вторник, 2 августа 2011 г.

Մեղրեցիները ձգտում են չամուսնանալ ամռան ամսիներին

Թվում է, թե մեղրեցիները պետք է որ հարմարված լինեն ամռան շոգերին: Չէ որ ամեն տարի այստեղ տարվա այս եղանակին ջերմաչափի սանդղակի վրա գրանցվող 40 աստիճանը ոչ ոքի համար արդեն զարմանալի չէ: Սակայն տարեցտարի ջերմաստիճանի բարձրացում է նկատվում տարածաշրջանում:

Երկու օր առաջ Մեղրի քաղաքում գրանցվել է 44 աստիճան տաքություն: “Դիմանում ենք: Որոշ շինարարական կազմակերպություններ, պայմանավորված վերջին օրերի տաք եղանակով, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, սակայն մեկ-երկու օրից նորից կսկսեն աշխատել: Շոգերի պատճառով արդեն երկրորդ տարին է հուլիս-օգոսոս ամիսներին չի աշխատում մանկապարտեզը: Իսկ հիմնարկ-ձեռնարկություններում, չնայած աշխատաժամանակի գրաֆիկի փոփոխության մասին որոշում չենք կայացրել, սակայն  բանավոր հրահանգվել է, որ աշխատակիցները աշխատանքի ներկայանան անհրաժեշտության դեպքում”, - ասում է քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:

Մեղրեցիներն արդեն սովորել են տարվա այս ամիսներին այգիներում ու բանջարանոցներում աշխատել վաղ առավոտյան եւ երեկոյան ժամերին, երբ եղանակը մի փոքր հով է լինում: Ասում են, որ ամռանը հարսանիքներն անգամ Մեղրիում գիշերներն են լինում: Իսկ ավելի ճիշտ` մեղրեցիները ձգտում են չամուսնանալ ամռան ամսիներին:
Գոհար Իսախանյան, Կապան

четверг, 28 июля 2011 г.

Խնձորեսկում ջրի հարց է լուծվում

Ամռան գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում անգամ խնձորեսկցիները ժամանակ գտնում են աջակցելու գյուղի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներին, քանի որ նրանք երկար են սպասել այդ օրվան: Վերջապես լուծվում է գյուղի տարիներով չարչրկված խնդիրը, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել գյուղում:

“Խմելու ջրի ներքին ցանցն անմխիթար վիճակում էր: Ջրի կորուստներն այստեղ կազմում էին ավելի քան 40 տոկոս, ինչի պատճառով գյուղացիներն օրական հազիվ 2-3 ժամ էին ջուր ստանում: Իհարկե, կառավարության տրամադրած 35 մլն դրամը չի բավականացնի ջրատարն ամբողջովին նորացնելու համար, բայց կփոխվեն մայր ջրագծերը, բաժանարար խողովակները եւ ամենակարեւորը` կտեղադրվեն ջրաչափեր, ինչի առկայության դեպքում մարդիկ այլեւս անիմաստ բաց չեն թողնի ջուրը, կխնայեն եւ այն կհերիքի բոլորին: Աշխատանքների ավարտից հետո հույս ունենք, որ գյուղի բոլոր 500 տնտեսություններն օրական 22 ժամ ջուր կստանան”, - ասում է գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը:

Խնձորեսկի ջրագծի հիմնանորոգման աշխատանքների կեսից ավելին արդեն կատարվել են, եւ այժմ գյուղացիների մի մասը ջուր ստանում է նորացված ջրագծով: Մնում է լուծել մատակարավող ջրի ախտահանման խնդիրը: Քանի որ համակարգը համայնքային սեփականություն է եւ ջրամատակարարման գործընթացն էլ իրականացնում է գյուղապետարանը, այդ խնդիրը եւս դրված է նրա վրա:

“Մատակարավող ջուրն ամենօրյա ախտահանման չի ենթարկվում: Այդ աշխատանքները մեր կողմից պարբերաբար կատարվում են տարեկան երկու անգամ` գարնան եւ աշնան ամիսներին: Բարեբախտաբար, ջրի հետ կապված խնդիրներ չենք ունեցել”, - հավաստիացնում է գյուղապետը:

Խնձորեսկն ունի նաեւ ոռոգման ջուր, սակայն այն բավարարում է միայն 90 տոկոսի պահանջարկը: Այստեղ դեռեւս անելիքներ կան:
Գոհար Իսախանյան, Կապան

вторник, 26 июля 2011 г.

Գյուղացիները վախից լռում են

 
Արդեն մի քանի ամիս է դարձյալ հանքարդյունաբերական թափոններով աղտոտվել է Կապանի Սյունիք գյուղի վարչական տարածքով հոսող փոքրիկ գետակը, որի ջրերը գյուղի 5-6 բնակիչներ օգտագործում էին բանջարանոցներն ու այգիները ջրելու նպատակով:

“Արդեն մի քանի տարի է, գետի վրա փոքրիկ լիճ էինք սարքել, ջուրը հավաքվում էր եւ հեշտանում ոռոգումը: Բայց էսպես եղավ` մնալով առանց ջրի ամեն ինչ չորացել է”, -   ասում է Սյունիք գյուղի բնակիչ Ֆրունզիկ Զաքարյանը, ով այդքան չարչարանքից հետո մնացել է շուկայի հույսին:

Գյուղացիները կատարվածի մասին ոչ մեկին չեն բողոքել, ասում են, որ բոլորն էլ գիտեն, բայց ոչինչ չեն ձեռնարկում: Ենթադրվում է, որ գետն աղտոտվում  է  Արծվանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հսկա պոչամբարի արտահոսքից, քանի որ շրջակայքում ուրիշ նման տեղ չկա, որտեղից հնարավոր է դեպի այդ ձորը արտահոսք լինի:

Անգամ հիմա, երբ գետակով ջրի փոխարեն ծանր մետաղներով հագեցած կոնցետրատ է հոսում, գյուղի անասունները շարունակում են ջուր խմել այդտեղից: Սակայն այս ամենի մասին պարզվում է, ոչ ոք տեղյակ չէ, համենայն դեպս, այդպես են ներկայանում:

Սյունիքի բնապահպանական տեսչությունը ահազանգից հետո խոստացավ զբաղվել խնդրով: Իսկ գյուղապետ Սամվել Սարգսյանը, չնայած տեղյակ չէր կատարվածից,  ասաց. “Մենք գյուղացիներին զգուշացրել ենք, որ այդ ձորում այգիներ չմշակեն, քանի որ երբեմն վթարների պատճառով պոչատարից արտահոսք է լինում եւ այդ ջուրն օգտագործելու համար ոչ պիտանի է դառնում: Հենց դրա համար էլ արգելել ենք: Ձորի ներքեւի հատվածում 100-120 այգի նորմալ օգտվում են ջրից, ոռոգման համակարգն այստեղ  միացված է մայր առվին: Գյուղը ոռոգման ջրի խնդիր չունի”:

Սակայն գյուղապետի ու գյուղացիների կարծիքները չեն համընկնում: Սյունիք գյուղում, այնուամենայնիվ, ոռոգման ջրի խնդիր կա: Քանի որ, գյուղացիների խոսքով, ոռոգման ջուրը հիմնականում օգտագործվում է գյուղում գտնվող անասնապահական խոշոր ֆերմայի նպատակների համար, որտեղ էլիտար կովեր են բուծում, իսկ բնակիչները մնում են անձրեւի հույսին:

Այս մասին գյուղացիները վախով են խոսում, իսկ շատերը լռում են, միայն շշուկով ասում են, որ ֆերման ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանինն է…
Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 25 июля 2011 г.

Գայլերը օրը ցերեկով հյուր են եկել քաջարանցիներին

“Էսպիսի բան դեռ չէր եղել, որ օրը ցերեկով գայլերը հասնեն գյուղ եւ մարդկանց աչքի առաջ հոշոտեն ոչխարներին: Նախկինում մեր անասունները գայլի բաժին են դարձել գյուղից հեռու տարածքներում, էն էլ մութ ժամանակ”, - զարմացած պատմում է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով խնդրանքով դիմել է Սյունիքի մարզպետին` միջոցներ ձեռնարկելու գայլերից պաշտպանվելեւ համար:

Միայն այս տարվա ընթացքում Քաջարանում գայլերը հոշոտել են էշի 4 քուռակ, 20 ոչխար ու գառ: Սակայն օրեր առաջ 10 ոչխար եւ 8 գառ 5 գայլեր հոշոտել են գյուղի ներսում` Թթուջուր կոչվող տածքում: Դրան ականատես են եղել գյուղացիները, սակայն երբ սկսել են փայտերով քշել գիշատիչներին, դրանք արդեն իրենց գործն արել էին: Ու այդպես կես ժամվա ընթացքում Լենդրոշ Աթայանն ու Վալերիկ Պողոսյանը զրկվել են իրենց ոչխարներից:

Դեպքից երկու օր հետո գայլերը դարձյալ օրը ցերեկով գյուղի հոտից տարել են եւս երկու ոչխար, սակայն միայնակ հովիվը ոչինչ անել չի կարողացել: Տարիներ շարունակ քաջարանցիներին ահ ու սարսափի մեջ են պահում գայլերը:

Երեկոյան ժամերին գյուղացիներն անգամ վախենում են դուրս գալ տնից, քանի որ փողոցները լուսավորված չեն եւ մթության մեջ կարող է հանդիպեն հարակից անտառից գյուղ եկած սոված գայլերին: Իսկ հիմա գյուղացիները, պետք է զգույշ լինեն նաեւ օրը ցերեկով:

“Գայերի դեմ պետք է պայքարել զենքով, իսկ մեր գյուղացիները զենք չունեն, չգիտենք ինչ անենք, բայց հարցը էսպես թողնել չի կարելի: Հիմա 200 գլուխ ոչխար ունենք, էշեր ու կովեր էլ կան գյուղում: Եթե էսպես շարունակվի կմնանք առանց անասունների: Բա էդ դեպքում ինչո՞վ են ապրելու գյուղացիները”, - հարցնում է գյուղապետը:
Գոհար Իսախանյան, Կապան

Ութ անկուսակցական թեկնածու Արեւիսում

Oգոստոսի 21-ին Սիսիանի տարածաշրջանի Արեւիս համայնքում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրություններ: Թեկնածուների առաջադրման ժամկետն արդեն ավարտվել է: Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու համար առաջարդված բոլոր 8 թեկնածուները անկուսակցական են, նրանց ուղիղ կեսը` Սահակյան ազգանունով, մեկը` իգական սեռի ներկայացուցիչ: Ընդամենը 70 ընտրող ունեցող Արեւիսում համայնքի ղեկավարի համար գործող գյուղապետ Սասուն Սահակյանի հետ կպայքարի նաեւ Միսակ Թեւանյանը: Համայնքի ավագանու 5 անդամի համար Արեւիսում առաջադրվել է 6 թեկնածու` Տիգրան Սահակյանը, Լեւոն Սահակյանը, Սերգեյ Սահակյանը, Ջուլիետա Պողոսյանը, Կարեն Պողոսյանը եւ Վահան Ղուկասյանը: Մինչեւ  տարեվերջ մարզի եւս 5 գյուղական համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ` Չափնիում, Վաղատուրում եւ Աշոտավանում` համայնքի ղեկավարի, իսկ Նժդեհում եւ Ալվանքում` համայնքի ավագանու:

Գոհար Իսախանյան, Կապան

пятница, 22 июля 2011 г.

Ֆրանսահայ կամավորները Սյունիքում

Արդեն 4-րդ տարին է Կապանի Եղվարդ գյուղը հյուրընկալում է սփյուռքահայ երիտասարդ կամավորների, որոնք աջակցում են ֆրանսիական “Երկիր-մշակույթ” կազմակերպության միջոցներով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ու շրջակայքի բարեկարգման աշխատանքներին:

Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը կամավորների 14 հոգանոց խմբին դիմավորել է Երեւանում: Իսկ երբ գյուղ են եկել, այստեղ նրանց համար անակնկալ էին պատրաստել գյուղի երեխաները` տանտիրոջ իրավունքով հյուրերին ընդունելով երգով, պարով, ծաղիկներով ու փուչիկներով:

“Նրանք տեղավորվել են գյուղապետարանի սեփականություն համարվող տան մեջ: Ապահովված են կենցաղային բոլոր պայմաններով, խոհարարները հոգում են սննդի հարցերը` օրական երեք անգամ: Չնայած գյուղը ջուր չունի, սակայն կամավորներն ապահովված են նաեւ անհրաժեշտ քանակությամբ ջրով: Իսկ երեկոյան գյուղի դիսկոտեկում նրանք հետաքրքիր ժամանակ են անցկացնում եղվարդցի երիտասարդների ու երեխաների հետ: Գյուղացիները շատ բարիացակամ են, նրանց ընդունում են, ինչպես իրենց երեխաներին”, - ասում է գյուղապետը:

Կամավորներից 15-ամյա Նոյեմի Սարյանը Կապանի Եղվարդ գյուղ եկել է Ֆրանսիայից: Առաջին անգամ Հայաստանում եղել է 6 տարեկանում եւ շատ բան չի հիշում: “Անցած տարի քույրս` Գայանեն էր եկել Եղվարդ: Նա շատ սիրեց այս գյուղը եւ ամբողջ տարին ինձ միայն այդ մասին էր պատմում:  Ես էլ որոշեցի, որ գամ ու իմ աչքով տեսնեմ այս ամենը: Ուրախ եմ, որ եկել եմ, գործը դժվար չէ, նույնիսկ հետաքրքիր է, մի քիչ արեւը տաք է, բայց դա էլ լավ է: Ինձ շատ է դուր եկել Եղվարդը, երկու օր է այստեղ եմ, ընկերացել եմ գյուղի երեխաների հետ եւ արդեն չեմ պատկերացնում` ինչպես պիտի վերադառնամ” - ասում է նա:

Նոյեմին շաբաթ օրերին Ֆրանսիայում հաճախում է հայկական դպրոց: Որոշել է հետագայում տուրիզմով զբաղվել:  Նոյեմիի հասակակից Լետիսիա Դեմիրճյանը նույնպես Ֆրանսիայից է:

“Եկել եմ հայրենիքիս օգնելու, ինչը ինձ համար մեծ երջանկություն է: Շատ ուրախ եմ: Երկրորդ անգամն է Հայաստանում եմ, բայց առաջին անգամն եմ Եղվարդում: Աշխատանքը, որ գիտեմ հայերնիքիս օգնելու համար է, ամենեւին էլ դժվար չէ: Ես Ֆրանսիայում դիզայներական գործ եմ սովորում: Հայկական դպրոց չեմ հաճախում, բայց մեր տանը հայրս ու մայրս միայն հայերն են խոսում: Հայերեն գրել կարդալ դեռ չգիտեմ, բայց սկսել եմ սովորել”, - պատմում է Լետիսիան:

Կամավորների աշխատանքային առաջին օրն օրհնեց, նրանց մաղթանքի ու շնորհակալության խոսքեր ասաց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը: Կամավորների խմբի ղեկավար Վահան Քերոբյանն ասաց, որ կամավորները Ֆրանսիայից են, մեկ հոգի Անգլիայից: Այս տարի նրանք եկեղեցու շրջակայքի բարեկարգումից բացի կմասնակցեն նաեւ երկու շաբաթ առաջ Եղվարդի վարչական տարածքում հայտնաբերված դամբարանադաշտում իրականացվող պեղումներին:

Կամավորների այս խումբը Եղվարդում կմնա մինչեւ օգոստոսի վերջը, իսկ հետո նրանց կփոխարինի նոր խումբ:

Եղվարդի 18-րդ դարի եկեղեցին վերականգնվում է 2007-ից: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնում է միայն եկեղեցու ջահի տեղադրումը, ցանկապատի ճաղերի ամրացումը, շրջակայքի կանաչապատումը, կկատարվի նաեւ ծառատունկ: Նախատեսված է տնկել բացառապես նռնենիներ: Իսկ օգոստոի 20-ին մեծ շուքով կկատարվի եկեղեցու վերաբացման եւ վերաօծման արարողությունը:

Հետագայում կազմակերպությունը Եղվարդում նախատեսել է մեկ ծրագիր եւս իրականացնել` Թորոս իշխանի գերեզմանը տեղափոխել պատմականորեն իր ճիշտ տեղը` եկեղեցու բակը, որտեղից տեղափոխվել էր խորհրդային տարիներին` կառուցվող ճանապարհին խանգարելու պատճառով:
Գոհար Իսախանյան, Կապան

вторник, 19 июля 2011 г.

Էշերին բերման են ենթարկել

Ձիեր, կովեր, շներ, կատուներ… Սա ոչ բոլոր այն կենդանիների ցանկն է, որոնց կարելի է տեսնել Կապան քաղաքի կենտրոնական թաղամասերում, կանաչապատ տարածքներում, սրճարանների, կարուսելների, ավելի շատ աղբամանների հարեւանությամբ, մի խոսքով` ամենուր:

Կենդանիներն այնպես են վարժվել մարդկանց, մարդիկ էլ կենդանիներին, որ հաճախ իրար չեն էլ նկատում: Ձիերն ու կովերը հանգիստ արածում են քաղաքի կանաչապատ տարածքներում, անհրաժեշտության դեպքում` մեծ հմտությամբ, առանց խանգարելու երթեւեկությունը, անցնում են փողոցը, բարձրանում կամուրջների աստիճաններով, վերջապես տակնուվրա անում աղբամանները եւ աղբը ցրում շուրջ բոլորը:

“Այս հարցում մեր քաղաքը առաջադիմել է, անցած տարի էշեր էլ կային, այս տարի չկան”, - կատակում է մի քաղաքացի: Իսկ էշեր չկան, որովհետեւ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն այս հարցով զբաղվել են: Ամիսներ առաջ մի քանի էշեր միասին թափառում էին փողոցներում  եւ հաճախակի հայտնվում մարզպետարանի դիմացի Գ.Նժդեհի անվան հրապարակում: Ոստիկանների ջանքերով կենդանիները տարվել են վարչությունում հատկացված տարածք, գտնվել են տերերը, հանձնվել նրանց ու զգուշացվել, որ կրկնվելու դեպքում կտուգանվեն: Ու կարծես խնդիրը լուծվել է:

Իսկ ինչո±ւ ձիերի ու կովերի համար այդ միջոցները չեն կիրառվում: “Կանենք, դժվար խնդիր չէ, միայն կենդանիների տերերին գտնել է պետք”, - ասում է Սյունիքի մարզային ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը:  Ընտանի այդ կենդանիների տերերը քաղաքի ծայրամասային թաղմասերի առանձնատների բնակիչներն են: “Ի՞նչ անեմ, ո՞նց պահեմ, գոմում չեն մնում, արածելու տեղ էլ չկա: Ստիպված բաց եմ թողնում, գնում-հասնում են քաղաքի կենտրոն: Ես էլ չգիտեմ, ինչ անեմ”, - այսպես անհիմն արդարանում է տիկին Աշխենը, ում 3 կովերը, հորթի հետ միասին ողջ օրը քաղաքում են անցկացնում ու հաճախ օրերով գոմ էլ չեն վերադառնում:

Իսկ ինչ վերաբերում է շներին ու կատուներին, սրանք իսկական պատուհաս են դարձել եւ բնակիչների, եւ քաղաքապետարանի համար: Եթե կատուներն իրենց վարքով հիմնականում աննկատ են մնում մարդկանցից, ապա շների մասին նույնն ասել չի կարելի: Դրանք երեկոյան ժամերին հաճախ հարձակվում են անցորդների վրա: Շների դեմ պայքարի միակ ձեւը Կապանում շարունակում է մնալ սպանդը, որի համար տարեկան մեկ միլիոն գումար է ծախսում քաղաքապետարանը, սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ տարեցտարի էլ ավելի է բարդանում:
Գոհար Իսախանյան, Կապան