четверг, 30 июня 2011 г.

Ղավրուման դարձել է 17 հոգու թունավորման պատճառ

Երեք օր առաջ Արտաշատի թիվ 2 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի էքսկուրսիան դեպի Տաթեւ լավ ավարտ չունեցավ: Տունդարձի ճանապարհին, կեսօրից հետո կտրուկ վատացել է բոլորի ինքնազգացողությունը, եւ նրանց թունավորման ախտանիշներով անմիջապես տեղափոխել են Գորիսի Յոլյանի անվան հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք:

“Թունավորվածները 17 հոգի են, որոնցից 2-ը երեխաներ են: Հոսպիտալացնելու պահին նրանցից շատերի վիճակը եղել է ծանր, մեկն անգամ անգիտակից, միայն 4 հոգու ինքնազգացողություն է բավարար եղել, սակայն նրանց նկատմամբ էլ ապահովության համար իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ: Ձեռնարկված բոլոր հնարավոր միջոցների արդյունքում նույն օրը ուշ երեկոյան արդեն բոլորը դուր են եկել այդ վիճակից”, - ասում է հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը:

Ըստ բժշկի, թունավորվածների կյանքին արդեն վտանգ չի սպառնում, նրանց առողջական վիճակը բավարար է: Հնարավոր է մոտ ժամանակներս դուրս գրվեն հիվանդանոցից եւ բուժումը շարունակեն ամբուլատոր պայմաններում:

Մարզի սանիտարական գլխավոր բժիշկ Լենա Մալինցյանը բացառում է, որ թունավորման պատճառ կարող է լինել ջուրը: “Թունավորվածներն  օգտագործել են Տաթեւի եւ “Եղեւնուտ” հյուրանոցի ջուրը, որտեղ գիշերել են: Սակայն այդ ջրից օգտվել են շատ ուրիշներ եւս: Եվ ջուրը վարակի աղբյուր լինել չի կարող: Մեր ուսումնասիրություններով, հավանաբար թունավորման պատճառ է հանդիսացել ղավուրման, որից բոլորն են օգտվել: Այն իրենց հետ տուժողներն էին բերել Արտաշատից եւ  ավելի քան 12 ժամ մնացել էր առանց սառնարանի` արեւի տակ”, - ասում է Լ.Մալինցյանը:

Առայժմ սննդի մնացորդների փորձանմուշներն ուղարկվել են  հետազոտության, որի արդյունքները պարզ կլինեն 2-3 օրից: Իսկ կասկածելի ղավուրման պատրաստել էր էքսկուրսիայի մասնակցի կանանցից մեկը` Տաթեւ գալու նախորդ օրը:
 Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий