Գազի անվտանգության ձայնաազդանշանային սարքերի տեղադրումը բնակարաններում ամենեւին էլ բարեհաճորեն չընդունվեց կապանցիների կողմից: Մեկը բողոքում էր, թե սարքն իզուր էլեկտրաէներգիա է խլում, մյուսը, թե տեղադրելիս նորոգած տունս փչացնում են, երրորդը սարքը միացնելու համար ազատ վարդակ չունի եւ այլն: Սակայն, բոլոր հարցերը մի կողմ թողնելով բնակիչները ստիպված համաձայնվեցին, քանի որ սարքի տեղադրումը պարտադիր էր ու այն չունենալու դեպքում բնակարանը գազազրկվում էր: Իսկ այսօր բոլո՞ր բնակիչներն են թողնում, որ սարքն աշխատի շուրջօրյա: “Ո՞վ ա իմանում, օրական 1-2 ժամ կամ միացնում եմ, կամ չեմ միացնում: Նախկինում որ չի եղել, գազ չե՞նք օգտագործել”, - արդարանում է 28-ամյա տնային տնտեսուհի Լիլիթը:
“Այս գործում կարեւոր է բացատրական աշխատանքը: Եթե քաղաքացուն բացատրում ես, թե ինչ նշանակություն ունի սարքը եւ հնարավոր է, որ այն մահից փրկի ողջ ընտանիքը, շատերը հասկանում ու ընդունում են”, - ասում է “Էյ ի Ջի Սերվիս” ՍՊԸ տնօրեն Գառնիկ Հակոբյանը: Ընկերությունը մարզում իրականցնում է գազի բաժանորդների անվտանգությանն ուղղված աշխատանքներ` հաշվիչից մինչեւ գազի սարքն ընկած հատվածում: Սյունիքում գազի անվտանգության ձայնաազդանշանային սարքեր արդեն ունեն 20 հազ. 511 բաժանորդ: Կան այսպես կոչված “փակ դռներ”, որտեղ եւս աշխատանքներ են իրականացվում անվտանգության սարքեր տեղադրելու համար: Նման բաժանորդները կազմում են 15 տոկոս: Տնօրենը հավաստիացնում է, որ իրենց աշխատողներն ապահովված են եւ տեխնիկայով, եւ արտահագուստով: “Եթե մեր փականագործը ներկայանում է բաժանորդին ոչ պատշաճ տեսքով` առանց սափրվելու, առանց կրծքանշանի կամ անձնական քարտի, բնակիչն իրավունք ունի դուռը չբացելու եւ նրան ներս չթողնելու: Հնարավոր է մեր փականագործի անվան տակ հանցագործը մուտ գործի բնակարան”, - ասում է ընկերության տնօրենը: Բարեբախտաբար, մինչ այսօր նման դեպք մարզում չի եղել: Սյունիքում խնդիր է այն, որ օգտագործվող գազի սարքավորումների 60-70 տոկոսը 20-30 տարվա վաղեմություն ունի, եւ դրանցից շատերն արդեն պիտանի չեն օգտագործման համար: Սակայն, ելնելով բնակիչների սոցիալական վիճակից, ընկերության աշխատակիցները բնակիչներին չեն պարտադրում դրանք փոխարինել նորերով, այլ պարզապես ուժեղացնում է հսկողությունը, հաճախակի դարձնում այցելությունները: 2007-2008թթ. մարզում արձանագրվել է գազի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում 3 մահվան դեպք: Դրանից հետո մահացու ելքով դժբախտ դեպքեր չեն եղել: Արձանագրվել է միայն թունավորման 2 դեպք:
Գոհար Իսախանյան, Կապան
Комментариев нет:
Отправить комментарий