Դժգոհողները շատ են, դիմողները` քիչ
|
Տարածքային գրասենյակի քաղաքացիական հարցերով իրավաբան Օկսանա Դավթյանի խոսքով` դժգոհողները շատ են, դիմողները` քիչ: Մինչդեռ հավաստիացնում են, որ դիմելու դեպքում կստանան լիարժեք աջակցություն: Կապանցի 53-ամյա տիկին Աստղիկն իրենց շենքում հայտնի է որպես “բողոքական” անունով: Հարեւանները նրա մասին ասում են, որ նա բողոքում է նույնիսկ այն ժամանակ, երբ սկսած գործը հաջող ավարտ է ունենում: Սակայն վերջերս, երբ մի հարցով կնոջն առաջարկեցին դիմել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, վիրավորվեց` “Ես գործ տվող չեմ, ինձ այլեւս նման բան չասեք”, - ասաց նա: “Մարդիկ շատ պասիվ են: Եթե նույնիսկ ոտնահարում են իրենց իրավունքները, չեն դիմում մեզ:
Պատահել է` զանգել են, բողոքել ոստիկանության աշխատակիցներից, բայց երբ հրավիրել ենք գրասենյակ` գործին ընթացք տալու համար, չեն ներկայացել, խուսափել են: Ցավալի է, բայց դեռեւս վախի մթնոլորտ կա”, - ասում է գրասենյակի քրեական հարցերով իրավաբան Արթուր Ղազարյանը:
Գրասենյակի իրավաբանների կողմից անցած ժամանակահատվածում տրվել է 4 խորհրդատվություն, արագ արձագանքել են 5 ահազանգի, որոնցից 2-ն առնչվել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումներին, իսկ 3-ը` Գորիս քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 23-ամյա Սուրեն Կիրակոսյանի գործողություններին, որը հրաժարվում էր անհրաժեշտ բժշկական օգնությունից:
“Այս գործով արել ենք ամեն ինչ, որի արդյունքում երկրորդ արձագանքման ժամանակ կալանավորն արդեն համաձայնվել է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Ի դեպ` այս գործով էլ ստացել ենք առաջին շնորհակալությունը”, - ասում է գրասենյակի համակարգող Արմեն Գեւորգյանը:
Տարածքային գրասենյակ առայժմ դիմում են միայն կապանցիները, մեկ դիմում-բողոք էլ ստացվել է Սիսիանից: Դիմումները հիմնականում պարունակում են սոցիալական բնույթի խնդիրներ:
Դիմումներից մեկն էլ վերաբերում է Կապանի քաղաքապետարանի կողմից աղբահանության ոչ լիարժեք կազմակերպմանը: Գրասենյակի մասին իրազեկման նպատակով աշխատակիցները հանդիպումներ են ունեցել հատուկ կարիքներ ունեցող, ազատամարտիկների, վետերենաների հկ-ների հետ, առաջիկայում նման հանդիպումներ կկազմակերպվեն դպրոցներում` ուսուցչական եւ աշակերտական կոլեկտիվների համար:
Արթուր Ղազարյանի խոսքով` տարածքային գրասենյակի անհրաժեշտությունը կա, պարզապես պետք է ինտենսիվ աշխատել: Նրա կարծիքով`իրենք պետք է գնան մարդկանց մոտ, լսեն նրանց խնդիրները, թե չէ մարդիկ առայժմ, քանի դեռ կա վախի մթնոլորտ, չեն գալու իրենց մոտ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի տարածքային գրասենյակը, որ հիմնվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող “Աջակցություն երկու ընտրական փուլերին Հայաստանում” ծրագրի շրջանակներում, կգործի 19 ամիս:
Комментариев нет:
Отправить комментарий