вторник, 19 июня 2012 г.

Ոչ հայկական պատմամշակութային հուշարձանները Սյունիքի տարածքում

 
prev  next
Ոչ հայկական պատմամշակութային հուշարձանները Սյունիքի մարզում սակավաթիվ են: Դրանք գտնվում են Կապանի, Մեղրիի, Սիսիանի մերձակայքում եւ հիմնականում մուսուլմանական գերեզմանոցներ են, դամբարան, մզկիթ, որոնց մեծ մասն ընդգրկված է Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Ընդհանուր առմամբ, մարզում հաշվառված է ոչ հայկական յոթ հուշարձան, որից վեցը մահմեդական է: Միակ ոչ հայկական, քրիստոնեական պատմամշակութային հուշարձանը մարզում Բաշքենդի հունադավան եկեղեցին է: ՀՀ մշակույթի նախարարության “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը պահպանություն է իրականացնում պետական սեփականություն հանդիսացող բոլոր հուշարձանների նկատմամբ: “Մարզի տարածքը բաժանված է 26 պահպանության գոտիների, որոնցում գտնվող հուշարձանները պահպանվում են հուշարձանի 26 պահապանների կողմից: Ըստ նախապես կազմված ու հաստատված ամսվա շրջայցի գրաֆիկի, իրականացվում են տվյալ հուշարձանի մաքրման, պահպանման աշխատանքներ: Մեզ համար նշանակություն չունի հուշարձանը հայկական է, թե ոչ: Ոչ մի տարբերություն չենք դնում, պահպանություն իրականացնում ենք հավասարաչափ` պետության հնարավորությունների սահմաններում”, - ասում է մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը: Մարզային ծառայությունը կիսամյակը մեկ հաշվետվություն է ներկայացնում “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ին: Հաշվետվության մեջ ներկայացվում է նաեւ տեղեկատվություն` մարզի առավել վտանգված հուշարձանների վերաբերյալ: “Սյունիքում մեծ թիվ են կազմում հայկական վթարային վիճակում գտնվող եկեղեցիները: Սակայն դրանց հետ միասին ներկայացնում ենք նաեւ ոչ հայկական վթարային հուշարձանների ցանկը, դրանց վթարայնության դինամիկան: Այլ խնդիր է, որ պետությունն այսօր մեծ հնարավորություններ չունի վերականգնման աշխատանքների համար”, - ասում է Աստղիկ Հակոբյանը:

Մեղրիի Լեհվազ գյուղում մինչեւ 20-րդ դարի 80-ական թվականները հայերն ու ադրբեջանցիներն ապրել են կողք-կեղքի: Գյուղի մոտ 75 տոկոսը ադրբեջանցիներ են եղել, իսկ այսօր գյուղում բնակվում են Ադրբեջանի տարբեր վայրերից բռնագաղթած հայեր: Լեհվազում այսօր էլ կանգուն է Հայրենական պատերազմում զոհված լեհվազցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որի վրա ադրբեջաներեն փորագրված 49 անուններից միայն 8-ն է հայկական: Սակայն Ադրբեջանից բռնագաղթած եւ Լեհվազում ապաստանած հայերը հարգանքով են վերաբերում հուշարձանին: “Ոչ միայն մայիսի 9-ին, այլեւ շատ ու շատ տոնական միջոցառումներ գյուղացիներն անցկացնում են այստեղ: Օրերս էլ Մեղրիի քաղաքապետարանը հուշարձանի տարածքում նոր նստարաններ է տեղադրել”, - ասում է Լեհվազի բնակիչ, 60-ամյա Արտյուշա Ալեքսանյանը:

Լեհվազ գյուղից քիչ հեռու, Մեղրի գետի ձախ ափին պահպանված է 18-20-րդ դարերի ադրբեջանական գերեզմանոց, որի կենտրոնում գտնվում է 18-19-րդ դարերի ութանիստ հիմքով դամբարան: 2006-ից այն համարվում է պետության կողմից պահպանվող տարածք: Լեհվազցիներից շատերը հիշում են, որ ադրբեջանցիներն այստեղ կազմակերպում էին կրոնական ծեսեր: Գերեզմանը դամբարանով դեռեւս յոթ տարի առաջ ընդգրկվել է Լիճքվազ-Թեյի ոսկու կորզման արտադրամասի տեղամասում, երբ այն շահագործում էին ավստրալացիները: Այդ ժամանակվանից էլ պատմամշակութային այդ տարածքը պահպանության նպատակով ցանկապատվել է: Այստեղ մինչ օրս կանգուն է կիսավեր, մուսուլմանական դամբարանը, որի շուրջը կարելի է հանդիպել տապանաքարերի:

 

Մեղրիի Շվանիձոր գյուղից 15 կմ հեռավարության վրա, անտառի գողտրիկ մի անկյունում ծվարել է Բաբա-Հաջիի սրբատեղին: Շվանիձորցի Գրիգոր Պողոսյանը հիշում է, որ Խորհրդային Միության տարիներին ադրբեջանցիների հետ միասին հայերը եւս այցելում էին այստեղ ու մատաղ անում: Բաբա-Հաջիի սրբատեղիի կառուցման մասին տարբեր պատմություններ կան: Ասում են, թե իբրեւ ժամանակին հարեւան հայկական ու թուրքական գյուղերի բնակիչները կռվի մեջ են եղել իրար հետ: Պայքարը գլխավորել են հայ Բաբան ու թուրք Հաջին: Տարիներով շարունակվող կռվին վերջ տալու համար Բաբան ու Հաջին հաշտվել են, միասին կառուցել այդ սրբատեղին, որից հետո երկու տարբեր ազգաբնակչություն ունեցող գյուղերն ապրել են հաշտ ու համերաշխ: Մեկ այլ վարկածով թուրքերից պաշտպանվելու համար հայկական գյուղի բնակիչները բարձրացել են դիմացի սարը: Շրջափակված հայերի պաշտպանությունը կոտրելու նպատակով թշնամին կտրել է ջուրը, որի խողովակների տեղն իմացել են մի պառավի խորհրդով` այնտեղ, որտեղից ենթադրում էին, որ ջրատարները կարող են անցնել, ձի են տարել, որն էլ լսելով ջրի ձայնը, սկսել է ոտքով քանդել հողը: Մնալով առանց ջրի, հայերը հանձնվել են: Ի նշան հաղթանակի թուրքերը կառուցել են Բաբա-Հաջիի սրբատեղին: Մինչ օրս ջրատար խողովակների հետքերը պահպանվում են: Շվանիձորցիները չգիտեն, թե սրբատեղին իրականում պարսկական, թուրքական, թե ադրբեջանական է, քանի որ հայերը մահմեդական բոլոր հարեւաններին հիմնականում թուրքեր են անվանել:

Կապանի Աճանան (նախկին Խալաջ) գյուղում կա մի շինություն, որի ճակատակալ քարի վրա պարսկերեն արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է պարսկական ժամանակագրության 1316թ-ին, որը համապատասխանում է հայկական ժամանակագրության 695թ-ին (7-րդ դար): Արձանագրությունը ժամանակի ընթացքում մամռակալել է եւ դժվարացել ընթերցումը: Սակայն գյուղապետ Վաչե Ավետիսյանը, որի դուստրը` Հասմիկը արեւելագետ է, ասում է, որ արձանագրության մեջ կան նաեւ հատվածներ Ղուրանից, ինչը վկայում է, որ այն ժամանակին սրբատեղի է եղել: Սակայն Աճանանի նախկին ադրբեջանցի բնակիչները շինությունը որպես սրբատեղի չեն օգտագործել: Այն միշտ էլ ծառայել է որպես պահեստ գյուղի համար: Փախստական հայերով վերաբնակեցված Աճանանի բնակիչները եւս անհրաժեշտության դեպքում այն օգտագործում են որպես պահեստ, սակայն շինության նկատմամբ սրտացավ մոտեցում կա: “Երեկ նկատեցի, պատից քար է պոկվել, անպայման պետք է կազակերպել եւ տեղը դնել”, - ասում է գյուղապետը: Գյուղացիները մի քանի անգամ նորոգել են նաեւ շինության տանիքը, որը ժամանակի ընթացքում քայքայվել է:

Կապանի ծայրամասային Շղարշիկ թաղամասում է գտնվում Հայրենական մեծ պատերազմի ռումինացի 36 ռազմագերիների գերեզմանատունը: Առայժմ այն ընդգրկված չէ պահպանվող տարածքների ցանկում, սակայն Ա.Հակոբյանի հավաստմամբ հուշարձանի վերաբերյալ տվյալներն արդեն ուղարկվել են մշակույթի նախարարություն եւ շուտով այն կընդգրկվի ցանկում: Իսկ մինչ այդ, տասը տարի առաջ թաղամասի լիազոր Շահեն Բաբայանցի նախաձեռնությամբ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան հետ, ըստ որի վերջինս աջակցում է հուշարձանի պահպանության գործում: “Մենք դիմել ենք, նրանք եկել են ուսումնասիրել ու հանձն առել հուշարձանի պահպանման, բարեկարգման գործում օգնել մեզ”, - ասում է թաղամասի լիազորը: Անհրաժեշտության դեպքում թաղամասի դպրոցականները, անհատները եւս ժամանակ առ ժամանակ մաքրման աշխատանքներ են իրականացնում հուշարձանի տարածքում:

Աղիտու գյուղի արեւմտյան եզրին, Աղիտու-Սիսիան ճանապարհից աջ, սարալանջին գտնվում է ադրբեջանական 19-20-րդ դարերի մզկիթ եւ գերեզմանոց: Այն ընդգրկված է պետության կողմից պահպանվող տարածքների ցանկում: Պահպանված գերեզմանաքարերը եւ մզկիթի ճակատակալ արձանագրությունը արաբատառ են, քանի որ մինչեւ խորհրդային կարգերի հաստատվելը ադրբեջանցիները գրել են արաբատառ: Աղիտուի բնակիչները մզկիթի մասին ոչինչ չգիտեն: Միայն պատմում են, որ տարիներ առաջ իրենց գյուղապետարանի նախկին քարտուղարը զբաղվել է այդ գերեզմանների, մզկիթի պատմությամբ, սակայն վաղաժամ մահվան պատճառով գործը կիսատ է մնացել եւ մինչ այսօր մուսուլմանական այդ սրբատեղիի մասին իրենց ոչինչ հայտնի չէ: Գյուղապետ Հրաչիկ Հայրապետյանի հավաստմամբ, գյուղի նախկին ադրբեջանցի բնակիչները այն օգտագործել են որպես սրբատեղի: “Գյուղացիները հարմարվել են այդ գերեզմանների գոյությանը, որ դարձել է մեր գյուղի անբաժանելի մասը: Ինչո՞ւ պիտի մարդը գնա քարի հետ կռիվ տա, դա համարում եմ անգրագիտություն, սխալ: Խնդիր ունես պիտի պայքարես մարդու դեմ եւ ոչ թե քարի”, - ասում է գյուղապետը: Արաբատառ մի խոյի քանդակ էլ, որ հայտնաբերվել է գյուղի տարածքում, տեղադրված է գյուղապետարանի դիմաց: “Խոյի գեղեցիկ քանդակ է, հետո ինչ, որ վրան արաբատառ գրություններ կան”, - ասում է դպրոցի տնօրեն Սուրեն Բլբուլյանը:

Սիսիանի մեկ այլ համայնքում` Որոտանում (նախկին Ուռուտ) գյուղում, եւս կա մուսուլմանական գերեզմանոց` արաբատառ բազմաթիվ գերեզմանաքարերով: Դրանք գտնվում են Մելիք-Թանգու կամրջից քիչ հեռու: 19-20-րդ դարերի այդ մուսուլմանական գերեզմանատունը եւս պահպանվում է պետության կողմից:

Ադրբեջանական գերեզմաններ կան նաեւ Կապանի տարածքում` Քիրս, Քարուտ, Գեղի բնակավայրերում: Նռնաձոր գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք նախկին հայկական Ըռնաձոր գյուղատեղիում եւս պահպանված են մահմեդական տապանաքարեր:

“Մարզի բնակչության կողմից մահմեդական հուշարձանների նկատմամբ վատ վերաբերմունք չկա: Դրանց քանդելու, վնասելու, փչացնելու դեպքեր չենք արձանագրել: Մեր կողմից միշտ հսկվում են այդ հուշարձանները, որպեսզի շրջակայքում գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքներ չիրականացվեն”, - ասում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Արամ Դավթյանը:

Սյունիքի տարածքում գտնվող ոչ հայկական սրբատեղիներն ու գերեզմանները, եթե անգամ ընդգրկված չեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, անվնաս են ու պահպանվում են: Դրանք լինելով մահմեդական, հարակից համայնքների բնակիչների համար սրբատեղիներ չեն ծառայում, բայց միաժամանակ վանդալիզմի չեն ենթարկվում: Հարգելով ուրիշների սրբատեղիները, մենք` հայերս, ուզում ենք զորավիգ լինել աշխարհի շատ երկրներում գոյություն ունեցող հայկական հուշարձանների պահպանմանը:

Բաշքենդի հունադավան եկեղեցի

Կապան քաղաքի ծայրամասային Կավարտ թաղամասից 4 կմ հեռավարության վրա գտնվող երբեմնի ծաղկուն Բաշքենդ բնակավայրի միակ անխոս վկան այսօր կիսականգուն, բարձրագմբեթ, հունադավան եկեղեցին է: Այն Սյունիքի տարածքում գտնվող ոչ հայկական սակայն քրիստոնեական պատմամշակութային եզակի հուշարձանն է, որն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Այն առանձնանում է իր յուրօրինակ ճարտարապետական տեսքով ու գեղարվեստական լուծումներով: Բաշքենդի եկեղեցին, որին տեղացի հայերն անվանում էին Բերզենների (հույների) եկեղեցի, իրավամբ կարելի է համարել արվեստի բացառիկ գործ: Այն կառուցվել է 1865թ.-ին` մուգ դարչնագույն տուֆից, որը ենթադվում է, դրսից է բերվել: “Մեզ մոտ գոյություն ունեցող շինություններում նման քար, որ օգտագործվել է Բաշքենդի եկեղեցու շինարարության մեջ, չկա: Այդ քարի գույնը բավականին հետաքրքիր ու գեղեցիկ գունային խաղ է ստեղծում: Ենթադրվում է, որ այն բերվել է Ղարաբաղից` Շուշիից: Ուխտերով եւ գրաստներով Կավարտից հանքաքարը տանում էին Կիրովոբադ` Եվլախ կայարան եւ, հավանաբար, Շուշիից էլ բերում էին քարը: Հայերը ուխտեր չէին պահում, Պարսկաստանից պարսիկներն էին իրենց ուխտերով գալիս ու աշխատում: Իսկ հույները զուտ հանքարդյունաբերությամբ էին զբաղվում”, - պատմում է ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Սյունիքի եւ Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վիգեն Ծատրյանը: Ճարտարապետ Յուրիկ Գեւորգյանը նկարագրելով Բաշքենդի եկեղեցու ճարտարապետական կերպարը նշում է. “Այն արտաքին ուղղանկյան մեջ պարփակված, կիսաշրջանաձեւ, միախորան, երկու կիսաշրջանաձեւ ավանդատներով (նաեւ արտաքինից)` խորանի հետ կամարաձեւ բացվածքներով կապակցված` եռանեֆ, թաղածածկ, բազիլիկ գմբեթավոր եկեղեցի է` արեւմտյան մասում կրկնահարկ զանգակատնով: Ունեցել է կղմինդրե երկլանջ տանիք: Գմբեթը պղնձե թիթեղից է եւ ունի սլաքաձեւ տեսք: Զանգակատան տանիքը եւս նույն պղնձե նյութից է` վեղարաձեւ եւ ունի ութ նիստ: Պատերը տուֆից ու բազալտե քարերից են, արտաքին մասում շարվածքը սրբատաշ է: Ներքին հարդարումը իրականացվել է կրաշաղախե երսսվաղով: Լուսամուտների բացվածքները երիզված են դեղին երանգ ունեցող կրաքարերից: Քիվերը նույնպես դեղնավուն գույնի կրաքարերից են: Գմբեթը ութանիստ է, որը հենվում է գմբեթատակ թմբուկի վրա, որոնք իրենց հերթին հենվում են չորս կլոր սյուների վրա, որոնց տրամագիծը 50 սմ է: Եկեղեցու հատակը եւ բեմը բնական քարե սալերից են: Հիմնականում արտաքին պատերի շարվածքը իրականացվել է 30 սմ բարձրությամբ բնական տուֆե քարերից: Մուտքը արեւմտյան կողմից է”: Ծնունդով կավարտեցի Ռազմիկ Կոստանդյանը պատմում է, որ եկեղեցին ջուր է ունեցել, իսկ ջրատարը կառուցել են Կավարտի կավից պատրաստված խողովակներից, որոնց մի մասն այսօր էլ պահպանվել է:

Եկեղեցու բոլոր շար քարերը երկաթե ամրաններով միացված են իրար հետ: Մասնագետների կարծիքով շատ որակյալ աշխատանք է կատարվել, ինչի շնորհիվ բազմաթիվ փորձություններից հետո էլ եկեղեցին դեռ կանգուն է: Այդ տեխնոլոգիան հին հայկական է, որը հսկա կառույցների շինարարության ժամանակ է կիրառվել: Քանի որ եկեղեցու տարածքը վթարային էր, խորհրդային տարիներին Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից երկաթե ամրագոտիներով կատարվել է եկեղեցու ամրացման աշխատանքներ: “Այդ ժամանակ մեծածավալ շահագործվում էին շրջակա հանքերը, համարյա ամեն օր պայթեցումներ էին լինում, ինչի կարող էր հանգեցնել եկեղեցու փլուզմանը”, - ասում է Ռ.Կոստանդյանը:

Բաշքենդ

Բաշքենդը, որը թարգմանաբար նշանակում է մեծ գյուղ կամ գլխավոր ավան, գտնվում է Որսասար լեռան բարձունքին: Ըստ պահպանված տեղեկությունների, այն եղել է 19-րդ դարի 40-ական թվականներին Տրապիզոնից եկած եւ այնտեղ հանգրվանած հույն պղնձագործների` Կոնդուրով յոթ եղբայրների ոստանը: Հանքերում աշխատելու նպատակով Կոնդուրովները Արեւմտյան Հայաստանից այստեղ են հրավիրել 128 հույն բանվորների, որոնց մեծ մասը երիտասարդներ էին: Նրանք հետագայում ամուսնացել են Արեւմտյան Հայաստանից գաղթած ազգությամբ հույն աղջիկների հետ: Հույների համար էլ հանքերը շահագործող եղբայրներից ամենահայտնին` Խարլամպի Կոնդուրովը` Ուստա Ալավերդի մականվամբ, 1865 թվականին կառուցել է Բաշքենդի ուղղափառ եկեղեցին: Այս մասին վկայում է եկեղեցու ճակատակալ քարը, որը մի քանի տարի առաջ ընկել է եւ ներկայումս ի պահ է տրված Կապանի երկրագիտական թանգարանին:

Հույն պղնձագործները ծաղկուն ու բարգավաճ Բաշքենդում ապրեցին ընդամնեը 73 տարի: Նրանց զանգվածային արտագաղթի ենթարկեցին 1918-21թթ.` հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում: Մի քանի տարի Բաշքենդը մնաց առանց հիմնական բնակչության, որից հետո Կավարտից Բաշքենդ տեղափոխվեցին 20 հայկական ընտանիքներ: 1924թ.-ից նոր բաշքենդցիներն աշխատանքի անցան վերականգնված հանքահորերում: 1957թ. մայիսի 5-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով բաշքենդցիները ստիպված եղան հեռանալ գյուղից: Այդ օրը գյուղի տարածքում տեղի ունեցած սողանքի զոհ է դարձել գյուղի բնակչուհի տիկին Սաթենիկը` իր հողամասում աշխատելու ժամանակ: Դեպքի վայրում առաջացել էր 10-12 մ խորության փոս: Փրկարարներին միայն դեպքից չորս օր հետո տեխնիկայի օգնությամբ հաջողվել է գտնել տիկին Սաթենիկի դին: Ողբերգական դեպքից հետո բաշքենդցիները վերաբնակվեցին Կապան քաղաքում: 1960-ական թվականերին եկեղեցու շրջակայքում նոր, մեծ փլուզումներ տեղի ունեցան: Բացառությամբ կիսավեր եկեղեցուց, գյուղի բոլոր տները քանդվեցին: Գյուղը եւ շրջակայքը ընդհանուր հաշվով 75 հազ. քառ. մետր տարածք ցանկապատվեց եւ հայտարարվեց վտանգավոր գոտի: Չնայած այսօր Բաշքենդի եկեղեցին ընդգրկված է պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն եկեղեցու նկատմամբ պահպանություն չի իրականացվում` տարածքի վթարայնության պատճառով:

Եկեղեցու ճակատագիրը վտանգված է

Բաշքենդի եկեղեցու տեղափոխությունն անհրաժեշտություն է դարձել: Շրջակա հանքերում տարիներ շարունակ իրականացված պայթեցումների արդյունքում եկեղեցին հայտնվել է վթարային գոտում եւ կանգնած է փլվելու վտանգի առջեւ:

Scoop-Կովկաս ծրագրի շրջանակներում ճարտարապետ Յուրիկ Գեւորգյանի կողմից կատարված փորձագիտական ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ ժամանակի ընթացքում եկեղեցու վթարայնությունը մեծանում է: Ըստ փորձագիտական եզրակացության, վերջին չորս տարիների ընթացքում եկեղեցու պատերին գոյություն ունեցող ճեղքերը լայնացել են 0,5-1,0 սմ-ով, ինչը հետեւանք է տանիքի բացակայության, նաեւ արտաքին բնակլիմայական ու բուսածածկույթի ակտիվ ազդեցությունների: “Խորանի շրջանաձեւ պատի արեւելյան հատվածի ամբողջ բարձրությամբ առկա են ներքնամասում 1-2 սմ չափեր ունեցող ճեղքեր, որոնք տարածվում են մինչեւ տանիքածածկի քիվի հատվածը եւ չափերով հասնում են 5-6 սմ-ի: Նույն ճեղքերը տարածվում են պատի ամբողջ հաստությամբ` դեպի խորանի ներսը: Լուսամուտի եզրաքարերից բացակայում են կամարաշարի քարեր:

Հարավային ճակատի արեւելյան հատվածում` լուսամուտի կամարաշարից վերեւ գույություն ունեն 2-3 սմ չափերի ճեղքեր, որոնք տարածվում են պատի հիմքից մինչեւ տանիքածածկ քիվը: Նույն հատվածում բացակայում են տանիքածածկը եւ երկթեք ճակտոնի քիվերը: Նմանատիպ չափերի ճեղքեր առկա են արեւմտյան ճակատի հարավային եւ հյուսիսային պատերում: Հյուսիսային պատի կենտրոնական լուսամուտի ուղղությամբ գոյություն ունեն անկանոն տարածվող իրարից մոտ 1 մ հեռավորության վրա կրկնվող ճեղքեր` 1-3 սմ չափերի”, - ասվում է փորձագիտական եզրակացության մեջ:

2007-ին Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատը, ներկայիս “Դինո գոլդ մայնինք քամփնի” ՓԲԸ նախատեսել էր իրականացնել եկեղեցու տեղափոխման աշխատանքներ եւ դիմել էր համապատասխան մարմիններին: Սակայն երկրաբանական որոշ աշխատանքներից հետո ընկերությունը պետութանը ետ է վերադարձրել Կավարտի հանքավայրի շահագործման լիցենզիան եւ միաժամանակ հրաժարվել է զբաղվել եկեղեցու ճակատագրով: Չնայած արդեն ընկերության պատվերով կազմվել էին փաստաթղթեր` եկեղեցին տեղափոխելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ: Ըստ մասնագետների, եկեղեցին տեղափոխելու համար ամենաքիչը 300 մլն դրամ գումար է անհրաժեշտ: Եկեղեցու խնդրով հետաքրքվել է նաեւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը: Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը վերջին տարիներին մարզում առկա առավել վթարային հուշարձանների ցանկում ներառում է Բաշքենդի եկեղեցին: Սակայն այդ նպատակով նախատեսված պետական միջոցների սղության պատճառով խնդիրը լուծում չի ստանում: Անհրաժեշտ են հովանավորներ, ովքեր կարող են հնարավորության սահմաններում աջակցել եւ իրականցնել Բաշքենդի եկեղեցու տեղափոխությունը, որը մասնագետների կարծիքով հնարավոր է: Ըստ Յուրիկ Գեւորգյանի, եկեղեցու շրջակայքում կան հուշարձանապատկան մանրամասներ, բեկորներ, որոնք հնարավորություն են տալիս եզրակացնել եկեղեցու ամբողջական տեսքի վերականգնումը: “Եկեղեցին գտնվում է փլուզման վտանգավոր գոտում, որը մասնակիորեն արդեն շեղվել է իր առանցքից եւ ստեղծվել է ոչ նպաստավոր պայմաններ եկեղեցու հետագա գոյատեւման համար: Նպատակահարմար եմ գտնում եկեղեցին տեղում քանդել, համարակալել բոլոր առանցքային կապակցվող քարերը, տեղափոխել ու վերականգնել այլ տեղում”, - ասում է Յուրիկ Գեւորգյանը:

Բաշքեդնի եկեղեցին իր գեղեցկությամբ շատերին է գրավում, անգամ հեռվից այն շատ գեղեցիկ է: Չնայած հունադավան լինելուն, այն եւս սիրված է կապանցիների կողմից եւ նրա ճակատագրով անհանգստացած են բոլորը: Նախկինում հայերը եւս մոմ էին վառում եւ աղոթք անում եկեղեցում: Սակայն այսօր անգամ մարզում բնակվող սակավաթիվ հույները, չնայած մեծ ցանկության, վախենում են այցելել եկեղեցի: Ծնունդով մեղրեցի, ազգությամբ հույն Արտյուշա Ալեքսանյանի հայրը` Յուրինկա Ալեքսանդրի Կանդազիդին, ծնվել է 1897-ին Բաշքենդում: Խորհրդային տարիներին դարձել են Կանդազով,Կանդազյան, իսկ հետո ինքը որոշել է պապի անունով ազգանունը դարձնել Ալեքսանյան: Արտյուշա Ալեքսանյանը մի քանի անգամ եղել է Բաշքենդում, հիացել եկեղեցու գեղեցկությամբ, բայց ցավում է, որ վթարային տարածքում գտնվելու պատճառով այսօր այն կարող է տեսնել միայն շատ հեռվից:

Ենթադրություններ կան, որ 1890 թ. նոյեմբերի 22-ին Բաշքենդում է ծնվել Ֆրանսիայի մեծագույն քաղաքական ու ռազմական գործիչ, 1959-1969 թթ.-ին Ֆրանսիայի նախագահ Շառլ Դը Գոլը: Կավարտեցի 73-ամյա Ռազմիկ Կոստանդյանը երիտասարդ տարիներից հիշում է, որ ասում էին, թե իբրեւ Շառլ Դը Գոլը ցանկանում է գալ եւ տեսնել իր ծննդավայրը: Ասում են նաեւ, որ մտադրություն է ունեցել զբաղվել եկեղեցու ճակատագրով: Սակայն անհայտ պատճառներով նա այդպես էլ չի այցելել Բաշքենդ:

Կավարտ թաղամասի լիազոր Գագիկ Խաչատրյանն իր պապերից լսել է, որ եկեղեցու տեղը երբեք պատահական չի ընտրվում, որ տեղափոխելու դեպքում անգամ այն իր նախկին տեղից հեռու տանել չի կարելի: Այդ պատճառով էլ կավարտեցիներն արդեն եկեղեցու համար թաղամասում նոր տեղ են ընտրել: “Շատ հարմար տեղ է: Այդտեղից եկեղեցին տեսանելի կլինի հարեւան Նորաշենիկ, Առաջաձոր, Խոտանան գյուղերից: Հետո ինչ, որ եկեղեցին հայկական չէ, միեւնույն է, Աստծո տուն է, քրիստոնյա ենք, ուխտի կգնանք այնտեղ, ”, - ասում են կավարտեցիները: Նրանք որոշել են, որ եթե եկեղեցին տեղափոխեն այլ տեղ, իրենք փակելու են ճանապարհը: Ռազմիկ Կոստանդյանի խոսքով, Կավարտում շատ նշանավոր հայկական եկեղեցի է եղել` Սբ Սարգիսը, որտեղ որպես սպարապետ օծվել է Գարեգին Նժդեհը: Սակայն խորհրդային տարիներին, պետության կողմից այն պայթեցվել է եւ թաղամասն առայսօր եկեղեցի չունի: Պատմում են, որ պայթեցնողը տեղում կաթված է ստացել եւ կարճ ժամանակ հետո մահացել: “Թաղամասում նոր եկեղեցու կառուցումը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Մենք համաձայն ենք, որ Բաշքենդի եկեղեցին տեղափոխեն մեզ մոտ: Քրիստոնյա ենք, մենք այնտեղ էլ կաղոթենք եւ կդարձնենք այն մեր սրբատեղին”, - ասում է թաղամասի լիազորը:

Գոհար Իսախանյան

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (Scoop) աջակցությամբ

Комментариев нет:

Отправить комментарий