суббота, 28 мая 2011 г.

Կապանի զորամասը նշեց Հանրապետության տոնը

ԿԱՊԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ անցկացվեցին Կապանում տեղակայված N զորամասում: Մինչ օրվա առիթով կազմակերպված զինվորական միտինգը, տեղի ունեցավ 1992-94 թթ. մարտական գործությունների ժամանակ զոհված' զորամասի ավելի քան 500 զինծառայողների հիշատակին կանգնեցված խաչքարի հանդիսավոր բացում: «Նրանց մահը ծառայեց հայրենիքին» խորագրով խաչքարը զորամասում տեղադրվել է կապանցի գործարարների եւ հրամանատարության ջանքերով:
Զինվորական բացօթյա միտինգի ժամանակ մասնակիցները հարգեցին նահատակ ընկերների հիշատակը, հնչեցրին տոնին նվիրված շնորհավորանքի խոսքեր ու խաղաղության կոչեր: Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը պատվոգրեր հանձնեց ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի հարավարեւելյան սահմանների պաշտպանությանը մասնակցած կապանցի յոթ կանանց: ՀՀ ՊՆ նախարարի հրամանագրով «Ծովակալ Իսակով» մեդալ հանձնվեց զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Վիլեն Գալստյանին: Տոնական միտինգը Կապանի զորամասում ավարտվեց զինվորական շքերթով: Հանրապետության օրվա առիթով Կապանի քաղաքապետարանը նախաձեռնել էր նաեւ պսակադրության արարողություն' Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ծնունդով կապանցի Արամ Մանուկյանին հուշարձանին:

Комментариев нет:

Отправить комментарий