вторник, 31 мая 2011 г.

Նախրապանը խեղդվել է գետում

Լեհվազցիներն այսօր հողին հանձնեցին գյուղի նախրապանին, որի դին փրկարաները գտել են երեկ` Մեղրի գետի ափին` նախկին պանրի գործարանի հարակից տարածքում:

Նախրապանը` 61-ամյա Ալբերտ Ավանեսովը, երկու օր առաջ սովորականի պես վաղ առավոտյան նախիրը արոտ է տարել, իսկ երեկոյան, առանց նախրապանի, տուն է վերադարձել անասունների մի մասը: Գյուղացիների որոնողական աշխատանքների արդյունքում մնացած անսունները գտնվել են Մեղրի գետի մյուս ափին: Իսկ նախրապանի դին փրկարարները հայտնաբերել են հաջորդ օրը:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ենթադրվում է, որ Ա.Ավանեսովը խեղդվել է գետում` մյուս ափն անցած անասուններին ետ վերադարձնելու ժամանակ:

“Ալբերտի ընտանիքը` հայրը, մայրը եւ երկու եղբայրները Լեհվազ են բռնագաղթել 1989-ին Բաքվից: Երեք եղբայրներից եւ ոչ մեկն այդպես էլ չի ամուսնացել` մեծ սեր ունեին ալկոհոլի նկատմամբ: Ալբերտը սկզբում հողին է հանձնել հորն ու մորը, անցած տարի` եղբորը եւ հիմա գյուղում ապրում էր կրտսեր եղբոր հետ”, - պատմում է Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանը:

Այսպիսի կենսագրություն է թողել երեք արու զավակի տեր հայկական ընտանիքը, որը մահվան սարսափը սրտում ստիպված լքել է իր տունը եւ ապաստանել Հայաստանի հեռավոր մի գյուղում, որտեղ այդպես էլ չի կարողացել վերականգնել այն, ինչը բախտի կամոք խաթարվել էր:

Լեհվազցիները հրաժեշտ տվեցին գյուղի նախրապանին ու մտահոգ են, դեռ չգիտեն, թե ով է փոխարինելու նրան…
Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 30 мая 2011 г.

Սյունիքի գյուղացիների բիզնես-ծրագրերը մրցանակների են արժանացել

“Շիկահող” պետարգելոցի հարակից հինգ գյուղերի` Ծավի,  Սրաշենի, Ներքին Հանդի, Շիկահողի եւ Ճակատենի բնակիչներն էլ են խոստովանում, որ երբեք այսքան ոգեւորված չեն եղել: Գյուղացիների կողմից ներկայացված համայնքի զարգացման 51 բիզնես ծրագրերից 25-ը ճանաչվել են լավագույնը եւ արժանացել մրցանակների` յուրաքանչյուրը 100-120 հազար դրամ արժողության: Հաղթողներից 9-ը կանայք են, որոնց լրացուցիչ տրվել են նաեւ բջջային հեռախոսներ ու խոհանոցային էլեկտրական սարքավորումներ: Մրցանակների մեջ տեղ են գտել նաեւ զանազան խոհանոցային պարագաներ, գյուղատնտեսական աշխատանքային գործիքներ եւ այլն:

Ներքին Հանդ գյուղի բնակիչ Լաուրա Խալափյանի ու իր ամուսնու ծրագրերը եւս լավագույնների շարքում են: “Ես ներկայացրել եմ գյուղում խմորեղենի արտադրամասի հիմնման ծրագիր: Ինքս մասնագիտությամբ մանկավարժ եմ եւ աշխատում եմ գյուղի դպրոցում, նաեւ շատ եմ սիրում խմորեղեն պատրաստել եւ միշտ մտածել եմ նման ծրագրի իրականցման մասին: Ամուսնուս ներկայացրած ծրագիրը եւս շահել է, այն գյուղատնտեսության, կոնկրետ անասնապահության զարգացման վերաբերյալ է”, - ասում է նա:

Մրցույթն անցակցվել է Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարությունը ներկայացնող KFW զարգացման բանկի ֆինասավորմամբ իրականցվող ””Շիկահող” պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում” ծրագրի բաղադրիչ կազմող “Մրցույթ/մրցանակ” նախապատրաստական փուլի շրջանակներում:

“Ծրագրից սպասելիքները շատ են: Գյուղի յուրաքանչյուր օջախի բարեկեցության համար է արվում ամեն ինչ, որի անհրաժեշտությունն այսօր շատ է զգացվում”, - ասում է Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը:

Ծրագրի պատասխանատուները նվերներից անմասն չեն թողել նաեւ գյուղերի մանկապարտեզների ու դպրոցների սաներին: SEF կազմակերպության հետ համատեղ նրանց են նվիրել խաղալիքներ ու պատկերազարդ գրքեր: Իսկ պետրագելոցի հերթական նվերը ժամանակակից հեռադիտակներն էին: Մինչ այդ նվիրել էին համակարգիչ, տպիչ մեքենա, գրենական պիտույքներ եւ այլն:

Դեռեւս ապրիլ ամսին “Մրցույթ/մրցանակ” բաղադրիչի շրջանակներում Շիկահողի ենթաշրջանի դպրոցների բոլոր 107 աշակերտները մասնակցել են ծրագրի կողմից անցկացված նկարչական մրցույթին եւ լավագույն 13 աշխատանքների հեղինակները պարգեւատրվել են արժեքավոր մրցանակներով, նաեւ յուրաքանչյուր մասնակից ստացել է անհատական նվերներ, իսկ մասնակից 5 դպրոցներին տրամադրվել են տարբեր դիդակտիկ նյութեր եւ գույք:

4 մլն եվրո արժողության այս ծրագրի իրականացման համար առաջարկվող 5 տարիների ընթացքում Շիկահողի ենթաշրջանը անհրաժեշտ աջակցություն կստանա UNESCO-ի ստանդարտներով “Մարդը եւ կենսոլորտը” ծրագրի շրջանակներում միջազգային ճանաչում ստանալու համար՝ որպես եզակի բնական արժեքներ պարունակող տարածք:
ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ, Կապան

суббота, 28 мая 2011 г.

Հունադավան եկեղեցին վտանգված է

Կապան քաղաքից 5-6 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող Բաշքենդ գյուղատեղիի հունական եկեղեցու ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: 19-րդ դարում Կապանի հանքերը շահագործող օտարազգի հանքագործների համար կառուցված այս եկեղեցին, որը, իրավամբ, արվեստի յուրօրինակ գործ է, այսօր մոռացված է շատերի կողմից: Իսկ պատճառը ոչ թե եկեղեցու հունադավան լինելն է, այլ այն, որ հոգեւոր այս շինության ողջ տարածքը վթարային է եւ վտանգավոր:

Եկեղեցին մեկն է Սյունիքի այն ոչ հայկական պատմական հուշարձաններից, որոնք ներառված են պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում. այլ կերպ ասած` Բաշքենդի եկեղեցին պահպանվող տարածք է պետության կողմից “Եկեղեցու հիմքում ամբողջովին շահագործված հանքեր են: Շինության հյուսիսային եւ հարավ-արեւմտյան կողմերում խորը փլվածքներ կան, ինչի հետեւանքով եկեղեցու բոլոր պատերին ճաքեր են առաջացել, եւ չի բացառվում, որ մի օր էլ այն կփլվի”, - անհանգստանում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը, ով բազմիցս է ահազանգել համապատասխան մարմիններին, որ եկեղեցին վթարային վիճակում է, եւ այն տեղափոխման կարիք ունի:

Երկու տարի առաջ “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ-ն հանձն առավ լուծել եկեղեցու տեղափոխման խնդիրը, քանի որ ուներ այդ տարածքի հանքերի շահագործման լիցենզիա: Սակայն նպատակահարմար չհամարելով շահագործել հանքը, ձեռնարկությունը հրաժարվեց լիցենզիայից, ինչպես նաեւ` հրաժարվեց եկեղեցին տեղափոխելու ծրագրից: Խնդրով հետաքրքրվել է նաեւ վարչապետի վերահսկողական ծառայությունը, սակայն առայսօր ոչ մի քայլ չի ձեռնարկվել Բաշքենդի եկեղեցին փլուզումից փրկելու համար: Եկեղեցին կառուցվել է 1865թ., որի հարեւանությամբ կա զանգակատուն, դամբարան, որտեղ էլ թաղված է եկեղեցու շինարարը:

Սյունիքի մարզի տարածքում կան մի քանի մահմեդական գերեզմանոցներ, որոնք եւս հաշվառված են պահպանվող տարածքների պետական ցուցակում: Դրանցից է Աղիտուի մահմեդական գերեզմանոցը` կիսավեր մզկիթով: Համեմատաբար լավ է պահպանված Լեհվազի գերեզմանոցը: Այստեղ կա նաեւ ադրբեջանական կիսաքանդ դամբարան, որի ութանիստ հիմքը եւ պատերի մի մասը լավ պահպանված են: Նռնաձոր գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք’ նախկին հայկական Ըռնաձոր գյուղատեղիում եւս մահմեդական տապանաքարեր կան: Այլ հաշվառված ոչ հայկական հուշարձաններ մարզի տարածքում չկան, սակայն Քիրս, Քարուտ, Գեղի կոչվող տարածքներում մինչ այսօր պահպանված են ադրբեջանական գերեզմաններ:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ
Կապան

Կապանի զորամասը նշեց Հանրապետության տոնը

ԿԱՊԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ անցկացվեցին Կապանում տեղակայված N զորամասում: Մինչ օրվա առիթով կազմակերպված զինվորական միտինգը, տեղի ունեցավ 1992-94 թթ. մարտական գործությունների ժամանակ զոհված' զորամասի ավելի քան 500 զինծառայողների հիշատակին կանգնեցված խաչքարի հանդիսավոր բացում: «Նրանց մահը ծառայեց հայրենիքին» խորագրով խաչքարը զորամասում տեղադրվել է կապանցի գործարարների եւ հրամանատարության ջանքերով:
Զինվորական բացօթյա միտինգի ժամանակ մասնակիցները հարգեցին նահատակ ընկերների հիշատակը, հնչեցրին տոնին նվիրված շնորհավորանքի խոսքեր ու խաղաղության կոչեր: Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը պատվոգրեր հանձնեց ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի հարավարեւելյան սահմանների պաշտպանությանը մասնակցած կապանցի յոթ կանանց: ՀՀ ՊՆ նախարարի հրամանագրով «Ծովակալ Իսակով» մեդալ հանձնվեց զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Վիլեն Գալստյանին: Տոնական միտինգը Կապանի զորամասում ավարտվեց զինվորական շքերթով: Հանրապետության օրվա առիթով Կապանի քաղաքապետարանը նախաձեռնել էր նաեւ պսակադրության արարողություն' Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ծնունդով կապանցի Արամ Մանուկյանին հուշարձանին:

Կապանում մեքենան ընկել է Վաչագան գետը


16:03, 28 Մայիս, 2011
ԿԱՊԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը' ժամը 03:00-ի սահմաններում, Կապան քաղաքի միջով հոսող Վաչագան գետն է ընկել «BMW X5» մակնիշի «17 ԼՍ 778» պետհամարանիշի ավտոմեքենան, որը վարել է Կապանի բնակիչ, 1985 թ. ծնված Վարդան Գեւորգյանը: Վթարը տեղի է ունեցել մարզպետարանի դիմաց' Մելիք-Ստեփանյան եւ Գ. Նժդեհ փողոցների հատման կամրջի վրա: Վարորդը եւ ուղեւորը՝ Կապան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Մասիս Անդրեասյանը, փափուկ հյուսվածքների սալջարդով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Այսօր առավոտյան հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան եւ կամրջի ջարդված ճաղաշարերը դուրս են բերվել գետից: Սյունիքի մարզային քննչական բաժնում փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Ըստ Կապանի հիվանդանոցի վնասվածքաբանական բաժնի տվյալների' տուժողները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

пятница, 27 мая 2011 г.

8 միլիոնանոց զուգարանի ոդիսականը

Բոլոր ժամանակներում Կապանի այցելուները` թե տեղացիներ, թե օտարերկրացիներ, միշտ էլ բողոքել են քաղաքում գործող հասարակական զուգարանների պակասից, նաեւ` եղածներում առկա սանիտարական վիճակից: Առայսօր այդ խնդիրը մարզկենտրոնում մասամբ է լուծված` այն էլ շնորհիվ հատուկենտ, մասնավոր, վճարովի, նորակառույցների:

Այս խնդիրը լիովին կարելի էր լուծված համարել Կապան քաղաքից ոչ հեռու, բնության գրկում ծվարած 17-րդ դարի կառույց Հալիձորի բերդի այցելուների համար, որտեղ պետբյուջեից տրամադրված 8 մլն դրամով կառուցվել էր հասարակական զուգարան, շինարարների խոսքով, ժամանակակից չափանիշներին համապատասխան` կանանց եւ տղամարդկանց համար առանձին բաժիններով:

Սակայն իր տեսակի մեջ թանկարժեք այս կառույցն այդպես էլ երկար կյանք չունեցավ. շահագործումից կարճ ժամանակ անց անհայտ անձանց կողմից թալանվեց: Դեպքի առիթով Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

“Զուգարանը կառուցված է բերդից 40 մ ներքեւ եւ դուրս է մեր իրականցրած հսկողությունից: Քանի որ բերդը ցանկապատված չէ, մեր հսկիչը հազիվ է կարողանում այն պաշտպանել անասուններից` տարածքը փարախ չդարձնելու համար: Բացի դրանից, ամրակցման ու բարեկարգման աշխատանքներից հետո դեռեւս շինաշխատանքներն իրականացնողները համապատասխան ակտով մեր հսկողությանը չեն հանձնել բերդը”, - ասում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայութան պետ Աստղիկ Հակոբյանը:

Հալիձորի բերդի բարեկարգման եւ ամրակցման նպատակով 2005թ-ից մինչ այսօր պետբյուջեից ծախսվել է 130 մլն դրամ, որով նորոգվել է բերդի Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը, վերականգնվել բերդի պարիսպն ու եկեղեցու գավիթը, տեղադրվել խաչը, սալահատակվել աստիճանահարթակները, բարեկարգվել շրջակայքը:

Այդ գումարից 8 մլն դրամով էլ կառուցվել է զուգարանը, որի  նորմալ գործունեությունը, ի դեպ, պետք է ապահովեին ներսում տեղադրված ջրի բաքերը, քանի որ տեղանքում ջուր չկա: Հարց է առաջանում, իսկ ով պետք է զուգարանը պարբերաբար ապահովեր ջրով, եթե անգամ բերդ տանող ճանապարը ոչ բոլոր մեքենաների համար է անցանելի:
ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ, Կապան

среда, 25 мая 2011 г.

Մանկական կենտրոն Կապանում

Վերջին տարիներին անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը կտրուկ նվազել է Կապանի տարածաշրջանում:

2009-2011թթ. ընթացքում ոստիկանության Կապանի բաժանմունքի անչափահասների գործերով բաժինը գրանցել է հանցագործության  6 դեպք: Մինչդեռ միայն 2008-ին արձանագրվել է 6, 2007-ին` հանցագործության 9 դեպք:

Իսկ թե ինչն է նպաստել կապանցի անչափահասների կողմից կատարվող  օրինախախտ արարքների նվազմանը, կարծիքները տարբեր են: Ոստիկանության կազմակերպված աշխատա՞նք, բնակչության սոցիալական վիճակի համեմատական բարելավո՞ւմ, թե՞… Դժվար է ասել, սակայն մի բան ստույգ է, որ Կապանի համայնքի ավագանու որոշումը մանկական կենտրոն բացելու մասին ամենեւին էլ պայմանավորված չէ քաղաքում դժվար իրավիճակներում հայտնված երեխաների թվի ավելացմամբ:

“Այն կնպաստի համայնքի մինչեւ 18 տարեկան երեխաների առողջ զարգացմանը եւ բարեկեցությանը` երեխաների իրավունքները պաշտպանելու, ընտանիքներն ուժեղացնելու, համայնքի ռեսուրսները համախմբելու միջոցով”, - ասում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Արզումանյանը:

Կապանի մանկական կենտրոնն այլեւս իրողություն է եւ ծնողների մասնակցությամբ գործելու է ամբողջ տարին, ունենալու է գործունեության հստակ ծրագիր, որտեղ հաշվի են առնվելու կենտրոնի երեխաների հետաքրքրությունները, հակումները, ընտանիքի եւ կրթական համակարգի պահանջները:

Կենտրոնը գործելու է Կապանի թիվ 6 մանկապարտեզի տարածքում, ունենալու է իր սեփական գույքը եւ 11 աշխատողներ, որոնց թվում` լոգոպետ, հոգեբան, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, իրավաբան:

“Նման մանկական կենտրոններ պետք է ստեղծվեն նաեւ մարզի մյուս համայնքներում: Ժամանակը ցույց կտա, որ դրա անհրաժեշտությունը կա: Մենք 2006թ-ից աշխատում ենք հանրապետության տարբեր քաղաքներում գործող այդպիսի կենտրոնների հետ ու ունենք դրական արդյունքներ”, - համոզված է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
ԳՈՀԱՐ ՒՍԱԽԱՆՅԱՆ, Կապան