вторник, 28 июня 2011 г.

Սա եղեռն է սեփական ժողովրդի դեմ

Որ կառավարության այս տարվա ապրիլի 28-ի N 627-Ն որոշմամբ իրենց գյուղը ճանաչվել է գերակա հանրային շահ եւ որոշվել է փոփոխել հողերի նպատակային նշանակությունը, ասել է թե` վերաբնակեցնել գյուղը, Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանն իմացել է պատահականորեն` ինտերնետից:

Նրան այդ մասին չեն տեղեկացրել ոչ հարազատ կառավարությունից եւ ոչ էլ տարածքների ձեռքբերման իրավունքը վաստակած  “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ից: Ի դեպ` կառավարության վերոնշյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Քաջարան գյուղին, այլեւ տարածաշրջանի եւս 5` Արծվանիկ Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք համայնքներին: Եթե Քաջարանը հարակից է կոմբինատին, ապա վերջին հինգ գյուղերի վարչական տարածքում եւ հարեւանությամբ գտնվում է կոմբինատի հսկա թափուկատարը:

Կառավարության այս որոշումը ցնցել է քաջարանցիներին: “Ո՞ւր գնանք, այստեղ մեր պապերի, մեր ծնողների գերեզմաններն են, այստեղ մեր հողն ու ջուրն է, մեր տունն է: Եթե անգամ մայրաքաղաքում` Վահագնի թաղամասում, մեզ ապահովեն տներով, ո՞նց կարող են մեր թոշակառու գյուղացիներն այնտեղ ապրել` ընդամենը 30 հազար դրամ թոշակով”, - ասում է գյուղապետը:

Քաջարան գյուղը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերից մեկում` ծովի մակերեւույթից 2040 մ բարձրության վրա: Այն բարձրադիր, սահմանամերձ գյուղ է, որից մինչեւ Նախիջեւանի սահմանն ընդամենը 4-5 կմ է: Գյուղն ունի 131 ընտանիք` 240 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունն են:

“Բնակչության զգալի մասը կենսաթոշակառուներ են` կոմբինատի նախկին աշխատակիցներ: Գյուղում են ապրում նաեւ մինչ 18 տարեկան 40 երեխաներ: Գյուղը դպրոց ու մանկապարտեզ չունի, երեխաները ուսում են ստանում հարեւան Քաջարան քաղաքի դպրոցներում, ուր նրանց ամեն առավոտ տեղափոխում են ավտոբուսներով: 131 ընտանիքներն էլ մրգով, բանջարեղենով, կաթնամթերքով, մեղրով, մսով եւ այլ մթերքներով օգնում են իրենց քաղաքում բնակվող երեխաների մինչեւ 2-3 ընտանիքների: Կարելի է ասել, այդ ընտանիքների հիմնական կերակրող ձեռքը մեր գյուղացիներն են”, - պատմում է գյուղապետը:

Կառավարության որոշման մասին իմանալուց հետո շուրջ 600 քաջարանցիներ նամակներով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, սակայն ոչ մի բավարարող պատասխան չեն ստացել:

“Ասում են 100 աշխատատեղ է բացվելու կոմբինատում, բա 1000 հոգու էլ սովա՞ծ են թողնում: Իրենք ունեն 400-500 տարվա պաշար, թող վայելեն, մեզանից ինչի՞ են խլում մեր տունը: Մեծ խոստումներ են տալիս, բայց համոզված ենք, ոչինչ էլ չեն անելու: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ: Այսօրվանից էլ գյուղում ստորագրահավաք է սկսվել: Ո՞ւր գնան, որտե՞ղ ապրեն: Թվում է, թե վերջն է սա, իսկական եղեռն է սեփական ժողովրդի դեմ”, - վրդովվում է  գյուղապետը:

Այս հարցում վճռական են տրամադրված քաջարանցիները: Հունիսի սկզբներին գյուղացիները հետ են տվել աշխատանքներ իրականացնելու նպատակով գյուղ մտած տեխնիկային, իսկ դրանից առաջ էլ գյուղից հեռացրել են կոմբինատի մարկշեյդերին:

Խնդրի վերաբերյալ քննարկում է կազմակերպել “Ազատամարտ” կոմիտեն եւ “Կապանի տարածաշրջանի զարգացման” հիմնադրամը: Այստեղ հնչեցրած տեսակետները շատ էին, իսկ ամենակարեւորը հարցը որ առանձնացվեց եւ որին ընթացք պետք է տրվի այն է` ինչո՞ւ հանրապետության թիվ 1 հարկատուն` “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն իր ծրագրերը հանրային քննարկման չի ներկայացնում, որը օրենքի պահանջն է:

Ի դեպ, նման նախաձեռնությամբ մարզի 4 հանքարդյունաբերական ձեռնարկություններից հանդես է գալիս միայն “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ-ը: “Մոռանում են, որ ընդերքը ժողովրդի հարստությունն ու սեփականությունն է, եւ իրենք ժամանակավոր են”, - ասում է “Ազատամարտ” կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:
Գոհար Իսախանյան. Կապան

Комментариев нет:

Отправить комментарий