ԿԱՊԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը' ժամը 03:00-ի սահմաններում, Կապան քաղաքի միջով հոսող Վաչագան գետն է ընկել «BMW X5» մակնիշի «17 ԼՍ 778» պետհամարանիշի ավտոմեքենան, որը վարել է Կապանի բնակիչ, 1985 թ. ծնված Վարդան Գեւորգյանը: Վթարը տեղի է ունեցել մարզպետարանի դիմաց' Մելիք-Ստեփանյան եւ Գ. Նժդեհ փողոցների հատման կամրջի վրա: Վարորդը եւ ուղեւորը՝ Կապան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Մասիս Անդրեասյանը, փափուկ հյուսվածքների սալջարդով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Այսօր առավոտյան հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան եւ կամրջի ջարդված ճաղաշարերը դուրս են բերվել գետից: Սյունիքի մարզային քննչական բաժնում փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Ըստ Կապանի հիվանդանոցի վնասվածքաբանական բաժնի տվյալների' տուժողները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Комментариев нет:
Отправить комментарий