пятница, 15 июня 2012 г.

Պետք է ժամանակին ցտեսություն ասել

 
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ Կապանում հանդիպեց կանանց հետ, որը կազմակերպել էր Կապանի կանաց ռեսուրս կենտրոնը: Այս անգամ զրույցի թեման անցած խորհրդարանական ընտրություններն ու այսօրվա հիմնախնդիրներն էին:

“Մեր հասարակությունը դեռ չի հանձնել այսպես ասած ընտրությունների քննությունը, դեռեւս չունի այն պատրաստվածությունը, որ իրեն դրսեւորի որպես քաղաքացիական հասարակության մի մաս: Հասարակությունը դեռ պատրաստ չէ, որ ինքը թելադրի իր կամքը այսօրվա իշխանություններին”, - ասաց Փոստանջյանը:

Անդրադառնալով պետությանն այսօր մեծ եկամուտներ բերող հանքարդյունաբերությանը, բանախոսը նշեց, որ նոր հանքերի բացմանը դեմ է, կարծում է, որ այսօր հանրապետության թիվ մեկ հարկատուի` ԶՊՄԿ-ի եկամուտները չպետք է գրպանեն մի քանի հոգի, այլ այն հավասարապես պետք է բաշխվի ժողովրդին, քանի որ ժողովուրդն է այդ հանքերի տերը:

“Կապանում` մարզպետարանի հարեւանությամբ, մի շքեղ սեփական պալատ է կառուցվում` ժողովրդի գումարներով, մեզ պատկանող հանքի շնորհիվ: Մինչդեռ կոմբինատի այդ միջոցներով կարելի է շատ սոցիալական խնդիրներ լուծել, որ ժողովուրդն աղքատ չլինի, չլինի ծիծաղելի ու ողբերգական վիճակում”, - ասաց Փոստանջյանը:

Նրա կարծիքով տեղի բնակչությունը պետք է հասկանա ու գիտակցի, որ իր շահը չպետք է ստորադասի պետական պաշտոնյայի կամ իշխանավորի շահից: Նրա խոսքով, թվում է, թե Քաջարանում բնակիչները պետք է շատ լավ ապրեն, եթե այդքան եկամտաբեր է կոմբինատը, մինչդեռ ինքը շրջելով տնից-տուն, տեսել է, որ քաջարանցիները նույնպես աղքատ են ապրում:

“Մենք մեր պետության մի մասնիկն ենք, իշխանությունը մեզ է պատկանում: Այն մարդիկ, որ այսօր իշխանություն են կրում մեր ժողովրդի կողմից պատվիրակված, այդ իշխանությունը բանեցնում են իրենց անձի սպասարկման օգտին եւ ոչ ժողովրդի ու մենք իրենց ցտեսություն չենք կարողանում ասել: Սա է խնդիրը”,- ասաց նա:

Խոսելով այսօրվա հիմնախնդիրների մասին, կապանցի կանայք կարծիք հայտնեցին, որ գրված օրենքները միայն երեւանցիների համար են, դրա համար էլ ուզում ենք թողնել ու գնալ Երեւանում ապրել:

“Մարզում աշխատավարձերը մայրաքաղաքի համեմատ միջինը երկու անգամ ցածր են, ապրանքն այստեղ ավելի թանկ է, քան մայրաքաղաքում: Ամեն ինչ՝ սննդամթերքը, հագուստը, շինանյութը հսկողությունից դուրս է: Այսօր խնդիր է, ինչ անենք, որ վնաս քիչ կրենք: Մինչդեռ սա այսօրվա մեր իշխանությունների քաղաքականությունն է”:

Գոհար Իսախանյան, Կապան

суббота, 9 июня 2012 г.

Տաթեւի ճոպանուղուց հետո ճոպանե կամուրջ Խնձորեսկում

 
Սյունիքի մարզն աստիճանաբար դառնում է արկածային, հատկապես էքստրեմալ տուրիզմի սիրահարների ամենագրավիչ վայրերից մեկը: Գինեսի ռեկորդակիր «Տաթեւեր» ճոպանուղուց հետո, դարձյալ Գորիսում` Հին Խնձորեսկում, շահագործման հանձնվեց ճոպանե կամուրջը, որն իրար է կապել Հին Խնձորեսկի Ներքին թաղը եւ նրա դիմացի ձորալանջը:

«Կամրջի շինարարութան ընթացքում բնությանը ոչ մի վնաս չի հասցվել` ձորի մի ազատ տարածքից թռիչք է արվել դեպի հանդիպակաց ձորի մեկ այլ ազատ տարածք: Նորակառույց կամրջից մի փոքր ներքեւ հին ժամանակներում եղել է ժայռե բնական կամուրջ, որը, սակայն, ժամանակի ընթացքում փլվել է», - պատմում է Գորիսի համայնքների միության նախագահ Գրիշա Հարությունյանը:

Նրա հավաստմամբ, նման կամուրջ կառուցված է նաեւ Իսրայելում, որի բարձրությունը, սակայն, անհամեմատ փոքր է Խնձորեսկի կամրջի բարձրությունից: Նորակառույց, ճոճվող, հետիոտն կամուրջն ունի 160 մետր երկարություն եւ 1,5 մ լայնություն: Ձորի ամենախոր տեղում բարձրությունը կազմում է 63 մ, ճոճքը կամ ճոճումը` 1մ, ալիքավորումը` 0,5 մ, քաշը` շուրջ 20 տոննա է:

Կամուրջը, որի կառուցման համար անհրաժեշտ է եղել մեկ տարի, պատրաստվել է տեղացի մասնագետների կողմից: Շինարարության համար օգտագործվել են ավելի քան 15 տ մետաղյա կառուցվածքներ, այդ թվում` 2200 մ տարբեր տրամաչափերի պողպատե ճոպաններ:

Խնձորեսկցիներն առայժմ կամրջին անուն չեն տվել. այն պայմանականորեն անվանում են «Ժորայի կամուրջ»` ի պատիվ շինարարության նախաձեռնողի ու հովանավորի` գործարար, ծնունդով խնձորեսկցի Ժորա Ալեքսանյանի, ով այդ նպատակով ներդրել է ավելի քան 13 մլն դրամ:

Նորակառույց կամրջի բացման հանդիսությանը, որի ժապավենը կտրելու իրավունքը տրված էր մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու հովանավոր Ժորա Ալեքսանյանին, մարզպետը հավաստիացրեց, որ առաջիկայում նոր ներդրումներ են սպասվում Հին Խնձորեսկում:

Տուրիզմի զարգացման նպատակով նախատեսվում է կամուրջի երկու կողմերին հիմնել ազգային ոճով հանգստի ու սննդի օբյեկտներ: Իրականացվող նախագծի շրջանակներում Խնձորեսկում շուտով կավարտվեն մի քանի ժայռափոր տների, ձիթհանի, թոնրատան, մառանների վերականգնման աշխատանքները: Իսկ հետագայում կկառուցվի ամֆիթատրոն, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել միջազգային փառատոներ:

Զբոսաշրջիկներին հատկապես կհետաքրքրեն Հին Խնձորեսկում ձորի մեջ գտնվող 15-17-րդ դարերի 4 եկեղեցիները, որոնցից մեկը ժայռափոր է` կառուցված ավելի վաղ շրջանում:

Գոհար Իսախանյան, Կապան

четверг, 31 мая 2012 г.

Տղաները չեն ամուսնանում, աղջիկներն էլ հարեւան գյուղեր են հարս գնում

 
Աղիտու գյուղում տղաները չեն ամուսանում, աղջիկներն էլ ստիպված հարս են գնում հարեւան գյուղեր:

«Մեր գյուղում լուրջ խնդիր կա` տղաները չեն ամուսնանում: Շատ ունենք 30-ն անց, անգամ 40-ն անց տարիքի տղաներ: Չեն ամուսնանում, որովհետեւ տուն չունեն, քնելու տեղ չունեն: Մի տան մեջ երեք, չորս եղբայրներից մեկը կամ երկուսն ամուսնանում են, մյուսները՝ չէ: Անընդհատ կանչում եմ, խոսում, ասում եմ` քավոր կկանգնեմ, բայց բան չի ստացվում, ազնիվ խոսք: Իսկ աղջիկների հաշվով խնդիր չկա: Նրանք հարս են գնում հարեւան գյուղեր», - ասում է Աղիտուի գյուղապետ Հրաչիկ Հայրապետյանը:

Գյուղապետին շատ է անհանգստացնում այս խնդիրը, հատկապես այն, որ գյուղում երեխաներ քիչ են ծնվում: Այդ պատճառով էլ գյուղացիները կատակով ասում են. «Գյուղում ով հղի կին է տեսնում, շտապում է առաջինը ինքը գյուղապետից մաղարիչ ուզել»:

Փոխարենն Աղիտուում շատ են միայնակ ծերերը` 20 հոգի, որոնց մեջ գերակշռում են կանայք: Նրանց կենսական խնդիրները, անգամ թաղման հոգսը, հոգում է գյուղապետարանը:

Աղիտուն Որոտան գետի ձախ ափին է, Սիսիան քաղաքից ընդամենը յոթ կմ հեռու: Այն հնագույն բնակավայրերից է, որտեղ գտնվում է Հայաստանի նշանավոր պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ 5-7 դդ. մահարձանը։ Գյուղի տարածքում կան մ.թ.ա. 2-1 հազ. դամբարանադաշտեր։ 18-դարում աստիճանաբար դուրս մղելով հայերին, գյուղում բնակություն են հաստատել թուրքերը:

1988թ. ադրբեջանցիների արտագաղթից հետո գյուղը վերաբնակեցվել է հիմնականում Ադրբեջանի քաղաքներից բռնագաղթած հայերով: Աղիտուի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, մեղվաբուծությամբ: «Նրանց համար հեշտ չէր: Հինգերորդ հարկից իջնել, գալ ու զբաղվել անասնապահությամբ: Երբ դեռ նոր էին եկել, մեկի կովը ծնեց, մեծ ճաշկերույթ կազմակերպեց: Մենք նույնիսկ երեխա ունենալուց էդպիսի խնջույքներ չենք անում», - ծիծաղելով պատմում է գյուղապետը:

Աղիտուի բնակիչների մի մասն աշխատում է գյուղում տեղակայված զինվորական հոսպիտալում, դպրոցում, մանկապարտեզում, գյուղապետարանում: Գյուղն ունի իր հովանավորը` ամերիկուհի Քերին, ով Խաղաղության կորպուսի կամավորներից է, սրտով ու հոգով կապվել է գյուղի հետ եւ բարեգործություններ է անում: Վերջին տարիներին Աղիտու համայնքում շատ խնդիրեր են լուծվել:

2001-ին կառուցվել է դպրոցի նոր շենքը, անցկացվել է ոռոգման ջրատար, գյուղը գազիֆիկացվել է, գործում է դպրոց, մանկապարտեզ: «Աստիճանաբար Աղիտուն նմանվում է հին ժամանակների ծաղկուն շրջանի հայկական գյուղի: Երեւի թե հանրապետությունում փախստականներով բնակեցված նման բարեկեցիկ գյուղ չկա», - ասում է գյուղապետը:

Աղիտուի բնակիչ, երկու երեխաների մայր, 30-ամյա Քրիստինեի կարծիքով եւս գյուղում վատ չէ, դժգոհելու պատճառ չունի, ամուսինն աշխատում է, իսկ ինքը զբաղված է մանկահասակ երեխաների խնամքով: Սակայն նա իր տղաների ապագան գյուղում չի տեսնում: «Մի քիչ, որ մեծանան, պետք է տեղափոխվենք, գյուղում ապագա լինել չի կարող», - համոզված ասում է երիտասարդ կինը:

Գոհար Իսախանյան, Կապան

вторник, 22 мая 2012 г.

Կարկուտը գյուղն անճանաչելի է դարձրել

“Մեր գյուղն անճանաչելի է դարձել: Որտեղ նայում ես փլված շինություններ են, ցեխի ու ջրի մեջ կորած փողոցներ, շվարած մարդիկ”, - մայիսի 22-ի առավոտյան տեղացած կարկուտից ու սելավից հետո այսպես է նկարագրում հայրենի գյուղը Շվանիձորի համայնքապետ Հովհաննես Օհանյանը:

Բարեբախտաբար, բնության արհավիրքից գյուղում զոհեր չեղան: Գյուղացիները հասցրեցին փրկել անգամ մի կովի, որին սելավը համարյա թե տարել էր: Սակայն Շվանիձրում երկու բնակելի անհատակ տուն քանդվեց, մի քանիսն էլ դեռ վտանգի տակ են: Տներից մեկում ապրում էր հինգ հոգանոց ընտանիք, իսկ մյուսում` ամերիկյան Խաղաղության կորպուսի կամավորուհին, ով Շվանիձորի դպրոցում անգլերեն լեզու է դասավանդում:

“Խեղճերի ունեցած-չունեցածը մնաց ցեխի ու ջրի մեջ”, - ասում է գյուղապետը: Ընդամենը յոթ րոպե տեւած, միջին չափի, սակայն անսովոր ուժգին կարկուտի բաժին դարձան Շվանիձորի պտղատու ծառերը, 15 հա բանջարանաբոստանային կուլտուրաների ցանքսեր:

Շվանիձորում սելավի պատճառով տներից բացի քանդվել են նաեւ օժանդակ կառույցներ, գոմեր, այգիների հենապատեր, գյուղի գերեզմանատան ճանապարհը, շարքից դուրս է եկել ոռոգման համակարգը, մայր առուները, որոնք ամբողջովին լցվել են ցեխով ու տիղմով, երկու ժամ շարունակ գյուղը մնացել է առանց էներգամատակարարման: Ջրաբերուկներից փակվել է նաեւ Շվանիձորը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Այսօր տեղացած աննախադեպ կարկուտից տուժել են նաեւ Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Վարդանիձոր, Կապանի տարածաշրջանի Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի եւ Կապան քաղաքի պտղատու այգիներն ու ցանքատարածությունները:

Մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը մարզի համայնքներում առաջիկա օրերին կճշտի կարկուտի հասցրած վնասի չափերը:

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 18 мая 2012 г.

 


 

Այս տարի էլ հույսերը չարդարացան

 
Հինգ օր առաջ տեղացած ուժգին կարկուտի պատճառով նռնենու առաջին ծաղիկը փչացավ Նռնաձորում: Սակայն նռնենին դեռ էլի կծաղկի` 2-3 անգամ, եւ գյուղացիները հուսով են, որ նռան բերք կլինի, իսկ ահա ծիրանենու բերքի 30 տոկոս կորուստ արդեն ունեն:

«Վերջին հինգ-վեց տարիներին միշտ այդպես է լինում: Տարվա այս շրջանում կարկուտի բաժին է դառնում գյուղի բերքի 30, 40, անգամ 50 տոկոսը: Ոչինչ անել չենք կարող, բնություն է: Հակակարկտային կայաններ որ լինեին, լավ կլիներ, բայց դրա հնարավորությունը չունենք: Դեռ լավ է, որ կորուստն այդքան է, կարկուտը շատ երկար տեւեց եւ ուներ ավելի քան 1սմ տրամագիծ», - ասում է գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը:

Նռնաձորցիներն ամեն գարնան հետ սպասում են լավ բերքի: Սակայն այս տարի եւս հույսերը չարդարացան: Առաջինը գյուղացիներին հուսախաբ արեցին թզենիները, որոնք այդպես էլ գարնանը չտերեւակալեցին` ամբողջովին ցրտահարվել էին ձմռանը: Հիմա էլ կարկուտից տուժել են ծիրանենիները: Իսկ խաղողի այգիներ Նռնաձորում մնացել է ընդամնեը 1 հա:

Տարեցտարի դրանց ծավալների կրճատումը ջրի պակասի հետեւանքով է:

Միակ բանը, որի պակասից չեն բողոքում նռնաձորցիները, օձերն են, որոնք, գյուղացիների խոսքով, ամռան շոգին մտնում են անգամ տները: Դրանց դեմ պայքարի միայն մեկ ձեւ ունեն գյուղացիները՝ սպանում են ցանկացած հանդիպածին: Ամառը դեռ չի սկսվել, սական Նռնաձորում արդեն ոչնչացվել են մեկ տասնյակից ավելի թունավոր օձեր:

Գոհար Իսախանյան, Կապան

вторник, 15 мая 2012 г.

Գյուղացին քաղաքում ապրել է ուզում

 
Կապան քաղաքից 13 կմ հեռավարության վրա գտնվող Աճանան գյուղի բնակիչների զգալի մասը փախստականներ են: Նրանք Աճանան են եկել 5-6 ընտանիքներով` հիմնականում Բաքվից եւ Սումգայիթից: Հարկադրաբար հրաժեշտ տալով քաղաքային կյանքին այսօր նրանք զբաղվում են դաշտավարությամբ եւ անասնապահությամբ: Միջին եւ բարձր տարիքի աճանանցիներն իրար հետ հաղորդակցվում են ռուսերենով, իսկ նրանց երեխաները, որոնց մեծ մասը ծնվել եւ ուսում է ստացել գյուղում, խոսում են հայերեն: Աճանանը տարածաշրջանի այն եզակի համայնքներից է, որի տեղական բյուջեի մուտքերը հնարավարություն են տալիս առանց հովանվորների գյուղում իրագործելու շատ ծրագրեր:

“Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ-ն հանքերի մի մասը` 95,5 հա տարածք, գտնվում է Աճանանի վարչական տարածքում, որը ձեռնարկությունը շահագործում է վարձակալական հիմունքներով` գյուղապետարանին վճարելով տարեկան 12 մլն դրամ հարկ: Գյուղի տարածքով անցնում է նաեւ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ի թափուկատարը, նաեւ այստեղ կոմբինատն ունի պոչամբար: Գյուղապետարանի ու կոմբինատի միջեւ ընթացքի մեջ են պայմանագրի կնքման աշխատանքները, որից հետո ԶՊՄԿ-ն եւս հարկ կվճարի գյուղապետարանին:

Մասնագետները հավաստիացնում են, որ գյուղում լուրջ բնապահպանական խնդիրներ չկան, քանի որ հանքարդյունաբերության նպատակով օգտագործվում են գյուղի ցածրադիր գոտու հողերը, իսկ մշակվող հողատեսքերն ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում: Գյուղը գազիֆիկացված է, ունի բուժկետ, կառուցվում է նոր համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված կլինի գյուղապետարանը, գրադարանը, 120 տեղանոց դահլիճը, նաեւ` կունենա խաղասենյակ:

Գյուղապետ Վաչե Ավետիսյանը նախատեսել է առաջիկայում բացել մանկապարտեզ, հիմնել ժամանացի վայր, հանգստի գոտի եւ այլն: Սակայն այս ամենը գյուղի երիտասարդի համար բավարար չէ: 19-ամյա Արմեն Հայրիյանը, ով ընտանիքի միակ զավական է եւ ունի հաշվապահի միջին մասնագիտական կրթություն, գյուղի շատ երիտասարդների պես երազում է ապրել ու աշխատել քաղաքում: Նա միայն տեսնում է գյուղական կյանքի դժվար կողմերը, ասում է.

“Գյուղում կյանքը դժվար է, հողից փող ստեղծել հնարավոր չէ, ինչ անում ես, ծախսերն ավելի շատ են լինում, քան եկամուտները: Բացի դրանից` գյուղում հետաքրքիր ոչինչ չկա, չնայած տանն ունեմ համակարգիչ, ինտերնետ կապ”: 19-ամյա Արմենն իր ապագան տեսնում է միայն քաղաքում, որտեղ, իր խոսքով, կարող է փող աշխատել ու լավ ապրել: Քաղաքի մասին ունեցած վառ երազների տպավորությամբ էլ երիտասարդը, շատերի պես, մի փոքր հնարավորության դեպքում պատրաստ է լքել հայրենի գյուղը:

Գոհար Իսախանյան, Կապան

четверг, 10 мая 2012 г.

Օձը հրդեհել է պոմպակայանը

 
Վեց տարի առաջ հրդեհվել էր Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղի պոմպակայանը: Երեկ` մայիսի 9-ի վաղ առավոտյան` ժամը 07.30-ի սահմաններում դարձյալ հրդեհ է բռնկվել պոմպակայանում: “Երկու դեպքում էլ հրդեհի պատճառը օձն է եղել: Սողունը բարձրանում է տրանսֆորմատորի վրա, առաջանում է կարճ միացում եւ հրդեհ է բռնկվում”, - համոզված է գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը, ով առաջին հրդեհի ժամանակ իր աչքով տեսել է օձին: Հրդեհի հետեւանքով այրվել է պոմպակայանի երկու բաժիններից մեկն ամբողջովին` էլեկտրական վահանակներ, տրանսֆորմատոր եւ 20 գծամետր մալուխ: Հրդեհից մեկ օր հետո պոմպակայանի նորոգման աշխատանքները սկսվել են, որն իրականացնում է Մեղրիի ջրօգտագործողների ընկերությունը: “Անհրաժեշտ կլինի ամենաքիչը 6 մլն դրամ: Գյուղապետարանը նման միջոցներ չունի, այն կտրամադրի ՋՕԸ-ը, որին անդամակցում են գյուղացիները: Աշխատանքները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետում` մեկ շաբաթում, քանի որ այլ ելք չունենք` մնալով առանց ջրի կչորանան գյուղի ավելի քան 45 հա ցանքսեր”, - ասում է գյուղապետը: Նռնաձորը, նախկին Նյուավդի գյուղը, հանրապետության ամենահարավային բնակավայրն է, որտեղ ամռանը օդի ջերմաստիճանը հասնում է մինչեւ 44 աստիճանի: Այստեղ հաճախ են հանդիպում երեք տեսակի թունավոր օձեր, իսկ վերջերս գյուղի մոտակայքում հայտնաբերվել է նոր տեսակի` կարմիր գույնի օձ, որը բնակիչներն առաջին անգամ են նկատել: “Անգամ չգիտենք` դրանք թունավոր օձեր են, թե չէ: Դրանցից մեկին ուղարկել ենք Սանկտ-Պետերբուրգ` հետազոտության նպատակով, առայժմ պատասխան չկա”, - պատմում է գյուղապետը: Ամռան ամիսներին օձերը մեծ վտանգ են ներկայացնում նռնաձորցիների համար: Տարեկան գյուղում պարտադիր գրանցվում է օձի խայթոցի 1-2 դեպք: “Շոգերը սկսվեցին, էլի օձերի ձեռը կրակն ենք ընկնելու”, - մտահոգվում է գյուղապետը:

Գոհար Իսախանյան, Կապան