вторник, 21 июня 2011 г.

Պլան չեմ կատարել, մի 3000-անոց ակտ գրեմ

Երբ անցած տարվա ապրիլին վարչական դատարան է դիմել մի կապանցի ավտոտեսուչի կազմած 30-հազարանոց ակտը անվավեր ճանաչելու պահանջով, քչերն էին հավատում, որ խնդիրը կլուծվի օգուտ քաղաքացու: Սակայն դատարանը հայցը բավարարել է: Կապանցի վարորդների համար դա իրադարձություն էր, նրանք հավատացին, որ հնարավոր է իրենց իրավունքները եւս պաշտպանվեն: Սակայն այդ օրվանից մինչ այսօր քիչ բան է փոխվել: Նորից նույն կամայականությունները, նույն անտեղի տուգանքները շարունակվում են ավտոտեսուչների կողմից:

“Ամեն անգամ, երբ գյուղից քաղաք եմ գալիս տղայիս տուն թոռներիս տեսնելու, որտեղ էլ մեքենաս կանգնեցնում եմ, մեկ է, տեսուչը գալիս ու 3 հազար դրամ է ուզում, ասելով` մեքենադ սխալ տեղ ես կանգնեցրել: Իսկ երբ հարցնում եմ` բա էսքան մեքենաներ, որ կանգնած են, ասում է` դա քո գործը չէ: Էլ սովորություն եմ  դարձրել, հենց գալիս եմ, ինքս եմ, ավտոտեսուչին կանչում ու նրա “հասանելիքը” տալիս, - պատմում է 68-ամյա Հարությունը:

Կապանում արդեն սովորական է դարձել, երբ ավտոտեսուչը կանգնեցնում է մեքենան եւ խախտում չկատարած վարորդին ասում. “Պլան չեմ կատարել, մի 3 հազարանոց ակտ գրեմ, տար մուծի”: Վարորդներն էլ զզվանքով, սակայն կեղծ ժպիտով համաձայնվում են: “Այս երեւույթը, բնորոշ է միայն մարզերին, մայրաքաղաքում նման բան չկա, սակայն չեմ բացառում, որ Երեւանում եւս անտեղի տուգանքներ լինում են” - ասում է “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, ով Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում կազմակերպել էր սեմինար` “ՀՀ Սյունիքի մարզի ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը” թեմայով:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին այն  խնդիրները, որոնք հաճախակի առաջանում են վարորդ-տեսուչ հարաբերությունների ժամանակ: Կարեւորվեց ճանապարհային երթեւեկության կանոնների եւ օրենսդրության իմացության մակարդակի բարձրացումը թե վարորդներիմ, եւ թե ավտոտեսուչների կողմից:

“Դեռեւս մարզի վարորդներից բողոքներ չենք ստացել, որոնք պարունակեն կոռուպցիոն տարրեր, սակայն ակնհայտ է, որ այս ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր եւ հնարավորինս դրանք բացառելը կարեւորում եմ”, - ասաց Սյունիքի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային մասնաճյուղի պատասխանատու Արշավիր Խալափյանը:

Սեմինարի ընթացքում ճանապարհային ոստիկանությանն ուղղված բազմաթիվ բողոքներից բացի, նշվեց նաեւ, այս ոլորտում վերջին երկու տարում, այնուամենայնիվ, որոշ դրական փոփոխություններ կատարվել են, ընդունվել են ենթաօրենսդրական մի շարք ակտեր, հատկապես վերջին շրջանում: “Արդեն հասել ենք նրան, որ հաշվառման, քննական բաժանմունքներն այլեւս կաշառք չեն վերցնում: Պետական նախատեսված մուծումներից բացի այլ գումարներ չեն պահանջում”, - ասաց Է. Հովհաննիսյանը:
Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий