Ջրատարի ասբեստե խողովակները քաղցկեղի պատճառ են
|
“Ծնունդով Աշտարակից եմ, հայրս երկրաբան է եղել, ապրել ու սովորել եմ Երեւանում, սակայն 1987-ին ամուսնուս հետ որոշեցինք գալ նրա հայրենի գյուղ` Լիճք եւ աշխատել այստեղի մանկատանը: Եկանք եւ այդպես էլ մնացինք”: Հինգ տարի առաջ մահացել է տիկին Անահիտի ամուսինը` ողջ տնտեսությունը մնացել է երիտասարդ կնոջ ուսերին:
“Տղաներիցս ավագը ամուսնացած է, ընտանիքով ապրում է Մեղրիում, իսկ ես փոքր որդուս հետ գյուղում եմ ապրում: Արդեն սովորել եմ գյուղի կյանքին, բոլոր գործերն էլ անում եմ, չնայած մեծացել եմ քաղաքում”, - ասում է տիկին Անահիտն ու հուզմունքով պատմում գյուղի դժվար կյանքի մասին: “Դեռ լույսը չբացված գոմ եմ գնում, կով ունենք, խոզ: Գոմում գործերս ավարտելուց հետո դպրոց եմ շտապում, 40 հազար աշխատավարձ եմ ստանում: Դպրոցից տուն եմ գալիս, վազում այգի, հետո գետից փայտ եմ բերում, ճաշ եմ եփում, շոր լվանում, էսպես էլի”, - ասում է նա:
Գրեթե նույն առօրյան ունեն բոլոր լիճքցիները: Մի կին շտապում է բողոքել, որ ընտիր պանիր է պատրաստում, բայց առնող չկա, մյուսը չիրացված մրգի մասին է խոսում, գյուղի գազիֆիկացումից, ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակից, դպրոցի տնօրենն էլ առիթը բաց չի թողնում աելու, որ ուսուցչական աթոռների կարիք ունեն… Սակայն Մեղրիի տարածաշրջանի Լիճքում հարցերի հարցը, որ նախատեսել են լուծել այս տարի` ջրի խնդիրն է:
“Մեր գյուղում ջրի մասին խոսում են անգամ մանկահասակ երեխաները”, - ասում է գյուղապետ Հովհաննես Միրզոյանը: Վերջին տարիներին Լիճքում քաղցքեղով հիվանդանալու 26 դեպք են ունեցել: Հիմնականում երիտասարդների մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք: Պատճառները ճշտելու համար գյուղ հրավիրված բժիշկների խումբը չի բացառել, որ դրա պատճառը կարող է լինել արդեն 50 տարի գործող խմելու ջրատարի ազբեստե խողովակները:
Ի դեպ` այդ ջրից օգտվում են նաեւ Լիճքում տեղակայված զորամասի զինծառայողները: “Գյուղում խնդիրներ շատ ունենք, բայց ջրի խնդիրը շատ կարեւոր է: Եթե այն լուծվի, մյուս հարցերը մենք մեր ուժերով էլ մի բան կանենք”, - ասում է գյուղապետը: Լիճքի 2,5 կմ նոր ջրատարի համար 10 մլն դրամ է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Իսկ մարզպետարանը խոստացել է աջակցել աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մնացած գումարի ձեռք բերմանը:
Комментариев нет:
Отправить комментарий