вторник, 14 июня 2011 г.

Կապանցին դեռ կարողանում է գնահատել արժեքավորը

Դասական երաժշտության համերգները, ի տարբերություն հայ էստրադայի “աստղերի” շոուների, Կապանում սովորաբար անցնում են կիսալեցուն դահլիճներում: Չնայած նման համերգների մուտքը միշտ ազատ է լինում, հոգսաշատ կապանցիներից քչերն են նախընտրում երեկոյան ժամերը տրամադրել դասական երաժշտությանը: Սակայն այս անգամ այլ էր: Կապանի երաժշտական քոլեջի դահլիճում Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն էր:

Հանդիսականներով համեմատաբար լեցուն դահլիճը երաժշտական խմբի կատարումներն ունկնդրում էր քար լռությամբ, իսկ վերջում` արժանացնում բուռն ծափերի:

Հնչեցին Բրամսի, Բախի, Ա.Բաբաջանյանի, Էդ.Միրզոյանի, Ա.Խաչատրյանի եւ այլոց ստեղծագործությունները: “Մեծ պատիվ է մեզ` կապանցիներիս համար հյուրընկալել նման տաղանդավոր երաժիշտների ու հնարավորություն ունենալ ունկնդրելու բարձրաճաշակ երաժշտություն` փայլուն կատարողականությամբ”, - համերգի վերջում շնորհակալություն հայտնելով երաժիշտներին ասաց Կապանի արվեստի քոլեջի տնօրեն Լիաննա Հակոբյանը: Իսկ համերգը կազմակերպել էր Կապանի արվեստի քոլեջը եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը:

“Վաղուց նման հաճույք չէի ստացել: Ուրախ եմ, որ Կապանում կա հնարավորություն` ունկնդիրը դառնալու դասական երաժշտության գոհարների: Հպարտությամբ նկատել եմ, որ դահլիճում քիչ չեն երիտասարդները: Իսկ դա խոսում է այն մասին, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ կապանցին կարողացել ու կարողանում է գնահատել արժեքավորը”, - ասում է տիկին Ռամելան եւ խոստովանում, որ զբաղվածության պատճառով միշտ չէ, որ կարողանում է հաճախել համերգներ:

Օգտվելով առիթից, երաժշտական քոլեջի տնօրինությունը համերգի հաջորդ օրը կազմակերպեց Ա.Խաչատրյանի անվան տրիոյի ու քոլեջի ուսանողների հանդիպումը, որի ընթացքում այս անգամ կայացասծ երաժիշտները ունկնդրեցին ուսանողների կատարումները, իսկ վերջում նրանց փոխանցեցին իրենց մասնագիտական խորհուրդները:
Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий