суббота, 23 июня 2012 г.

«Ես բուլղարացի եմ, բայց իմ սիրտը հայկական է»

 
«Նա ընդամենը 12 տարեկան արցախցի աղջնակ էր, որի կյանքը փրկելու համար ես արյուն տվեցի: Երրոդ վիրահատությունից առաջ աղջիկն ուզեց ինձ տեսնել: Հազիվ բացելով աչքերը նայեց ինձ ու ասաց, որ եթե իր մեջ իմ արյունն է, ուրեմն երբ մեծանա, ինքն էլ ինձ պես լրագրող կդառնա: Ավաղ, նա չապրեց, նա դարձավ Արցախյան պատերազմի անմեղ զոհերից մեկը… »:

Պատերազմից մնացած այս եւ նման հուզիչ հիշողություններ պատմեց բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան կապանցիների հետ հանդիպման ժամանակ: 1992-ից սկսած՝ նա բազմիցս եղել է Կապանում, նկարահանել պատերազմի ծանր հետեւանքները: Իսկ հիմա եկել է որդու` 9-ամյա Դավիթի հետ` մասնակցելու իր հեղինակած «Արցախի վերքերը» փաստավավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսին:

Ցվետանա Պասկալեւան իր կատարած գործը հայ ժողովրդի համար համարում է մի փոքրիկ պատասխան այն մեծ գործի, որ արել են Գ.Նժդեհն ու Անդրանիկը բուլղար ժողովրդի համար: «Հայերի հետ կենսաբանական եւ գենետիկական կապ չունեմ, ես բուլղարացի եմ, բայց իմ սիրտը հայկական է», - ասաց նա: Մինչ շնորհանդեսը Պասկալեւան այցելեց Գ.Նժդեհի եւ Բաղաբուրջի հուշահամալիրներ, ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Այնուհետեւ քաղաքի մշակույթի կենտրոնում ֆիլմաշարի շնորհանդեսից առաջ խոսեց իր հերոսների` Արցախի ժողովրդի, իրենց հայրենիքն անձնուրաց պաշտպանող հերոս տղաների մասին, որոնցից մեկի` Դավիթ Սրապյանի, անունով էլ կոչել է իր որդուն: Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանի որոշմամբ Ցվետանա Պասկալեւային հանձնվեց «Ակսել Բակունց» ոսկե հուշամեդալ` «Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտի կինովավերագրությունը կերտելու եւ այդ գոյամարտի մասին համաշխարհային հանրությանը ողջ ճշմարտությունը մատուցելու ասպարեզում ներդրած ավանդի համար»:

Կապանցիների անունից Ցվետանա Պասկալեւային շնորհակալություն հայտնեց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, ստեղծագործական հաջողություններ մաղթեց եւ ցանկություն հայտնեց, նրա հաջորդ ֆիլմաշարը նվիրված լինի արդեն իսկ միջազգային ճանաչում ձեռք բերած Արցախին:

Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий