

Комментариев нет:

Отправить комментарий