четверг, 30 июня 2011 г.

Կապանում կբացվի ռուսական գիմնազիա

Հունիսի 28-30-ը Սյունիք կատարած եռօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վ.Ե.Կովալենկոն եւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստորագրել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի  Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ:

Նախնական պայմանավորվածությամբ գիմնազիան կսկսի գործել եկող ուստարվանից: Որպես տարածք նախատեսված է տրամադրել քաղաքի Ձորք թաղամասի թիվ 13 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը:

Լինելով դպրոցում, դեսպանը ծանոթացավ պայմաններին: Նրա խոսքով, տարածքը գոհացուցիչ է, այստեղ կկատարվեն նորոգման աշխատանքներ, կտեղադրվեն համակարգչային տեխնիկա, գույք, կահույք:

“Ես համոզված եմ, որ Հայաստանում ինչքան շատ երեխաներ տիրապետեն լեզուներ, ծանոթ լինեն աշխարհի ժողովուրդների մշակույթին, գիտությանը, այնքան նրանք հարուստ կլինեն ու այնքան շատ օգուտ կտան իրենց հայրենիքին”, - ասաց դեսպանը:

ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի սյունիքյան այցի ընթացքում ստորագրվել է նաեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության համաձայնագիր` “Մեր բարեկամությունն ու համագործակցությունը գրավականն են այն դժվարությունների հաղթահարման , որոնք կան մեր երկրների միջեւ: Եվ եթե լինենք միասին, մեզ երբեք ու ոչ ոք չի կարող հաղթել: Դրանում համոզվելու համար պետք է հիշել մեր երկու ժողովուրդների պատմությունը”, - ասաց դեսպանը:
Գոհար Իսախանյան, Կապան

Комментариев нет:

Отправить комментарий