понедельник, 20 июня 2011 г.

Շուրջօրյա ջրամատակարարում Գորիսում


Տարիներ շարունակ օրական մեկ կամ երկու ժամ ջուր ստանալուց հոգնած գորիսեցին վերջապես ապահովվեց շուրջօրյա ջրամատակարարմամբ: Այս իրադարձությունը իսկական տոնի է վերածվել քաղաքի Մխիթար Սպարապետի անվան հրապարակում: Այստեղ հավաքված գորիսեցիներին շնորհավորանքի խոսքեր են ասել Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանը, “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը եւ ուրիշներ: Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է բացօթյա տոնական համերգով:

Գորիսը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու աշխատանքները Հայջրմուղկոյուղին քաղաքում սկսել է դեռեւս 2008թ-ից` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացնելով երկու խոշոր ծրագիր` 760 մլն դրամ ընդհանուր արժեքով: Փոխվել է քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 40 տոկոսը, ինչը վերացրել է ջրի կորուստները: Ներկայումս, դարձյալ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, նմանատիպ ծրագրեր են իրականացվում մարզկենտրոն Կապանում եւ Ագարակ քաղաքում: Ծրագրերի ավարտին մարզի այս քաղաքները եւս կունենան շուրջօրյա ջրամատակարարում:

Զարմանալի է, որ 2004թ-ից “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած ֆրանսիական SAUR կազմակերպությունը առաջին անգամն է, որ նման խոշոր ծրագրեր է իրականացնում Սյունիքում, չնայած մարզում ջրամատակարարումը միշտ էլ անմխիթար վիճակում է եղել: Ի դեպ, SAUR-ի կառավարման ժամկետը լրանցում է այս տարվա հոկտեմբերին եւ ընկերությունը բանակցություններ է վարում կառավարության հետ այն երկարաձգելու մինչեւ 2014թ-ը, որի ընթացքում խոստանում է ոչ միայն շուրջօրյա ջրամատակարարում, այլ նաեւ` որակյալ ջուր: Իսկ Կապանի քաղաքապետարանը, հաշվի առնելով բնակիչների դժգոհությունները, միջոցներ է ձեռնարկում քաղաքի ջրամատակարարումը համայնքային ենթակայության դարձնելու համար: Սրա նախադեպը կա Քաջարանում, որտեղ ջրամատակարարման գործընթացում այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք առաջանում են Կապանում, չեն լինում:
Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий