пятница, 22 июля 2011 г.

Ֆրանսահայ կամավորները Սյունիքում

Արդեն 4-րդ տարին է Կապանի Եղվարդ գյուղը հյուրընկալում է սփյուռքահայ երիտասարդ կամավորների, որոնք աջակցում են ֆրանսիական “Երկիր-մշակույթ” կազմակերպության միջոցներով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ու շրջակայքի բարեկարգման աշխատանքներին:

Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը կամավորների 14 հոգանոց խմբին դիմավորել է Երեւանում: Իսկ երբ գյուղ են եկել, այստեղ նրանց համար անակնկալ էին պատրաստել գյուղի երեխաները` տանտիրոջ իրավունքով հյուրերին ընդունելով երգով, պարով, ծաղիկներով ու փուչիկներով:

“Նրանք տեղավորվել են գյուղապետարանի սեփականություն համարվող տան մեջ: Ապահովված են կենցաղային բոլոր պայմաններով, խոհարարները հոգում են սննդի հարցերը` օրական երեք անգամ: Չնայած գյուղը ջուր չունի, սակայն կամավորներն ապահովված են նաեւ անհրաժեշտ քանակությամբ ջրով: Իսկ երեկոյան գյուղի դիսկոտեկում նրանք հետաքրքիր ժամանակ են անցկացնում եղվարդցի երիտասարդների ու երեխաների հետ: Գյուղացիները շատ բարիացակամ են, նրանց ընդունում են, ինչպես իրենց երեխաներին”, - ասում է գյուղապետը:

Կամավորներից 15-ամյա Նոյեմի Սարյանը Կապանի Եղվարդ գյուղ եկել է Ֆրանսիայից: Առաջին անգամ Հայաստանում եղել է 6 տարեկանում եւ շատ բան չի հիշում: “Անցած տարի քույրս` Գայանեն էր եկել Եղվարդ: Նա շատ սիրեց այս գյուղը եւ ամբողջ տարին ինձ միայն այդ մասին էր պատմում:  Ես էլ որոշեցի, որ գամ ու իմ աչքով տեսնեմ այս ամենը: Ուրախ եմ, որ եկել եմ, գործը դժվար չէ, նույնիսկ հետաքրքիր է, մի քիչ արեւը տաք է, բայց դա էլ լավ է: Ինձ շատ է դուր եկել Եղվարդը, երկու օր է այստեղ եմ, ընկերացել եմ գյուղի երեխաների հետ եւ արդեն չեմ պատկերացնում` ինչպես պիտի վերադառնամ” - ասում է նա:

Նոյեմին շաբաթ օրերին Ֆրանսիայում հաճախում է հայկական դպրոց: Որոշել է հետագայում տուրիզմով զբաղվել:  Նոյեմիի հասակակից Լետիսիա Դեմիրճյանը նույնպես Ֆրանսիայից է:

“Եկել եմ հայրենիքիս օգնելու, ինչը ինձ համար մեծ երջանկություն է: Շատ ուրախ եմ: Երկրորդ անգամն է Հայաստանում եմ, բայց առաջին անգամն եմ Եղվարդում: Աշխատանքը, որ գիտեմ հայերնիքիս օգնելու համար է, ամենեւին էլ դժվար չէ: Ես Ֆրանսիայում դիզայներական գործ եմ սովորում: Հայկական դպրոց չեմ հաճախում, բայց մեր տանը հայրս ու մայրս միայն հայերն են խոսում: Հայերեն գրել կարդալ դեռ չգիտեմ, բայց սկսել եմ սովորել”, - պատմում է Լետիսիան:

Կամավորների աշխատանքային առաջին օրն օրհնեց, նրանց մաղթանքի ու շնորհակալության խոսքեր ասաց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը: Կամավորների խմբի ղեկավար Վահան Քերոբյանն ասաց, որ կամավորները Ֆրանսիայից են, մեկ հոգի Անգլիայից: Այս տարի նրանք եկեղեցու շրջակայքի բարեկարգումից բացի կմասնակցեն նաեւ երկու շաբաթ առաջ Եղվարդի վարչական տարածքում հայտնաբերված դամբարանադաշտում իրականացվող պեղումներին:

Կամավորների այս խումբը Եղվարդում կմնա մինչեւ օգոստոսի վերջը, իսկ հետո նրանց կփոխարինի նոր խումբ:

Եղվարդի 18-րդ դարի եկեղեցին վերականգնվում է 2007-ից: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնում է միայն եկեղեցու ջահի տեղադրումը, ցանկապատի ճաղերի ամրացումը, շրջակայքի կանաչապատումը, կկատարվի նաեւ ծառատունկ: Նախատեսված է տնկել բացառապես նռնենիներ: Իսկ օգոստոի 20-ին մեծ շուքով կկատարվի եկեղեցու վերաբացման եւ վերաօծման արարողությունը:

Հետագայում կազմակերպությունը Եղվարդում նախատեսել է մեկ ծրագիր եւս իրականացնել` Թորոս իշխանի գերեզմանը տեղափոխել պատմականորեն իր ճիշտ տեղը` եկեղեցու բակը, որտեղից տեղափոխվել էր խորհրդային տարիներին` կառուցվող ճանապարհին խանգարելու պատճառով:
Գոհար Իսախանյան, Կապան

вторник, 19 июля 2011 г.

Էշերին բերման են ենթարկել

Ձիեր, կովեր, շներ, կատուներ… Սա ոչ բոլոր այն կենդանիների ցանկն է, որոնց կարելի է տեսնել Կապան քաղաքի կենտրոնական թաղամասերում, կանաչապատ տարածքներում, սրճարանների, կարուսելների, ավելի շատ աղբամանների հարեւանությամբ, մի խոսքով` ամենուր:

Կենդանիներն այնպես են վարժվել մարդկանց, մարդիկ էլ կենդանիներին, որ հաճախ իրար չեն էլ նկատում: Ձիերն ու կովերը հանգիստ արածում են քաղաքի կանաչապատ տարածքներում, անհրաժեշտության դեպքում` մեծ հմտությամբ, առանց խանգարելու երթեւեկությունը, անցնում են փողոցը, բարձրանում կամուրջների աստիճաններով, վերջապես տակնուվրա անում աղբամանները եւ աղբը ցրում շուրջ բոլորը:

“Այս հարցում մեր քաղաքը առաջադիմել է, անցած տարի էշեր էլ կային, այս տարի չկան”, - կատակում է մի քաղաքացի: Իսկ էշեր չկան, որովհետեւ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն այս հարցով զբաղվել են: Ամիսներ առաջ մի քանի էշեր միասին թափառում էին փողոցներում  եւ հաճախակի հայտնվում մարզպետարանի դիմացի Գ.Նժդեհի անվան հրապարակում: Ոստիկանների ջանքերով կենդանիները տարվել են վարչությունում հատկացված տարածք, գտնվել են տերերը, հանձնվել նրանց ու զգուշացվել, որ կրկնվելու դեպքում կտուգանվեն: Ու կարծես խնդիրը լուծվել է:

Իսկ ինչո±ւ ձիերի ու կովերի համար այդ միջոցները չեն կիրառվում: “Կանենք, դժվար խնդիր չէ, միայն կենդանիների տերերին գտնել է պետք”, - ասում է Սյունիքի մարզային ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը:  Ընտանի այդ կենդանիների տերերը քաղաքի ծայրամասային թաղմասերի առանձնատների բնակիչներն են: “Ի՞նչ անեմ, ո՞նց պահեմ, գոմում չեն մնում, արածելու տեղ էլ չկա: Ստիպված բաց եմ թողնում, գնում-հասնում են քաղաքի կենտրոն: Ես էլ չգիտեմ, ինչ անեմ”, - այսպես անհիմն արդարանում է տիկին Աշխենը, ում 3 կովերը, հորթի հետ միասին ողջ օրը քաղաքում են անցկացնում ու հաճախ օրերով գոմ էլ չեն վերադառնում:

Իսկ ինչ վերաբերում է շներին ու կատուներին, սրանք իսկական պատուհաս են դարձել եւ բնակիչների, եւ քաղաքապետարանի համար: Եթե կատուներն իրենց վարքով հիմնականում աննկատ են մնում մարդկանցից, ապա շների մասին նույնն ասել չի կարելի: Դրանք երեկոյան ժամերին հաճախ հարձակվում են անցորդների վրա: Շների դեմ պայքարի միակ ձեւը Կապանում շարունակում է մնալ սպանդը, որի համար տարեկան մեկ միլիոն գումար է ծախսում քաղաքապետարանը, սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ տարեցտարի էլ ավելի է բարդանում:
Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 18 июля 2011 г.

Փլված դպրոցը կկառուցվի նոր տեղում

Երկու օր առաջ փլված Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը կառուցվել է 1966-ին` նախկին դպրոցի տեղում, որը հիմնահատակ քանդվել է 1963-ին` կրակի ճարակ դառնալուց հետո: Սակայն, ինչպես պարզվեց, նոր կառուցված շենքը նույնպես երկար կյանք չունեցավ:

“Չարաբաստիկ տարածք է այս տեղը”, -  լսելով դպրոցի պատմությունը ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ դեպքի մանրամասներին տեղում ծանոթանալու նպատակով Կապան ժամանած քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին առաջարկեց դպրոցից քիչ հեռու` նոր տարածքում նոր դպրոց կառուցել, այլ ոչ թե վերակառուցել կիսաքանդ շենքը: Սակայն նման որոշում ընդունելը դեռ վաղ է: Վերջնական որոշումը կլինի 10 օրից` մասնագիտական խմբի եզրակացությունից հետո:

Վթարված դպրոցում շինարարները նախարարին մանրամասն ներկայացրեցին կատարվածը: Ավերված շենքի փլատակներից  մասնագետները տեղում եզրակացրեցին, որ շինարարության ընթացքում թույլ են տրվել մի շարք մասնագիտական սխալներ: Դպրոցի հիմնանորոգումն իրականացնող շինարարների խոսքով, շենքի այս հատվածում նախորդ օրը միայն քանդել էին պատի սվաղը ներսից, որից հետո ժամը 17-ին բանվորները տուն էին գնացել, իսկ առավոտյան` ժամը 8 անց 43 րոպեին տեղի էր ունեցել փլուզումը:

Նախարարն ու Սյունիքի մարզպետը բարձրացան կիսաքանդ շենքի հարկերով եւ մանրամասն ուսումնասիրեցին կատարվածը: Նախարարը կարծիք հայտնեց, որ հնարավոր է հին 4 հարկանի շենքի տեղում կառուցվի նոր` 3 հարկանի տիպային դպրոցի` 600 աշակերտի համար: Հաշվի առնելով, որ այս տարվա հունիսի 9-ին մարզում փլվել է նաեւ Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի դպրոցը, նախարարը մարզպետի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, որպեսզի իրենց տրամադրեն մարզի դպրոցների վթարայնության վերաբերյալ տվյալներ եւ բացի դրանից, հանձնարարել է համապատասխան կառույցներին` մոտ ժամանակներս մարզի դպրոցներում իրականցնել սեյսմակայունության ուսումնասիրություններ:

Մինչ մարզի փլված դպրոցական շենքերի հարցը կլուծվի, ինչը ժամանակի առումով հնարավոր չէ մինչեւ նոր ուսումնական տարին, այդ դպրոցների աշակերտների համար կստեղծվեն բոլոր պայմանները` նորմալ դասապրոցես անցկացնելու համար:

Արդեն որոշված է, որ Տեղ գյուղում աշակերտների մի մասը ժամանակավորապես կհաճախի հարեւան Արավուս գյուղի նորակառույց դպրոց, իսկ տարրական դասարանցիների համար դասապրոցեսը կկազմակերպվի գյուղի բժշկական կենտրոնի տարածքում: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները կհաճախեն քաղաքի թիվ 1 եւ թիվ 6 հիմնական դպրոցներ:
Գոհար Իսախանյան, Կապան

суббота, 16 июля 2011 г.

Փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը





Այսօր առավոտյան' ժամը 08:43 րոպեին, փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը: Պետբյուջեի ֆինասավորմամբ դպրոցում ընթանում էին նորոգման աշխատանքներ: Պատահարի պահին շենքում եղել են երկու բանվորներ, որոնք նորոգման նպատակով գույքի տեղափոխություն են կատարելիս եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակիցը, զոհեր եւ տուժողներ չեն եղել: Շենքը փլվել է կենտրոնական մասում' դահլիճի կողմից' չորրորդ հարկից մինչեւ առաջին հարկը: Շենքի հետին պատը, որտեղից եւ սկսվել է փլուզումը, տարիներ շարունակ եղել է վթարային, այս տարի վերջապես պետք է նորոգվեր:
Շինաշխատանքների մեջ ներառված են նաեւ այդ պատի ամրացման աշխատանքները, սակայն շինարարությունը դեռ դրան չէր հասել: Դպրոցի դահլիճը նորոգվել էր անցած տարի: Փաստորեն, շարքից դուրս է եկել դահլիճի ողջ գույքը, նաեւ այդ ուղղությամբ բոլոր դասասենյակների գույքը: Փլուզումից ժամեր անց դեռ փլուզման վտանգ կար: Մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից ժապավեններով մեկուսացվել է շենքը, արգելվել է մուտքը դպրոցի տարածք, փակվել է նաեւ դպրոցի հարակից փողոցը: Դեպքի վայր է ժամանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քաղաքաշինության ոլորտի մարզային պատասխանատուների հետ: Հիշեցնենք, որ այս տարի սա Սյունիքում երկրորդ դեպքն է: Հունիսի 9-ին փլվել է նաեւ Գորիսի Տեղ գյուղի դպրոցի շենքը: Բարեբախտաբար, այստեղ եւս տուժողներ չեն եղել:

среда, 13 июля 2011 г.

Սյունեցի ընտանիքները սպասում են


Առայժմ միայն Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցի նախկին լողավազանի հարեւանությամբ դեռեւս անցած տարվանից կանգնեցված գեղեցիկ ցուցանակն է տեղեկացնում, որ այդտեղ պետք է լինի երեք շենքից բաղկացած բնակարանային համալիր` կապանցի երիտասարդ ընտանիքների համար: Գայթակղիչ ցուցանակից քիչ հեռու հիմք է փորված, որն  ամբողջությամբ լցված է ջրով: Դա կառուցվելիք համալիրի առաջին 96 բնակարանից բաղկացած շենքի հիմքն է, որի բնակարանամուտը կապանցի երիտասարդ ընտանիքները պետք է տոնեին եկող տարվա նոյեմբերի 30-ին:

“Սահմանված ժամկետում շինարարությունն ավարտել չենք կարող, քանի որ անցած տարվա հոկտեմբերից մեկնարկած աշխատանքները դադարեցված են այս տարվա մարտից: Շինհրապարակից քիչ հեռու հոսող Ողջի գետի մակարդակը սպասվածից ավելին է բարձրացել, եւ տարածքը ծածկվել է ջրով, որի պայմաններում աշխատելն անհնար է: Աշխատանքները նախատեսել ենք վերսկսել հուլիսի վերջերից, քանի որ այդ ժամանակ կսկսի իջնել գետի մակարդակը: Կարվի ամեն ինչ, որպեսզի հետագայում խուսափենք նման խնդիրներից: Հաջողության դեպքում շենքը կավարտենք 2013 թվականի սկզբին” - ասում է շինարարություն իրականացնող “Ինթըրնեյշնլ Դիվելըմփմենթ ընդ Քոնստրաքշն” ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը:

“Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը” բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը, որի շրջանակներում կառուցվում է բնակելի համալիրը, իրականցնում է “Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումը”: Ծրագիրը ենթադրում է տարածաշրջանի երիտասարդ ընտանիքների համար կառուցել յուրաքանչյուրը 12-14 հարկանի երեք շենքից բաղկացած բնակարանային համալիր՝ 335 բնակարանով:

Շինարարությունը մեկնարկել է առաջին շենքի հիմնարկեքի արարողությամբ, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն էլ խոստացել է կառուցվելիք շենքի բնակարանների արժեքի 5 տոկոսի չափով գումար տրամադրել` երեք փուլով: Առաջին փուլի գումարն արդեն հատկացվել է, սակայն աշխատանքները դանդաղում են, երիտասարդ ընտանիքներն էլ` առայժմ սպասում:

Ի դեպ` կառույցը հետաքրքրում է ոչ միայն բնակարանի ապագա տերերն, այլեւ բոլոր կապանցիներին, քանի որ ասված է, որ այն իր տեսակի մեջ նորություն է լինելու քաղաքում:

“Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի տանիքն ունենալու է աշտարակաձեւ ճարտարապետական լուծում, որի վրա տեղադրվելու է քաղաքային նշանակության ժամացույց”, - մասնավորապես ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 11 июля 2011 г.

ԱԻ վարչության երկու հենակետ Սյունիքում

Այս տարվա անցած 6 ամիսներին Սյունիքում արձանագրված հրդեհները երեք անգամ գերազանցում են անցած տարվա ցուցանիշը: Մարզային փրկարարական ծառայության կողմից գրանցված հրդեհի 77 դեպքերից 11-ը եղել է խոտածածկ տարածքներում, որի վնասի չափը հաշվարկվել է 14 մլն 500 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարի այդ վնասը եղել է ընդամենը 1  մլն 750 հազար դրամ:

Մարզային հրդեհային տեսչության պետ Միշա Խաչատրյանի խոսքով, հրդեհներին նպաստում է եղանակի բարձր ջերմաստիճանը, սակայն մեծ է նաեւ մարդկային գործոնը:

“Չգիտես ինչու վերջին տարիներին բնակիչները նկատելիորեն անտարբեր են դարձել եւ սեփական, եւ հանրային ունեցվածքի նկատմամբ: Մինչդեռ անփութության հետեւանքով առաջացող հրդեհների թիվը ավելի մեծ է լինում: Այդ աղետի դեմ պայքարելու համար խիստ անհրաժեշտ է բնակչության աջակցությունը, առավել եւս, որ թափուր աշխատատեղեր ունենք, մասնագետները քիչ են, իսկ փոքր խմբերով հրդեհ մարելը էլ ավելի դժվար գործ է”, - ասում է Մ.Խաչատրյանը:

Ընթացիկ տարում հրդեհների պատճառով մարզում վարչական տույժի է ենթարկվել 34 անձ` 900 հազ. դրամի չափով, մինչդեռ անցած տարի տույժի ենթարկվածները 4-ն էին, գումարի չափն էլ եղել է 100 հազ. դրամ: Հաշվի առնելով, որ կլիմայի գլոբալ տաքացման հետ կապված տարեցտարի շատանում են հրդեհները,  հրդեհաշիջման աշխատանքները արագ եւ արդյուավետ կազմակերպելու համար նախատեսվում է Սյունիք  մարզում ստեղծել արտակարգ իրավիճակների վարչության երկու հենակետ:

“Մարզի բնակավայրերը գտնվում են իրարից զգալիորեն հեռավորության վրա եւ հրդեհների դեպքում ինչքան էլ օգնությունը շուտ է հասնում, միեւնույն է, այդ ընթացքում հրդեհը իր գործն անում է, ավելի է դժվարանում հրդեհաշիջումը, վնասը մեծանում է: Այդ նպատակով նախատեսել ենք ստեղծել երկու հենակետ` Մեկը Կապանի տարածաշրջանի Շիկահող, մյուսը` Գորիսի Շինուհայր համայնքներում”, - տեղեկացրեց Սյունիքի փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը:

Նորաստեղծ հենակետերին վարչությունը կապահովի հրշեջ տեխնիկայով ու հանդերձանքով, իսկ աշխատակիցների հարցը կլուծվի միջազգային ծրագրերի աջակցությամբ, քանի որ տեսչության ֆիանսական միջոցները սուղ են: Հանրապետությունում այս փորձն արդեն ներդրվել է Արագածոտնի մարզում, որն իրեն արդարացնում է:
Գոհար Իսախանյան, Կապան

понедельник, 4 июля 2011 г.

Դինո Գոլդը ավելացնում է ոսկու հանքաքարի արդյունահանումը

Առաջիկայում “Դինո գոլդ մայինգ քամփնի” ՓԲԸ-ը կսկսի “Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա մշակում” ծրագիրը, որով խոստանում է ձեռնարկության աշխատողների թիվը 1075-ից հասցնել 1207-ի, իսկ միջին աշխատավարձը դարձնել 260 հազար դրամ: Ծրագիրը նախատեսում է Շահումյանի հանքից տարեկան արդյունահանել ներկայիս 300 հազար տոննայի փոխարեն 600 հազար տ հանքաքար:

Կոմբինատն այսօր աշխատում է իր հզորության 30 տոկոսի չափով: Մինչդեռ այն հնարավարություն ունի մշակելու տարեկան 1 մլն տոննա հանքաքար: Կապանցիների համար օրախնդիր նոր աշխատատեղերի ստեղծումը սական չի կարող մի կողմ թողնել ծրագրի իրականացման հետեւանքով առաջացող բնապահպանական խնդիրները:

“Իրականցվելիք ծրագիրն ունի մի շարք դրական կողմեր, մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հասցվել է նվազագույնի: Հանքաքարի մշակման արդյունքում նոր լցակույտեր չեն նախատեսվում: Առաջացած լցակույտերի 70 տոկոսը վերադարձվելու է հանք, իսկ մնացածն օգտագործվելու է պոչամբարում: Բացի դրանից, մինչեւ այժմ Նորաշենիկ գետ թափվող հանքաջրերի 70 տոկոսն ուղղվելու է պոչամբար, որտեղ մեխանիկական մաքրումից հետո վերադարձվելու է ֆաբրիկա`  որպես շրջանառու ջուր”, - նախագծի հասարակական քննարկման ժամանակ հավաստիացրեցին “Գեոէկոնոմիկա” ՓԲԸ-ը մասնագետները, որոնց կողմից մշակվել է նախագիծը:

Խուստուփ բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանն ձեռնարկության պատասխանատուներին առաջարկեց ստեղծել սեփական տնկարան եւ հաճախակի կատարել ծառատնկման աշխատանքներ: Առաջարկվեց նաեւ Կապան քաղաքի շրջակայքով մեկ, մոտ 3-4 հա-ի վրա կանաչ գոտի ստեղծելու ծրագիր:

“Նկատի ունենալով, որ քաղաքում գործում է հանքարդյունաբերական ձեռնարկություն, ինչն անխուսափելիորեն առաջացնում է մարդկանց առողջության վրա ազդող բնապահպանական խնդիրներ, տարիներ առաջ մշակվել է նման ծրագիր, որը սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: Իսկ կանաչ գոտու առկայությունը շատ ու շատ խնդիրներ կարող է լուծել”, - ասաց նա:
Գոհար Իսախանյան, Կապան